Շարմազանով. Իսկ ե՞րբ է Քոչարյանը ՀՀԿ համագումարին ներկա եղել
15/05/2014 22:51

Շարմազանով. Իսկ ե՞րբ է Քոչարյանը ՀՀԿ համագումարին ներկա եղել

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո ԱԺ փոխնախագահ Էդուրարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նիստի ընթացքում քննարկվել են ներքաղաքական ու ներկուսակցական հարցեր:

«Շուտով կառավարությունը խորհրդարան կներկայացնի ծրագիրը, և վարչապետն ու նախարարները բոլոր հարցերին կպատասխանեն»,- պատասխանելով լրագրողների հարցին նշեց նա՝ ընդգծելով, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարություններն ու գործարար աշխարհի հետ նրա հանդիպումը ՀՀԿ-ն դրական է գնահատում:

«Հանրապետական կուսակցությունը Հովիկ Աբրահամյանի գործունեությանը եթե վատ վերաբերվեր, ապա միաձայն չէինք որոշի, որ հենց նա պիտի լինի վարչապետ»,- հավելեց նա:

Հարցին` նախկին կառավարությունը չէր կարո՞ղ այդ հարցերը լուծել` ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «Յուրաքանչյուրն էլ գալիս և գնում է, իսկ ո՞վ է ասել, թե պաշտոնները հավիտյան են»:

Անդրադառնալով մայիսի 24-ին կայանալիք ՀՀԿ համագումարին՝ Շարմազանովը նշեց, որ այսօր հիմնականում քննարկվել են կազմակերպչական հարցեր:

«Քաղաքական այլ ուժերի չենք հրավիրել: Այսօր քննարկել ենք միայն համագումարի հետ կապված որոշ հարցեր»,- ասաց նա: Հարցին, թե հնարավոր է՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկա լինի համագումարին, Շարմազանովը պատասխանեց. «Իսկ ե՞րբ է ներկա եղել երկրորդ նախագահը, որ հիմա լինի»:

Հիշեցնենք, որ այս համագումարը 15-րդն է և այն անցկացվելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
 

Շարմազանով. Իսկ ե՞րբ է Քոչարյանը ՀՀԿ համագումարին ներկա եղել