Նախագահ. Որքան էլ Ադրբեջանը սկզբունքները յուրովի մեկնաբանի՝ ոչինչ չի ստացվի
13/05/2014 12:16

Նախագահ. Որքան էլ Ադրբեջանը սկզբունքները յուրովի մեկնաբանի՝ ոչինչ չի ստացվի

Ես նախկինում բազմաթիվ անգամ ասել եմ, որ բոլոր հակամարտությունները չի կարելի դիտարկել մեկ հարթության մեջ, ուստի նաև մոտեցումները հակամարտությունների լուծման տարբեր են: Այս մասին այսօր Ֆրանսիայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: 

«Յուրաքանչյուր հակամարտություն ունի իր ծագումաբանությունն ու պատմությունը, յուրաքանչյուրի լուծման համար կան նախադրյալներ: Միջազգային իրավունքի յուրաքանչյուր սուբյեկտ իր ընկալումները, լուծման ճանապարհները խնդրի պայմանավորում է հենց այդ նախադրյալներով:

Մեկ անգամ չէ, որ համանախագահ երկրների ղեկավարները, ներկայացուցիչները թե՛ գրավոր, թե՛ բանավոր խոսել են իրենց միասնական կարծիքի մասին, այն է՝ ԼՂՀ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի իրավական պատադիր ուժ ունեցող, ժողովրդի ազատ կամարտահայտության միջոցով: Այս սկզբունքը այլընտրանք չունի: Կրկնում եմ՝ այս մասին բազմաթիվ անգամներ հայտարարել են ԱՄՆ, Ֆրանսիայի, Ռուսաստանի նախագահները, ԱԳ նախարարները և նրանց ներկայացուցիչները Մինսկի խմբում:

Վերջին այդպիսի մոտեցումը հանրությանը ներկայացրեց Մինսկի խմբում ամերիկացի համանախագահը, որևէ նոր բան չասաց: Նա ասաց այն, ինչ հիմնականում ասել է իր նախագահը տարբեր առիթներով: Նույն մոտեցումը կար նաև համանախագահների հայտարարության մեջ՝ նվիրված հրադադարի 20-ամյակի:

Ինչքան էլ փորձի Ադրբեջանի ղեկավարությունը այդ մոտեցումները յուրովի մեկնաբանել, սկզբունքները յուրովի մեկնաբանել, միևնույն է ոչինչ չի ստացվելու: Ուզում եմ մեկ անգամ ևս ասել, որ ես չեմ կիսում այն մոտեցումը, այն հայտարարությունը, որ իբր տարբեր երկրներ մշտապես ցուցաբերում են երկակի ստանդարտներ: Ոչ, երկակի ստանդարտներ չեն դրանք:  Այդ մոտեցումները բխում են կանֆլիկտների պատմությունից, նախադրյալներից, որևէ փոփոխություն չեմ տեսնում՝ նույնիսկ ամենակոշտ հակամարտության պայմաններում»,- ասաց նախագահ Սերժ Սարգսյանը:

Նշենք, որ ասուլիսի սկզբում՝ իր ներածական խոսքի ժամանակ Ֆրանսուա Օլանդը նշեց, որ Ֆրանսիան պատրաստ է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ու հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով կազմակերպել նրանց հանդիպում:

«Երեկ ես Ադրբեջանում էի, այսօր՝ Հայաստանում և այս օրերին ես ևս մեկ անգամ վերահաստատեցի մեր պատրաստակամությունը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ կողմ, աջակցել հակամարտության լուծմանը: Հիմա կան միայն զինադադարի պայմաններ, բայց դա բավարար չէ ու պետք է հասնել հարցի վերջնական լուծման»,- ասաց Ֆրանսիայի նախագահը:
 

Նախագահ. Որքան էլ Ադրբեջանը սկզբունքները յուրովի մեկնաբանի՝ ոչինչ չի ստացվի