.jpg)
Արդարացվել է հասարակ մետաղը ոսկու փոխարեն վաճառելու մեղադրանքով
Aysor.am-ի շարքը` «Օրենքի զոհերը», այն մարդկանց մասին է, ովքեր մեղադրվելուց հետո պայքարել ու արդարացման վճիռ են լսել:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը արդարացրել է որևէ թանկարժեք մետաղ չպարունակող և արժեք չներկայացնող մետաղի ձուլակտորները ոսկու առուվաճառքով զբաղվողին վաճառելու նպատակադրության մեջ մեղադրվող Սիրանուշ Ավետիսյանին: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Գործի նախապատմությունը
Ըստ 32-ամյա Ս. Ավետիսյանին առաջադրված մեղադրանքի՝ նա քննությամբ չպարզված ժամանակ և հանգամանքներում ձեռք է բերել ընդհանուր 132.754 գրամ քաշով, իր բաղադրության մեջ որևէ թանկարժեք մետաղ չպարունակող և արժեք չներկայացնող մետաղի ձուլակտորներ, ապա՝ նպատակադրվել է հիշյալ ձուլակտորները վաճառել ոսկու առուվաճառքով զբաղվող Լիդա Հայրապետյանին ու այդ կարպ՝ խարդախությամբ հափշտակել վերջինիս գումարները։
Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Սիրանուշ Ավետիսյանն իրեն մեղավոր չի ճանաչել և դատաքննության փուլում ցուցմունք է տվել, որ 2007թ. ամուսնացել է ունի մեկ մանկահասակ երեխա, որը գտնվում է իր խնամքին: 2009թ. ամուսնալուծվել է և այդ ժամանակվանից երեխայի հետ բնակվում է միայնակ:
Ամուսնալուծվելու պատճառով իր և հարազատների հարաբերություները վատացել են և ինքը միայն հույսը դրել է իր վրա: Ամուսնալուծվելուց հետո իրեն էր մնացել իր օժիտը և մի քանի զարդեր: Այդ զարդերը ինքը վաճառել է: Վաճառված գույքի գումարին ավելացրել է իր խնայողություները և ցանկացել է ոսկե զարդ գնել: 2011թ. մայիս ամսին գնացել է ոսկու շուկա, որպեսզի գնի ոսկյա շղթա, սակայն այնտեղ ոսկին շատ թանկ է եղել և իրեն խորհուրդ են տվել, որ ոսկին գնի «վերնիսաժից»:
Ինքը գնացել է «վերնիսաժ» տոնավաճառ և պատահական անձից գնել է ոսկյա շղթա, որը կազմված է եղել տարբեր կտորներից, իրար միացված են եղել օղակներով: Զարդը գնելուց առաջ վաճառողը այն ինչ որ բանով ստուգել է և իրեն ցույց է տվել զարդի վրա առկա ոսկու հարգի վերաբերյալ դրոշմակնիքը: Այդ ժամանակ ինքը համոզվել է, որ զարդը ոսկի է: Գինը սակարկելուց հետո վաճառողին առաջարկել է 2000 ԱՄՆ դոլար և գնել է զարդը: 2011թ. վերջին 2012թ. հունվար ամսին իր ֆինանսական վիճակը վատացել է:
Մինչ այդ կատարել է տարբեր աշխատանքներ` աշխատել է հավաքարար, երեխաների հետ պարապել է նկարչություն, գործել և վաճառել է գոբելեն գորգեր: 2012թ սկզբին կուտակվել են շատ պարտքեր: Դրանից մեկ տարի առաջ ինքը Բաղրամյան փողոցում գտնվող Լիդա Հայրապետյանի ոսկյա զարդերի խանութում մի քանի անգամ վաճառել էր իր արծաթյա իրերը և որոշել է իր գնած ոսկյա շղթայից մի քանի դետալ վաճառել և իր առաջնահերթ պարտքերը վճարել:
