«Ես Հոլոքստն եմ և ես ամենալավն եմ, որը տեղի է ունեցել քեզ հետ...»
13/05/2014 19:54

«Ես Հոլոքստն եմ և ես ամենալավն եմ, որը տեղի է ունեցել քեզ հետ...»

Մեզանում բավականաչափ տարածված է տարբեր հարթություններում Իսրայել պետության, հրեա ժողովրդի հետ համեմատվելը, հրեական փորձը մեջբերելը: Դրա հիմքն էլ կա` երկու ժողովուրդների անցած պատմական ուղիների, ազգային պայքարի, ազգային դժբախտությունների նմանությունը, նաև ներկայում նույնարժեք մարտահրավերների առկայությունը:

Մինչդեռ հազվադեպ է խոսվում ինչպես հրեաների, այնպես էլ իսրայելական հասարակության շրջանում առկա որոշ խնդիրների, տարաձայնությունների մասին: Ասվածի համատեքստում, ինչ խոսք, բավականաչափ ուշագրավ է հատկապես հայտնի պատմական իրողությունների վերաբերյալ հրեաների մոտ առկա որոշակի հակասությունների հանգամանքը:

Այս տեսանկյունից, բերենք երկու ամենաթարմ օրինակները: Այս տարի ապրիլի 27-ին՝ հրեաների ազգային ողբերգության՝ «Շոայի» օրը, Իսրայելի ուլտրաօրթոդոքս հրեական համայնքի կյանքը լուսաբանող «Շտիբել» լրատվական կայքում լույս տեսած խմբագրականում Հոլոքոստի հետևանքով զոհված 6 մլն եվոպացի հրեաների նահատակման մեղքը դրվել է սիոնիստ-ազգայնամոլների վրա՝ Հրեական պետության հիմնադիրներից, առաջին վարչապետ Դավիդ Բեն-Գուրիոնի գլխավորությամբ:

Հոդվածում մասնավորապես նշվում է, որ պատերազմի տարիներին Բեն-Գուրիոնը մեկ անգամ չէ, որ հանդես է եկել հրեա երեխաների փրկության և Մեծ Բրիտանիա ուղարկելու դեմ՝ նշելով, որ դա չի համապատասխանում «Էրեց Իսրայելի» (Պաղեստին) հրեա ազգաբնակչության շահերին: Այսպիսով, փաստորեն, մատնանշվում է այն հանգամանքը, որ Երկրորդ աշխարհամարտի տարիներին եվրոպացի հրեաների փրկությամբ զբաղվել են միայն հակասիոնիստական կազմակերպություններն, այնպիսին, ինչպես՝օրինակ «Իսրայել միությունը»:

Հոդվածի հեղինակները հիշատակում են նաև հրեական այլ ուլտրաօրթոդոքս կազմակերպությունների գործունեության մասին, որոնք աշխարհամարտի տարիներին հրաժարվել են դադարեցնել պայքարը Մեծ Բրիտանիայի դեմ՝ համագործակցելով գերմանական իշխանությունների հետ և առաջարկելով տեղափոխել եվրոպացի հրեաներին Պաղեստին՝ այնտեղ բրիտանական զորքերի դեմ պայքարելու պայմանով:

Իսկ ավելի վաղ՝ ապրիլի կեսերին, մեկ այլ աղմկալի միջադեպ է գրանցվել Երուսաղեմում 1953թ. հիմնադրված Հոլոքոստի ազգային հուշահամալիրի տարածքում, երբ իսրայելցի սկանդալային դերասանուհի և ռեժիսոր Նատալի Կոհեն-Վակսբերգը իսկական մշակութային-քաղաքական մենախոսություն է «բեմադրել» Հոլոքոստի առնչությամբ:

Միջադեպն այն աստիճանի աղմուկ է բարձրացրել Իսրայելում, որ որոշ իսրայելցի փաստաբաններ քննարկում են դերասանուհու դեմ դատական հայց ներկայացնելու հնարավորությունները՝ «Աղետի» զոհերի հիշատակն անարգելու փաստի առթիվ քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով:

Մասնավորապես, ներկայացվող տեսանյութում թիկնապահի ուղեկցությամբ հուշահամալիրի տարածքում շրջող դերասանուհին նշում է. «Ես Հոլոքստն եմ և ես ամենալավն եմ, որը տեղի է ունեցել քեզ հետ: Իմ շնորհիվ դու պետականության իրավունք ես ստացել, բանակ ունենալու իրավունք, ինչպե՞ս կարող էիք դուք առանց իմ օգնության արդարացնել 67-ը (նկատի ունի «Վեցօրյա» արաբ իսրայելական պատերազմը, որի արդյունքում Հրեական պետությունն ահռելի տարածքներ օկուպացրեց հարևան արաբական երկրներից՝ Եգիպտոսից, Հորդանանից, Սիրիայից), իսկ 48-ն առանց ի՞նձ (Իսրայել պետության հիմնադրման տարեթիվը): Ու՞մ շնորհիվ դուք կարողացաք գետտո հիմնել 3 մլն մարդու համար, որպեսզի գերտերությունները չմիավորվեն և չռմբակոծեն ձեզ...»:

Դերասանուհու՝ մոտ 4 րոպե տևողությամբ մենախոսությունն ավարտվում է հետևյալ խոսքերով. «Այսօրվանից չկա հրեա ժողովուրդ, ես մերժում եմ ձեզ, դուք չկաք և երբեք էլ չեք եղել»:

Այսպիսով, ամբողջ աշխարհում հակասեմականության դեմ ջանասիրաբար պայքարող հրեաները, փաստորեն, լուրջ խնդիր ունեն նախ սեփական միջավայրում արմատախիլ անելու նմանատիպ երևույթները:
 

«Ես Հոլոքստն եմ և ես ամենալավն եմ, որը տեղի է ունեցել քեզ հետ...»