Լանա Խաչատրյանը՝ ստեղծագործական դադարի, ապագա մայրիկի դերի և մասին
14/05/2014 19:06

Լանա Խաչատրյանը՝ ստեղծագործական դադարի, ապագա մայրիկի դերի և մասին

Երգչուհի Լանա Խաչատրյանը վերջերս հարգելի պատճառով պասիվություն է ցուցաբերում երգարվեստի ոլորտում: Նա սպասում է իր առաջնեկի ծնունդին, գործնական ծրագրերը ժամանակավորապես մղել է երկրորդ պլան: Life.panorama.am-ը երգչուհու հետ զրուցել է ակնկալվող նորությունների, կանացի երջանկության և նրա նոր կարգավիճակի մասին:

-Հասկանալի պատճառներով վերջին շրջանում պասիվություն եք ցուցաբերում երգարվեստի ոլորտում. այնուամենայնիվ, այս տարի ձեզնից նորություններ ակնկալե՞նք:

-Մի քանի օր առաջ երգիչ-երգչուհիներով Հայաստանին նվիրված տեսահոլովակ ենք նկարահանել. շուտով այն պատրաստ կլինի, սակայն մանրամասների մասին դեռ չեմ խոսի: Իսկ իմ առանձին գործունեությունը վերջին շրջանում սահմանափակվում է կենդանի համերգներով: Հուսով եմ, որ դա ժամանակի խնդիր է: Իսկ պասիվությունս, ինքներդ էլ հասկանում եք, թե ինչով է պայմանավորված:

-Դուք համատեղում էիք երգչուհու և խմբագրի աշխատանքները: Երկրորդը ձեզ համար նախասիրությու՞ն էր, թե՞ մասնագիտություն:

-Ես երբևէ չէի կարող պատկերացնել, որ ամսագրի աշխատանքները այդքան կգրավեին ինձ, մանավանդ՝ սկզբնական շրջանում: Դրանք ինձնից բավական շատ ժամանակ էին խլում, բայց ես հաճույքով և պատասխանատվությամբ էի անում գործս: Այժմ ամսագիրը ժամանակավորապես չի թողարկվում: Ինտերնետային դարում քիչ են կարդում ամսագրեր, դրանց պահանաջարկը նվազել է: Բայց ես ամեն բան կանեմ, որ հանդեսը կրկին թողարկվի:

-Ամուսնանալուց հետո բիզնես-լեդին վերածվեց բիզնես-վումանի, թե՞ վերջինս իր դիրքերը զիջեց:

-Դե, փաստացի ստացվում է՝ դիրքերը զիջեց, բայց ես մտադիր եմ դրանք վերականգնել, քանի որ շատ սիրում էի այն, ինչ անում էի:

-Ձեր ամուսինն ի՞նչ մասնագիտություն ունի. միասին աշխատանքային հարցեր քննարկու՞մ եք:

-Այո, իհարկե: Առաջին հերթին մենք ընկերներ ենք. դրա համար ես շատ ուրախ եմ: Ժամանակին իմ զրուցակիցը, քննադատը, ընկերը մայրս էր, հիմա այդ կարևոր պարտականությունը ստանձնել է նաև ամուսինս, քանի որ նրան վստահում եմ: Չնայած որ տնտեսագետ է, երգարվեստի ոլորտի հետ կապ չունի, շատ լավ երաժշտական ճաշակ ունի:

-Կնոջ ամենամեծ առաքելությունը ընտանիքում ո՞րն է:

-Ես միշտ պատկերացրել եմ, որ ինձ հետ շատ դժվար է լինելու ընտանիքում ապրելը: Համատեղ կյանքս բարդ էի պատկերացնում, ինձ թվում էր՝ ես զիջումների գնացողներից չեմ: Իսկ հիմա այնքան սիրով եմ դրանց գնում: Այնինչ, ժամանակին այդ իրավիճակը կարող էր խորթ թվալ ինձ: Կարծում եմ՝ կնոջ մեծագույն առաքելությունը սիրելն է, այդ դեպքում ամեն ինչ դյուրին է թվում:

-Շարունակեք միտքս. «Երջանիկ լինելու համար կնոջը բավական է, որ...»

-Կրկնվում եմ, բայց պատասխանը նույնն է՝սիրելը և սիրվելը: Աշխարհը և մենք բոլորս ամենից շատ սիրո կարիք ունենք:

-Որքանով տեղյակ եմ՝ բալիկի եք սպասում. ինչպե՞ս եք ձեզ զգում նոր կարգավիճակում:

-Բավական երկար ժամանակ ինձ թվում էր, որ դա իմ մասին չէ, բայց հետո «համակերպվեցի»: Ասեմ, որ սեռն ինձ համար էական չէ, կարևորը՝ շատ երեխաներ ծնվեն: Լսել եմ, որ վերջին շրջանում զույգերը բավարարվում են մեկ երեխա ունենալով, բայց ես կուզենայի, որ շատ երեխաներ ծնվեին ու առողջ լինեին:

-Այս պահի ձեր ամենանվիրական ցանկությունը ո՞րն է:

-Կուզենայի, որ մարդկանց, հատկապես՝ երիտասարադների շրջանում վերականգնվեն ապագայի հանդեպ հույսն ու հավատը: Տեսնում եմ, որ որոշ երիտասարդներ, դժվարությունների բախվելով, ոչինչ չեն ուզում անել. դա ցավալի է ինձ համար, կուզենայի, որ ոչ մի դեպքում չհանձնվեին:  

Լանա Խաչատրյանը՝ ստեղծագործական դադարի, ապագա մայրիկի դերի և մասին