Փետրվար ամսին գնացել է և Լիդա Հայրապետյանին առաջարկել է այդ զարդերի դետալները: Լիդան համաձայնվել է դրանք գնել որպես ջարդոն և խանութում գտնվող ոսկերիչը հատուկ նյութերի միջոցով ստուգել է ոսկին և գնել: Ոսկու դիմաց վճարել են 342 ԱՄՆ դոլար: Նա ոսկին գնել է Լիդայի առաջարկած գնով: Լիդան խնդրել է որևէ տվյալ թողնի, քանի որ անձնագիրը իր մոտ չի եղել, ինքը թողել է իր բջջային հեռախոսահամարը: Մի քանի օր անց դարձյալ գնացել է Լիդայի խանութ և իր զարդից մի քանի կտոր նորից վաճառել է: Դրանից մի քանի օր անց Լիդան զանգահարել է իր հեռախոսահամարին և դարձյալ ոսկի գնելու առաջարկ է արել:
Մարտի 7-ին գնացել է Լիդայի խանութ իր հետ տարել է անձնագրի պատճենը, սակայն այդ օրը գործարքը չի կայացել: Այնտեղ եղել են ոստիկանության աշխատակիցները և իրեն տարել են ոստիկանության բաժին: Այնտեղ իրեն պահել են մինչև ուշ գիշեր և վերաբերվել են որպես հանցագործի: Ս. Ավետիսյանը միաժամանակ նշել է, որ ինքը ոսկերիչ չէ և չի տարբերում ոսկին սովորական մետաղից, բացի այդ չի կարող ոսկին ստուգել համապատասխան նյութերով և հավատացել է վաճառողին, քանի որ նա ցույց է տվել ոսկու հարգի վերաբերյալ դաջվածքները: Բացի այդ, ոսկին գնելիս Լիդան իր խանութում ոսկերիչի միջոցով և հատուկ նյութով ստուգել է ոսկու ձուլակտորներից մեկը: Ամբաստանյալը նշել է, որ ինքը Լիդային ներկայացել է որպես Նարինե, քանի որ իր մտերիմները իրեն կոչել են նաև Անուշիկ կամ Նանո: Ինքը նշել է որ Լիդան լինելով ոսկու մասնագետ չի կարողացել տարբերել, հետևաբար, ինքն ինչպես պետք տարբերեր:
Ամբաստանյալը միաժամանակ նշել է, որ ոսկե զարդը գնելիս ինքը նույնպես խաբվել է: Եթե մի փոքր անգամ կասկած ունենար որ զարդը ոսկուց չէ, ապա չէր գնա մասնագիտացված խանութ, այն էլ մի քանի անգամ, չէր թողնի իր հեռախոսի համարը, կփորձեր քողարկել դեմքը կամ այն կվաճառեր տոնավաճառում ` պատահական անձանց: Ինչ վերաբերվում է այն հանգամանքին, որ ՙվերնիսաժ՚ տոնավաճառում ոսկյա իրեր չեն վաճառվում, ապա դա իրականությանը չի համապատասխանում: Նախաքննության ընթացքում քննիչները ոչինչ չեն արել ոսկին կեղծողին հայտնաբերելու համար և այս գործով տուժել է նաև ինքը:
Գործով տուժող Լիդա Հայրապետյանը դատաքննության փուլում ցուցմուք է տվել, որ Բաղրամյան պողոտայում ունի սեփական խանութ, զբաղվում է ապրանքների վաճառքով: Խանութում փակցված է ցուցանակ ոսկի գնելու վերաբերյալ: 2012թ. փետրվար ամսվա վերջերին իր խանութ է այցելել Սիրանուշ Ավետիսյանը, ով ներկայացել է Նարինե անունով և առաջարկել է գնել սպիտակ ոսկյա զարդի մասնատված ձուլակտորներ: Այդ ձուլակտորները ոսկերիչի կողմից ստուգվել է հատուկ հեղուկով և այն տվել է դրական արդյունք և ձուլակտորներից մեկի վրա տեսնելով հարգի վերաբերյալ դրոշմակնիք, համաձայնվել է ձուլակտորները գնել:
Պայմանավորվելուց հետո ինքը նշված ձուլակտորների 1 գրամի համար վճարել է 24 ԱՄՆ դոլար գումար: Ս. Ավետիսյանին վճարել է 339 դոլար գումար: Հաջորդ օրը Սիրանուշ Ավետիսյանը կրկին այցելել է խանութ և նույն ձուլակտորից առաջարկել: Ինքը համաձայնվել է և 1 գրամի համար 24 ԱՄՆ դոլարով գնել է ձուլակտորները, որոնց համար ընդհանուր վճարել է 900 ԱՄՆ դոլար գումար: Դրանից հետո գնացել է ոսկու շուկա, որտեղ իր ծանոթ Մարինե Դավթյանին վաճառել է Սիրանուշ Ավետիսյանից գնված ոսկյա ձուլակտորները` ստանալով դրա դիմաց 1850 ԱՄՆ դոլար գումար: Դրանից հետո, Սիրանուշ Ավետիսյանը 05.03.2012 թվականին կրկին այցելել է իր խանութ և վաճառել նույն մետաղից պատրաստված ձուլակտորներ:
Նորից ցանկանալով մետաղը վաճառել, զանգահարել է Մարինե Դավթյանին և գնալով ոսկու շուկա, ցանկացել է վաճառել ձուլակտորները, սակայն Մարինե Դավթյանը հայտնել է, որ այդ ձուլակտորները հասարակ մետաղից են: Մարինե Դավթյանի հետ միասին գնացել են ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ ոստիկաններին պատմել են եղելությունը: Տուժողը պատրաստակամություն է հայտնել օժանդակել Սիրանուշ Ավետիսյանին հայտնաբերելու հարցում: 2012թ. մարտի 7-ին իրեն կրկին զանգահարել է Սիրանուշ Ավետիսյանը և հայտնել, որ ցանկանում է ոսկի վաճառել:
Այդ մասին տեղյակ է պահել ոստիկանության աշխատակիցներին, որից հետո նույն օրը ոստիկանության աշխատակիցները Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 85 հասցեում գործող խանութից, կեղծ ոսկին իրացնելու ժամանակ, Սիրանուշ Ավետիսյանին բերման են ենթարկել ոստիկանություն:
Սիրանուշի բերած ձուլակտորը ստուգել են հատուկ հեղուկով, որի վրա եղել է նաև 750 հարգի դրոշմակնիք: Վերջին անգամ նաև կտրատել են այդ ձուլակտորները, ստուգել են նաև ներսի հատվածը, որը նույնպես ցույց է տվել, որ ձուլակտորը ոսկուց է: Ամբաստանյալից ոսկին գնել է 24 ԱՄՆ դոլարով : Ինքն այդ գնված ոսկին վաճառել է ոսկու շուկայում այնտեղ ստուգել են և ինքը համոզվել է, որ ձուլակտորը ոսկի է, դրա համար 2-րդ անգամ նորից գնել է:
Դատարանի իրավական վերլուծությունները
Դատարանը գործով ձեռք բերված յուրաքանչյուր ապացույց գնահատելով թույլատրելիության վերաբերելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ղեկավարվելով օրենքով, ներքին համոզմամբ, գտնում է, որ ամբաստանյալ Սիրանուշ Ավետիսյանի մասնակցությունը խաբության կամ վստահություն չարաշահելու եղանակով ուրիշի գույքի խոշոր չափերով խարդախության փորձ կատարելու մեջ, որը նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, կետով, ապացուցված չէ:
ՀՀ Վճռաբեկ դատարանը 2011թ. փետրվարի 24-ի որոշմամբ Լիա Ավետիսյանի գործով (ԵԿԴ/0176/01/09) արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը.
«Խաբեությունը գույքի սեփականատիրոջը կամ գույքը տիրապետողին մոլորության մեջ գցելու նպատակով իրական, ճշմարիտ փաստերի դիտավորյալ խեղաթյուրումն է կամ ճշմարտության մասին լռելը»:
Այսպիսով, դատարանը ճանաչել և հռչակել է Ս. Ավետիսյանի ամեղությունը և արդարացրել` ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ նրա մասնակցությունն ապացուցված չլինելու արդյունքում:
Նախորդող հրապարակում՝ Վարորդն արդարացվել է՝ պոռնկությանը նպաստելու գործով. Նա աշխատավարձ է ստացել
Սպորտի վարպետը արդարացվել է 50 տարվա հարևանուհուն ապտակելու գործով