.jpg)
Ինձնից ամեն ինչ էլ սպասեք. Արա Գևորգյանը նորություններ ունի
Երաժիշտ, երգահան Արա Գևորգյանն աշխատում է իր նոր ձայնասկավառակի վրա, որտեղ ներառված է 7 նոր ստեղծագործություն: Այս մասին Life.panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ինքը՝ երգահանը: Նրա խոսքով՝ ինքը մի քանի նոր նախագծեր ունի, որոնց վրա միաժամանակ աշխատում է: Դրանցից առաջինը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ներկայացվելիք նոր երգն է, որը կոչվում է «Սև ապրիլ»: Այն կձայնագրվի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հայաստանի պետական երգչախմբի հետ միասին:
«Երգի տեքստը սկսեցինք գրել երջանկահիշատակ Արամայիս Սահակյանի, հետ, իսկ հետո աշխատանքը վերսկսեցինք Հենրիկ Անասյանի հետ»,- նշեց Արա Գևորգյանը:
Հաջորդ նախագծի շրջանակներում վերջինս կներկայացնի Կոմիտասի «Օրորը»՝ հետաքրքիր մեկնաբանությամբ, որը ևս կընդգրկվի նոր ձայնասկավառակում. «Այս երգն իր նոր մեկնաբանությամբ նվիրել եմ աշխարհի այսօրվա մանուկներին, ովքեր պատերազմի զոհ են դառնում, կարծում եմ՝ ազդեցիկ է ստացվել»,-պատմեց երգահանը:
Նա հույս ունի նաև, որ շուտով կավարտի «Սիրեք զմիմյանս» երգի հիման վրա տարվող աշխատանքները, որի երաժշտության հեղինակն ինքն է, տեքստինը՝ ամերիկացի Դանիել Դեքերը: «Երգը կատարելու են աշխարհի տարբեր ազգերի արտիստներ, իսկ վերջում բոլորը միասին հայերեն են երգելու: Դրա հիման վրա տեսահոլովակը նկարահանելու համար մեր դեսպանատների աջակցության կարիքը կա»,-ընդգծեց Արա Գևորգյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ ևս մեկ նոր երգ ունի, որը դասականի, R& B-ի, ռեփի միքս է, երգի անվանումն է «Բարով եք եկել ձեր տուն հայրենի», խոսքերի հեղինակը Լևոն Գալստյանն է: Մեր այն դիտարկմանը, թե Արա Գևորգյանի կողմից ոճերի նմանօրինակ միքսն անսպասելի էր, վերջինս նկատեց. «Ինձնից ամեն ինչ էլ սպասեք»:
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում: