.jpg)
Ֆրանսիացի ներդրողներին Հայաստանը պատրաստ է հավելյալ ուշադրություն տրամադրել
Այսօր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը մասնակցեցին հայ-ֆրանսիական համաժողովի աշխատանքներին: Համաժողովի ժամանակ ֆրանսիական կողմից հարց ուղղվեց ՀՀ Նախագահին, որը մասնավորապես վերաբերում էր Հայաստանի անդամակցությանը ՄՄ-ին, որի շրջանակներում օրենսդրական պայմաններ են անհրաժեշտ, որ ֆրանսիացի ներդրողները շահագրգռված լինեն և ներդրումներ կատարեն Հայաստանում:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ Հայաստանի ներդրումային միջավայր գրավիչ է. ՄՄ-ին անդամակցելիս՝ կբացի 200 մլն-անոց շուկան:
ՄՄ-ն անդամների հանդեպ 30 տոկոսանոց զեղչ է կիրառում վառելքի, գազի, բենզինի համար. «Մենք հասկանում ենք, որ Հայաստանի գրավչությունը կարող է բարձրանալ, եթե կարողանանք շուկայի սահմանափակումները վերացնել, և մեծ շուկաներից կտրվածության վերջը տալ. ՄՄ անդամակցությունը հենց այդպիսի խնդիրներ է լուծում»,- շեշտեց ՀՀ Նախագահը:
Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ ՄՄ անդամակցությունը կարող է խոչընդոտել ներդրումային պրոցեսին, որոշակի հումքերի վրա կիրառվի լրացուցիչ մաքսային տուրք, ապա «հիմնական ապրանքատեսակների մասով ունենք պայմանվորվածություններ, ՀՀ կառավարությունը ունի գործիքներ, որ խրախուսի ներդրողին, եթե որոշակի փոփոխություններ լինեն՝ կապված հումքի ներմուծման հետ»:
Սերժ Սարգսյանը մասնավորապես խոսեց պղնձաձուլարանի կառուցման շուրջ՝ նշելով, որ դա խոշոր ծրագիր է, նկատի ունենալով այն, որ սեպտեմբերին արդեն Հայաստանը արտադրելու է 80-100 հազար տոննա պղնձի խտանյութ, որը վերամշկման կարիք ունի, իսկ ֆրանսիացի գործարարների համար Հայաստանը պատրաստ է հավելյալ ուշադրություն տրամադրել: