.jpg)
Շ. Քոչարյան. Ադրբեջանը ցանկանում է հրաժարվել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափից
«Կա Մադրիդյան փաստաթուղթ, որը կողմերն ընդունել են որպես հիմք բանակցությունների համար, այլ ոչ թե ընդունել են բոլոր այն սկզբունքները, որոնք այնտեղ նշված են: Որպեսզի բանակցություններում լինի առաջընթաց, անհրաժեշտ է համապատասխան մոտեցում բոլոր կողմերից: Տվյալ պարագայում Ադրբեջանի դիրքորոշումը թույլ չի տալիս առաջընթաց բանակցություններում»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը և հարցին, թե արդյոք իրեն չի մտահոգում այդ հայտարարության մեջ որոշ արտահայտությունների առկայությունը:
Անդրադառնալով հայտարարության՝ «Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները շարունակում են օկուպացված մնալ» ձևակերպմանն ու ԼՂ ստատուս-քվոյին` Շ. Քոչարյանն ընդամենն ասաց, որ սրանք երկու ամենասուր կետերն են, որի շուրջ ակնհայտ է, որ կա անհամաձայնություն, ինչն էլ մատնանշում են համանախագահները.
«Այդ երկուսի շուրջ կա անհամաձայնություն և ըստ համանախագահների` դա առաջընթաց չի արձանագրել» ,- նշեց նա:
Ակնհայտ է, շարունակեց խոսքը ԱԳ փոխնախարարը, որ Ադրբեջանը ցանկանում է հրաժարվել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափից և այն պարզ պատճառով, որ այդ ձևաչափը զսպաշապիկ է ու շատ լավ գիտի հակամարտության նախապատմությունը:
«Բացի այս, ձևաչափում ընգրկված են երեք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ պետություններ` ՌԴ , ԱՄՆ, Ֆրանսիա և բոլոր հայտարարությունները հստակ ասում են մեկ բանի մասին` խաղաղ կարգավորում: Հայտարարություններից մեկում, որը հասցեագրված էր Ադրբեջանին, ասվել է, որ այլ հետևանքներ, որոնք այսօր կան` մարդկային զոհեր, ավերածություններ և այլն, ուժային կարգավորման արդյունք են և նոր ուժի կիրառումը կբերի նոր ավերածությունների ու զրկանքների: Հետևաբար այդ ձևաչափն ունի երկու առաքելություն` նպաստելու, որ կողմերը կարողանան հասնել փոխզիջումների վրա համաձայնության և թույլ չտալ, որ այն փխրուն զինադադարը, որի 20-ամյակն է և որի կապակցությամբ էլ համանախագահները հայտարարություն են արել, ընդհատվի և վերածվի ռազմական գործողությունների»,- մանրամասնեց ԱԳ փոխնախարարը: