8.25 մլն եվրո` «Զանգեզուր» համալիրի հարակից համայնքներին
14/05/2014 18:32

8.25 մլն եվրո` «Զանգեզուր» համալիրի հարակից համայնքներին

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է KfW բանկի տարածաշրջանային ղեկավար Լարս Օերմանին: Այս մասին տեղեկացնում են բնապահպանության նախարարությունից:

Լարս Օերմանը նորանշանակ նախարարին ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում և տարածաշրջանում KfW բանկի իրականացրած ծրագրերը: Կարևորելով Հայաստանի հարուստ կենսաբազմազանության պահպանման խնդիրը՝ Օերմանը տեղեկացրել է, որ Բանկը տարածաշրջանում իրականացնում է 70 մլն եվրոյի բնապահպանական ծրագրեր, որից 1/3-ը՝ Հայաստանում:

Կողմերը հատուկ անդրադարձել են «Կովկասի պահպանվող տարածքների աջակցության ծրագիր-Հայաստան» ծրագրին, որի բյուջեն կազմում է 8.25 մլն եվրո: Արամայիս Գրիգորյանը կարևորելով դրամաշնորհային ծրագիրը՝ հատկապես շեշտել է այն հանգամանքը, որ 8.25 մլն եվրո դրամաշնորհից 2 մլն-ը ուղղվելու է ՀՀ Սյունիքի մարզում ստեղծված «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի (րի մեջ ներառվել են «Արևիկ» ազգային պարկը, «Շիկահող» պետական արգելոցը, «Սոսու պուրակ», «Զանգեզուր», «Խուստուփ», «Բողաքար», «Սև լիճ» պետական արգելավայրերը) հարակից համայնքների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, քանի որ Հայաստանի Հանրապետությունը, լինելով շրջափակման մեջ, անկախության այս տարիներին ստիպված օգտագործել է իր բնական ռեսուրսները:

Այն վերականգնելու համար շատ կարևոր է սոցիալ տնտեսական խնդիրների լուծումը, ինչը թույլ կտա ազգաբնակչությանը զերծ մնալ համայնքներին հարակից վայրի բնության ռեսուրսները օգտագործելուց և կնպաստի հասարակության մոտ բնապահպանական մշակույթի ձևավորմանը:
 

8.25 մլն եվրո` «Զանգեզուր» համալիրի հարակից համայնքներին