Սևանա լճից արդեն վերցվել է 35,5 մլն խմ ջուր
14/05/2014 20:15

Սևանա լճից արդեն վերցվել է 35,5 մլն խմ ջուր

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցությանը քննարկվել են ոռոգման շրջանի ընթացքի և Սևանա լճից ջրառի իրականացման հետ կապված հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչներ և ոռոգման համակարգի կազմակերպությունների ղեկավարներ: Այս մասին հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը տեղեկացրել է, որ ոչ բարենպաստ եղանակով պայմանավորված՝ այս տարի Սևանա լճից ջրառն սկսվել է ապրիլի 24-ից, այն դեպքում, երբ նախորդ տարի լճից ջրառն իրականացվել էր միայն հունիսից: Մայիսի 13-ի դրությամբ Սևանա լճից արդեն վերցվել է 35,5 մլն խմ ջուր: Բացի այդ, նախորդ տարվա համեմատ (որը նույնպես ջրառատ չէր) այս տարի գրեթե կրկնակի նվազել է ջրամբարների լցվածության մակարդակը:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ փոխվարչապետն ընդգծել է Սևանա լճից վերցվող յուրաքանչյուր խորանարդ մետր ջրի խիստ նպատակային օգտագործման և ավելագույնս խնայողաբար ջրառի իրականացման անհրաժեշտությունը:

Գյուղացիական տնտեսությունների պահանջարկը բավարարելու հարցում փոխվարչապետը կարևորել է ոռոգման համակարգի ընկերությունների կողմից կազմակերպված աշխատանքների իրականացումը: Խորհրդակցության արդյունքներով Ջրային տնտեսության պետական կոմիտեին հանձնարարվեց.

• Մշտական մոնիթորինգ իրականացնել ջրի խնայողական ռեժիմների պահպանման վերաբերյալ:

• Բնակչության շրջանում լայնածավալ իրազեկման աշխատանքներ իրականացնել, և ջրամատակարարման ռեժիմների, ջրապահովման, ջրի պահանջարկի մասին օպերատիվ կարգով տեղեկացնել ջրօգտագործողներին։

• Մայիսի 19-ից սկսած՝ յուրաքանչյուր շաբաթ հաղորդագրություն հրապարակել՝ մանրամասն ներկայացնելով գնահատված ջրի պահանջարկը և կոնկերտ աղբյուրներից՝ Սևանա լճից, Հրազդան գետից, ջրամբարներից կատարված ջրառի ծավալը:
 

Սևանա լճից արդեն վերցվել է 35,5 մլն խմ ջուր