.jpg)
Այս 20 տարվա ընթացքում Արցախն ապացուցեց իր կարողությունը. ԼՂՀ ԱԳ նախարար
Karabakh-open.info-ն հարցազրույց է անցկացրել ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի հետ:
-Մայիսի 12-ին լրացավ հրադադարի կնքման 20-ամյակը։ Ինչպե՞ս կգնահատեք անցած 20 խաղաղ տարիները: Ի՞նչ տարիներ էին դրանք Արցախի համար:
-1994 թ․ մայիսի 12-ին ուժի մեջ մտած հրադադարն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխեց քաղաքական հարթակ՝ հնարավորություն ընձեռելով Արցախի ժողովրդին կենտրոնանալ պետականաշինության կերտման eu զարգացման գործընթացի վրա։ Այս համեմատաբար խաղաղ 20 տարիների ընթացքում Արցախն ապացուցեց իր կարողությունը՝ դժվարագույն պայմաններում լուծելու մի շարք կենսականորեն կարևոր խնդիրներ։ Այսօր, առանց չափազանցության կարող ենք ասել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած պետություն է՝ բոլոր ատրիբուտներով և պետականության ինստիտուտներով, որի հետ, չնայած Արցախի չճանաչված կարգավիճակին, ստիպված են հաշվի նստել և նկատի ունենալ նրա կարծիքը։
-Ըստ Ձեզ որո՞նք էին այն կարևոր հաջողությունները, որ ունեցանք այդ տարիների ընթացքում՝ հակամարտության կարգավորման ուղղությամբ:
-Իհարկե, ամենակարևոր հաջողությունը լայնածավալ ռազմական գործողությունների բացակայությունն է, ինչը թույլ է տալիս խնայել հազարավոր մարդկային կյանքեր։
Ցավոք, ստիպված ենք արձանագրել, որ չնայած երկու հայկական պետությունների հավատարմությանը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու սկզբունքին և միջնորդների բոլոր ջանքերին ու հետևողական աշխատանքին՝ ուղղված կողմերի դիրքորոշումների մերձեցմանն ու փոխընդունելի լուծման մշակմանը, դեռևս չի հաջողվել հրադադարը փոխակերպել վերջնական և կայուն խաղաղության։ Իրական առաջընթացի հասնելու հիմնական խոչընդոտն Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունն է։
Հրաժարվելով ցանկացած հակամարտության կարգավորման հիմք հանդիսացող վստահության և անվտանգության միջոցների կիրառումից, քարոզելով հայատյացություն, սպառնալով նոր պատերազմով, խոչընդոտելով բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգմանը, Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է հակամարտության կարգավորման գործընթացը։
Այսօր գերիշխող է դառնում է այն կարծիքը, որ իրական առաջընթացի հասնելու համար անհրաժեշտ է բանակցային գործընթացում ապահովել Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցության վերականգնումը։
Համոզված ենք, որ պաշտոնական Բաքվի կողմից առկա իրողությունների սթափ գնահատումն ու ընդունումը և ապակառուցողական քաղաքականությունից հրաժարումը թույլ կտան առաջընթաց ապահովել հակամարտության կարգավորման գործընթացում։
-Ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք արտաքին կապերի ու համագործակցության ոլորտում։
-Վերջին տարիներին ԼՂՀ միջազգային ճանաչման հարցում առկա են դրական միտումներ, որոնք արտահայտվում են տարբեր աշխարհամասերում օրենսդիր մարմինների կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սատարող բանաձևերի և հայտարարությունների ընդունումով։ Այս միտումը, օրերս՝ մայիսի 8-ին հարստացավ ևս մեկ օրինակով՝ ԱՄՆ Կալիֆորնիայի օրենսդիր մարմինն ընդունեց բանաձև ի սատարումն ԼՂՀ ինքնորոշման իրավունքի։ Այսպիսով Կալիֆորնիան դարձավ արդեն 5-րդ նահանգը՝ Ռոդ Այլենդ, Մասաչուսեթս, Մեն, Լուիզիանա նահանգներից հետո, որոնք սատարում են ԼՂՀ անկախությունը։ Նմանատիպ բանաձևով հանդես են եկել նաև ԱՄՆ Լոս Անջելես և Ֆրեզնո քաղաքները, ինչպես նաև Ավստրալիայի ամենախոշոր Նոր Հարավային Ուելս նահանգը։
Մեծ նշանակություն է տրվում նաև արտասահմանյան տարբեր երկրների և Արցախի համայնքների միջև ապակենտրոնացված համագործակցությանը։ Այն հնարավորություն է ստեղծում փոխգործակցություն հաստատել և տարաբնույթ ծրագրեր իրականացնել մշակույթի, կրթության, սպորտի, առևտրի և տեղական ինքնակառավարման ոլորտներում: Մասնավորապես, արդեն բարեկամական հարաբերություններ են հաստատվել Ֆրանսիայի Լե-Պեն-Միրաբո, Վիեն և Արցախի Մարտունի, Հադրութ քաղաքների, ինչպես նաև ԱՄՆ Հայլենդ, Մոնտեբելո, Լոս Անջելես, Պիկո Ռիվերա և Արցախի Բերձոր, Ստեփանակերտ, Շուշի, Քարվաճառ քաղաքների միջև։
2013թ. կազմավորվել են նաև Արցախի հետ բարեկամության խորհրդարանական խմբեր Լիտվայի Սեյմասում, ինչպես նաև Բարեկամության շրջանակ Ֆրանսիայում՝ բաղկացած սենատորներից, խորհրդարանի անդամներից և հասարակական-քաղաքական գործիչներից:
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սատարող այս նախաձեռնությունները նաև պետականաշինության ոլորտում ԼՂՀ հաջողությունների և ժողովրդավարական արժեքների հստակ գնահատանքն են։ Այսօր ակնհայտ է, որ միջազգային հանրությունն ավելի ու ավելի մեծ համակրանք է տածում Արցախի ժողովրդի ազատության ձգտումների նկատմամբ և հանգում է համոզման, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն արժանի է դառնալ քաղաքակիրթ պետությունների լիարժեք անդամ:
-ԼՂՀ անկախության ճանաչման ճանապարհին կարծես թե փոքր, բայց հաջողություններ արձանագրում ենք, կարո՞ղ են դրանք ազդել հակամարտության կարգավորմանը և ինչպե՞ս:
-ԼՂՀ միջազգային ճանաչումն անպայման դրական ազդեցություն կունենա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա՝ թույլ տալով կենտրոնանալ ԽՍՀՄ փլուզման և հակառակորդի կողմից մեզ պարտադրված պատերազմի արդյունքում ձևավորված երկու անկախ պետությունների՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի խաղաղ գոյակցության համար անհրաժեշտ մեխանիզմների ու պայմանների մշակման վրա: ԼՂՀ միջազգային ճանաչումը կապահովի խաղաղ գործընթացի անշրջելիությունը և պաշտոնական Բաքվի համար ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիության ազդանշան կդառնա։
Հարցազրույցի շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում: