«Կուտակայինի» օրենքում փոփոխություններ կկատարվեն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
13/05/2014 14:37

«Կուտակայինի» օրենքում փոփոխություններ կկատարվեն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծն ԱԺ-ում ընդունվեց երկրորդ ընթերցմամբ` 68 կողմ, 12 դեմ և 36 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» դեմ քվեարկեցին նախագծին, իսկ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը՝ ձեռնպահ:

«Այս օրինագիծը կես քայլ առաջ է, բայց այն թերի է և չի լուծում խնդիրն ամբողջությամբ: Այդ իսկ պատճառով ԲՀԿ-ն քվեարկելու է ձեռնպահ»,- քվեարկությունից առաջ հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Իր՝ «ձեռնպահ» քվեարկությունը գրեթե նույն կերպ պատճառաբանեց նաև ՕԵԿ-ը:

«Սա մեկ քայլ առաջ է նախկին կառավարության դիրքորոշումից, դրա համար հստակ ասացի, որ ՀՅԴ-ն դեմ չէ դրան, բայց նաև ամբողջական կողմ չենք, դրա համար ձեռնպահ կքվեարկենք»,- ասաց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

ՀԱԿ-ն իր դեմ քվեարկությունը պատճառաբանեց նրանով, որ նախագծի օգնությամբ կլուծվի միայն համարձակ քաղաքացիների հարցը, ովքեր կհամարձակվեն դիմում գրել ու հրաժարվել պարտադիրից՝ անցնելով կամավոր կուտակային համակարգի:

«Ժառանգությունից» Ռուբիկ Հակոբյանն էլ ընդգծեց, որ մեկ ու կես ամսվա ընթացքում դիրքային պայքար էր գնում կառավարության և չորս քաղաքական ուժերի միջև.

«Կառավարությունն ասում է, որ ուզում է պարտադիրը հանել, բայց մյուս կողմից էլ, բյուջեն ձեռքը պարզած՝ սպասում է այդ գումարներին, ինչպես նաև միջազգային ֆոնդերի առաջ կա պարտավորություն։ Ես հավատում եմ կառավարության անկեղծությանը, բայց այդուհանդերձ դեմ են քվեարկելու»,- ասաց Ռուբիկ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ այս նախագծի ընդունմամբ քաղաքացիներն իրավունք են ստանում դիմելու գործատուին ու հրաժարվելու կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր վճարներից:

նախորդող հրապարակում՝ Զուրաբյանը` կուտակայինի մասին. Կառավարության առաջարկածը խաբեություն է
 

«Կուտակայինի» օրենքում փոփոխություններ կկատարվեն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը