«Քձիբ» տղամարդու իմ կողքին չեմ հանդուրժի. Աննա Խաչատրյան
12/05/2014 20:12

«Քձիբ» տղամարդու իմ կողքին չեմ հանդուրժի. Աննա Խաչատրյան

Life.panorama.am-ը զրուցել է երգչուհի Աննա Խաչատրյանի հետ:

-Դուք՝ արդեն որպես փորձառու երգչուհի, կարո՞ղ եք ասել՝ ինչպիսին էր հայկական երգարվեստը շուրջ 10 տարի առաջ և ինչպիսի՞ն է այն հիմա:

-Կարծում եմ՝ տասը տարի առաջ իրավիճակն ավելի լավ էր: Հիմա անորակ երաժտությունը գերակշռող է: Այնուամենայնիվ, այս պայմաններում վատի ու լավի տարբերությունն ավելի ցայտուն է երևում:

-Արդի երգարվեստի ոլորտում բազում «նորելուկների» կողքին ստացվու՞մ է գոյատևել:

-Առհասարակ, երգարվեստ ներխուժելն ավելի հեշտ է, քան այնտեղ մնալը: Միշտ էլ գտնվում են մարդիկ, ովքեր ցանկանում եմ գրավել քո տեղը: Այս ոլորտը նման է մի մեծ գրապահարանի, որտեղ ամեն գիրք իր տեղն ունի և ամեն վայրկյան կարող է քո տեղն ուրիշ մեկը զբաղեցնել: Կարծում եմ՝ դեռևս ոչ ոքի մինչև այս պահը չի հաջողվել ինձ իմ «դարակից գցել»:

-Դուք այն երգչուհիներից եք, ովքեր մշտապես հավատարիմ են իրենց ոճին. խոսքը վերաբերում է նաև արտաքինին. այնուամենայնիվ, չե՞ք կարծում, որ արտիստը երբեմն պետք է որոշ փոփոխությունների գնա:

-Չեմ կարծում. եթե ես նայում եմ հայելու մեջ և ինքս ինձ դուր եմ գալիս, փոփոխություն կատարելու ոչ մի ցանկություն չեմ ունենում: Կարծում եմ՝ դեռ կգա ժամանակը, երբ կուզենամ որևէ փոփոխության գնալ:

-Լեզվաբանի ձեր մասնագիտությունը երբևէ կիրառե՞լ եք:

-Այդ մասնագիտությամբ չեմ աշխատել, բայց այն ինձ մշտապես օգնել է: Երբ, օրինակ, մեկնել եմ արտերկիր, լեզվի իմացությունն ինձ փրկել է:

-Հիմա որտե՞ղ եք աշախատում:

-Երկար տարիներ է՝ աշխատում եմ երևանյան ռեստորաններից մեկում:

- Երգարվեստի հետ կապված ի՞նչ նպատակ ունեք, որ դեռ չեք իրականացրել:

-Երևի յուրաքանչյուր երգչուհի, ով հայտնվում է այս ոլորտում, ունի իր առաքելությունը: Հայաստանում երգի շուկան շատ փոքր է. երգիչները շատ են, լսարանը՝ փոքր, հետևաբար արտիստի մոտ կարող է չռեալիզացված էներգիայի կուտակում լինել: Սակայն, կարծում եմ, ժամանակի ընթացքում ամեն բան իր տեղը կընկնի:

-Առաջիկայում ի՞նչ նորություններ ունեք ձեր երկրպագուների համար.գուցե նոր ե՞րգ կամ՝ տեսահոլովա՞կ:

-Երգեր շատ ունեմ. դրանք նոր չեն գրվել, հին, բայց ծանոթ գործեր են՝ իմ վերամշակմամբ: Տեսահոլովակ կարծում եմ կլինի, պարզապես դեռ չեմ որոշել՝ որ երգի հիման վրա:

-Դուք հանդես եք եկել տարբեր ժանրերում՝ ռոք, փոփ, ֆոլկ, դրանցից ո՞րն է ձեզ ամենահոգեհարազատը:

-Ինձ համար կա լավ ու վատ, որակյալ ու անորակ երաժշտություն, իսկ ժանրը կարևոր չէ:

-Երգչուհու լինելուց առաջ նախ եւ առաջ կին եք. ո՞րն է կնոջ ձեր տեսակը, կարո՞ղ եք բնութագրել:

-Ես ինձ որպես անհատականություն կարող եմ բնութագրել. լավ ընկեր եմ: Կարծում եմ՝ կին-տղամարդ հարաբերություններում էլ լավ ընկեր կլինեմ, նաև՝ հավատարիմ կին:

-Իսկ ինչպիսի՞ տղամարդու չեք հանդուրժի ձեր կողքին:

-Մի լավ բառ կա՝ «քձիբ», (ծիծաղում է ): Ինքս բաց ձեռք ունեմ, ինձ հարազատ մարդու համար ոչինչ չեմ խնայի, իսկ երբ տղամարդն է փակ ձեռք ունենում, դա ինձ համար անընդունելի է:

-Ո՞րն է առաջիկայի ձեր երազանքը կամ նպատակը:

-Եթե ես ինչ որ բան որոշում եմ, թեկուզ՝ դանդաղ, բայց հաստատուն քայլերով գնում եմ դեպի այն կետը, որին ձգտում եմ. դա կարող է լինել չնչին ինչ որ բան, որն ինձ կուրախացնի: Իսկ մեծ երազանքների մասին կգերադասեմ լռել:
 

«Քձիբ» տղամարդու իմ կողքին չեմ հանդուրժի. Աննա Խաչատրյան