ԼՂՀ ՊՆ. Խաղաղությունը պահպանվել է Արցախի բանակի հզորության շնորհիվ
14/05/2014 18:49

ԼՂՀ ՊՆ. Խաղաղությունը պահպանվել է Արցախի բանակի հզորության շնորհիվ

Այս 20 տարիների ընթացքում խաղաղությունը պահպանվել է առանց երրորդ ուժի միջնորդության, Արցախի բանակի հզորության և ամենօրյա գործունեության շնորհիվ։ Դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ պաշտպանության բանակն ի վիճակի է իր ժողովրդի անվտանգությունն ապահովել և քաղաքական իշխանության համար ստեղծել նպաստավոր պայմաններ՝ բանակցություններ վարելու համար։ Այս մասին երեկ՝ Հրադադարի հաստատման 20-ամյակին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը։ Այս մասին հաղորդում է karabakh-open.info կայքը: 

Գնահատելով անցած 20 տարիները, պաշտպանության նախարարը նշել է, որ վերջին տարիներին հակառակորդի կողմից հրադադարի խախտման դեպքերն ավելի են աճել, որոնք արտահայտվում են ինչպես կրակոցների, այնպես էլ դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման փորձերի տեսքով։ Իսկ այս տարվա 4 ամիսների ընթացքում արձանագրված դեպքերը գերազանցել են բոլոր ցուցանիշները. Հրադադարի ռեժիմը խախտվել է 7000-ից ավելի անգամ, իսկ արձակված զինամթերքի քանակը համարյա հավասար է 2012թ. ցուցանիշին։ Սա, ըստ Մովսես հակոբյանի, ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանն անընդհատ փորձում է առաջին գծում լարվածություն ստեղծել և վնասել հայկական կողմին՝ անընդհատ առաջին գիծ հանելով նաև դիպուկահարների խմբեր։

Այս տարվա ընթացքում քիչ չէին նաև դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման փորձերը. Նախարարի փաստմամբ 5 փորձ է եղել, որից միայն մեկի ժամանակ է հակառակորդին հաջողվել մտնել մեր դիրք և խոցել զինվորին։ Մնացած դեպքերում հակառակորդը կրելով կորուստներ հետ է շպրտվել։

Նախարարի խոսքերով՝ Ադրբեջանը հավատարիմ չի մնում հրադադարի ռեժիմի պահպանմանը, ինչը «հուշում է, որ մենք նորից պետք է հակառակորդին պատժենք»։ Իսկ պատժամիջոցները քիչ չեն. դրանք պարբերաբար ցուցադրվում են հակառակորդին։ «Այսօր պատրաստ ենք ցանկացած ժամի ու եղանակի գրավել հակառակորդի ցանկացած դիրք։ Այդպիսի պատասխան արդեն տրվել է մեկ անգամ, երբ դիրքից կրակում էին։ Մենք դա շարունակելու ենք և չենք թողնելու, որ հակառակորդին որևէ մի պահ թվա, թե ինքը կարող է ռազմական ճանապարհով հիմնախնդիրը լուծել։ Կարծում եմ, դեռևս մեր հակառակորդի հետ հարաբերվելու միակ ձևը դա է՝ մինչև նա չհասկանա, որ բանակցություններից ավելի լավ ելք չկա»,-հավելել է Մովսես Հակոբյանը։ 

ԼՂՀ ՊՆ. Խաղաղությունը պահպանվել է Արցախի բանակի հզորության շնորհիվ