Թուրքիա-Իրան. Էներգետիկ համագործակցություն և քաղաքական հակասություններ
14/05/2014 20:47

Թուրքիա-Իրան. Էներգետիկ համագործակցություն և քաղաքական հակասություններ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին մայիսի վերջին պաշտոնական այցով մեկնելու է Թուրքիա և այդ երկրի ղեկավարության հետ քննարկելու է իրանա-թուրքական հարաբերությունների հարցերի լայն շրջանակ:

Թուրք-իրանական հարաբերությունները բավականին երկիմաստ են՝ Անկարան և Թեհրանը դարեր շարունակ հանդիսացել են տարածաշրջանային հակառակորդներ և գտնվում են աշխարհաքաղաքական տարբեր բևեռներում՝չնայած տնտեսական բաղադրիչը միշտ էլ ակտիվորեն զարգացել է:

Թուրքիան և Իրանը վերջին շրջանում երկկողմ հարաբերություններում շեշտը դնում են հատկապես տնտեսական, էներգետիկ համագործակցության վրա:

Այս տարվա հունվարին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այցելել էր Թեհրան և հանդիպումներ ունեցել իրանական ղեկավարության հետ: Պետք է նշել, որ Իրանը ապահովում է Թուրքիայի նավթային պահանջարկի 30%-ը՝ տարեկան Իրանից Թուրքիա է արտահանվում 8 միլիոն տոննա նավթ, ինչպես նաև իրանական գազը ապահովում է թուրքական ներքին պահանջարկի ¼-րդը՝ տարեկան 10 միլիարդ խմ գազ:

Երկկողմ ապրանքաշրջանառությունը հասնում է 13.5 միլիարդ դոլարի և առկա է քաղաքական կամքը այն կրկնապատկելու: Թուրքիայում Իրանի դեսպան Ալի Ռզա Բիկդելին նշել է, որ մոտակա ժամանակներս թուրք-իրանական ապրանքաշրջանառությունը պետք է հասցնել 35 միլիարդ դոլարի:

Թուրքիան շահագրգռված է իրանական էներգակիրներով, ինչպես ներքին պահանջները բավարարելու համար, այնպես էլ իրանական գազը եվրոպական շուկա արտահանելու և Արևմուտք-Իրան տարանցիկ կարևոր միջանցք դառնալու տեսանկյունից: Իրանի համար Թուրքիան կարևոր առևտրային գործընկեր է՝ թուրքական շուկան իրանական էներգակիրների և այլ ապրանքների համար մեծ հետաքրքրություն է առաջացնում Թեհրանում:

Չնայած տնտեսական բլոկում առկա մեծ պոտենցիալին թուրք-իրանական քաղաքական և աշխարհաքաղաքական հակասությունները բավականին սուր են՝ տարածաշրջանային մրցակցության տեսանկյունից:

Թուրքիան սիրիական հարցում աջակցում է հակաասադական, սունի ծայրահեղ իսլամիստական խմբավորումներին, որոնց նպատակն է տապալել Ասադի իրանամետ, ալևիական ռեժիմը: Իրանը ֆինանսական, ռազմաքաղաքական, դիվանագիտական աջակցություն է ցուցաբերում Մերձավոր Արևելքում իր ռազմավարական դաշնակցին՝ Սիրիային, այդ թվում լիբանանյան Հզբոլահ շարժման մարտիկների օգնությամբ, ովքեր Սիրիայում պաշտպանում են Ասադի ռեժիմը:

Բացի այդ, Թուրքիան տասնամյակներ շարունակ դաշնակցային հարաբերությունների մեջ էր Իրանի թիվ մեկ հակառակորդ՝ Իսրայելի հետ, ինչպես նաև հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ, իսկ թուրքական տարածքում տեղակայված է Հյուսիսատլանտյան դաշինքի ռադարը և ամերիկյան Ինջեռլիք ռազմակայանը:

Իրանը այդ առումով Թուրքիային դիտարկում է որպես ռազմաքաղաքական հակառակորդ՝ ՆԱՏՕ-ի հենակետ իրանական սահմանների երկայնքով:

Դրան զուգահեռ, Հարավային Կովկասում թուրք-իրանական մրցակցությունը նույնպես բավականին ցայտուն է՝ Անկարան ռազմաքաղաքական դաշնակցային հարաբերություններ է զարգացնում Ադրբեջանի հետ՝այդ երկիրը դիտարկելով որպես հակակշիռ իրանական տարածաշրջանային նկրտումներին:

Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան կոալիցիան նպատակ ունի սահմանափակել Իրանի և Ռուսաստանի ազդեցության ընդլայնումը Հարավային Կովկասում: Թուրք-ադրբեջանական տանդեմն էլ իր հերթին մեկուսացնում է Հայաստանը Հարավային Կովկասում՝շրջափակման մեջ է պահում Հայաստանը և Արցախը ու նպաստում տարածաշրջանային լարվածությանը:

Ելնելով վերոնշյալից, Իրանը զարգացնում է ռազմավարական կապերը Հայաստանի հետ՝իրականացնելով էներգետիկ, տրանսպորտային և այլ ծրագրեր, ցանկանալով ուժեղացնել հայկական գործոնը՝ի հակակշիռ տարածաշրջանում թուրքական գործոնի ակտիվացմանը՝նկատի ունենալով նաև Ադրբեջանի անհիմն պահանջները Իրանի հյուսիսային շրջանների նկատմամբ:

Այսպիսով, թուրք-իրանական հարաբերությունները շարունակելու են զարգանալ տնտեսական, էներգետիկ ոլորտներում, սակայն աշխարհաքաղաքական հակասությունները և Արևմուտք-Իրան հարաբերություններում սրացումը բումերանգի պես հարվածելու են Անկարա-Թեհրան հարաբերություններին: Իրանի հետ հարաբերությունների խորացման ընթացքում Անկարան հաշվի է առնելու ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դիրքորոշումերը, ինպես նաև սիրիական հարցում հնարավոր զարգացումները:
 

Թուրքիա-Իրան. Էներգետիկ համագործակցություն և քաղաքական հակասություններ