.jpg)
«Պետք է գտնել ճիշտ ձևակերպում, թե ինչպես պետք է Թուրքիան փոխհատուցի»
Օլանդը Հայաստանում կարևոր հայտարարություն արեց: Նա հաջորդ տարի ապրիլի 24-ին լինելու է Հայաստանի հետ՝ հենց այստեղ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընացքում, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ իրականացվող միջոցառումներին, նշեց Կիրո Մանոյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ Ֆրանսիան կասեցնի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը՝ Կ. Մանոյանը նշեց, որ այս ուղղությամբ դեռևս հստակ որոշում չկա, բայց Ֆրանսիան ամեն ինչ անում է, որպեսզի այն այս անգամ չբեկանվի:
«Նախագահ Օլանդը հայտարարեց, որ ինքը կսպասի Եվրադատարանի վերջնական վճռին: Ըստ այդմ էլ Ֆրանսիան այդ օրինագիծը վեջնական արդյունքի կբերի: Հասկանալի է, որ նախագահ Օլանդը չի ուզում ունենալ այնպիսի մի օրինագիծ, որը հնարավոր լինի վիճարկել Եվրադատարանում, և այդ օրենքը չեղյալ հայտարարվի կամ տապալվի: Օլանդն արդեն մի քանի անգամ ձեռնամուխ է եղել այդ օրինագծին, և անգամ Թուրքիայում է հայտարերել, որ այն ի վերջո պետք է քվերակվի, և այնպիսի ձևով, որ չբեկանվի»,- նշեց Մանոյանը:
Ինչ վերաբերում է Թուրքիայի պահվածքին, ապա Մանոյանի խոսքով, պետք է ամեն ինչ անել, որպեսզի Թուրքիայի նկատմամբ միջազգային ճնշումն էլ ավելի մեծանա:
«Նախագահ Սարգսյանը բարձրացրել է նաև Քեսաբի հարցը: Ֆրանսիայի պես երկրի հետ նման հարց բարձրացնելը շատ կարևոր է՝ հաշվի առնելով այն, որ Ֆրանսիայի դերակատարությունը Սիրիայի հարցում մեծ է: Ֆրանսիան լուրջ ազդեցություն և լուրջ հարաբերություններ ունի Սիրիայի տարբեր շրջանակների հետ, որոնց մի մասը առնչվում է Քեսաբի խնդիրներին: Ինչ վերաբերում է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի՝ Թուրքիայում տեղի ունեցած հանդիպումներին, ապա ասեմ, որ այդ հանդիպումների ժամանակ նա բավականին սուր կերպով է ներկայացրել խնդիրները, որոնք կարևոր են կողմերի համար: Կոնգրեսականը հրապարակել է իր ասածները, բայց հայտնի չէ, թե ինչպես է դրան արձագանքել Թուրքիան»,- նշեց բանախոսը:
Մանոյանի համոզմամբ՝ նման ճնշումների ներքո է, որ Թուրքիայի վարչապետը ապրիլի 23-ին նոր հայտարարություն արեց: Նրա կարծիքով՝ մինչև հաջորդ տարի դեռ շատ կլինեն առիթներ, որտեղ կհնչեն նման հայտարարություններ, բայց Թուրքիան ամեն ինչ կանի, որպեսզի հնարավորինս մեղմացնի իր նկատմամբ այդ ճնշումները:
«Նախագահ Օլանդը Թուրքիայում, Գերմանիայի վարչապետը Գերմանիայում, իսկ հիմա էլ Կոնգրեսական Ադամ Շիֆն է ճնշումների լեզվով Թուրքիային խորհուրդ տալիս, որպեսզի նա հաշտվի ու առերեսվի իր պատմության հետ: Համոզված եմ, որ էլի կլինեն ճնշումներ Թուրքիայի նկատմամբ»,- ասաց նա:
Իսկ Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ իրականացվող աշխատանքների վերաբերյալ Կ. Մանոյանը համոզմունք հայտնեց, որ այստեղ անելիքները դեռևս շատ են: Նրա խոսքով՝ որոշ քայլեր կան, որոնք պետք է արագ կատարվեն: Առաջիկայում սպասվում է նաև ձևավորված պետական հանձնաժողովի նիստը, որին ներկա են լինելու նաև Սփյուռքի հայաստանյան կառույցները:
«Հավանաբար այս ամսվա վերջ կգումարվի Պետական հանձնաժողովի նիստը, որին կմասնակցեն Սփյուռքի հանձնաժողովների անդամները: Կարծում եմ՝ այդ ժողովի ընթացքում բավականին հարցեր կհստակեցվեն ու վերջնական տեսքի կբերվեն: Շատ հարցեր կան, որոնք կարգավորելու անհրաժեշտություն ունեն, իսկ ժամանակը քիչ է: Նիստին պետք է հրավիրվեն նաև այն երկերների ղեկավարները, ովքեր արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Թուրքիայում հաջորդ տարի ապրիլի 25-ին նախատեսվում են Կալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումներ, իսկ թուրքերը փորձում են այդ հանգամանքն օգտագործել, որպեսզի ստվեր գցեն մեր միջոցառումների վրա»,- մանրամասնեց Մանոյանը:
Մանոյանի խոսքով՝ Հայոց ցեղասպանության միջոցառումների շրջանակում պետք է ամրապնդվի հատկապես Պետություն-Սփյուռք համագործակցությունը:
«Պետք է համատեղ ջանքերով ավելի ակտիվ աշխատեն, որպեսզի հաջորդ տարի ապրիլի 24-ը հնարավորինս ավելի մեծ նշվի, իսկ Թուրքիայի այդ նպատակը տապալվի: Այդ օրը պետք է հնարավորինս լինենք պատրաստված, որպեսզի ավելի մեծ հնչեղությամբ միջոցառումներ կազմակերպվեն: Մեր պատգամը պետք է լինի այն, որ արդեն ճանաչումից հետո շեշտը դրվի հատուցման վրա: Պետք է գտնել ճիշտ ձևակերպում, թե ինչպես պետք է Թուրքիան փոխհատուցի»,- հավելեց նա՝ ընդգծելով, որ 100-ամյակը վերջնաժամկետ չէ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար, իսկ մարդկության դեմ ոճիրը ոչ մի վերջնաժամկետ չունի, հետևաբար ճանաչումից հետո պետք է հարց բարձրացնել նաև հատուցման վերաբերյալ:
«Ցեղասպանություն կկոչեն, ոճիր՝ անառարկելի է, որ դա ընդդեմ մարդկության է: Բոլոր տեղերում հստակ ամրագրված է, որ մարդկության դեմ ոճիր առաջին անգամ օգտագործվել է Հայոց ցեղասպանության ժամանակ: Իսկ ըստ միջազգային իրավունքի՝ դա վերջնաժամկետ չունի: Այդ նույն միջազգային իրավունքի համաձայն՝ այդ իրավունքների փոխհատուցումը միայն փող չի նշանակում: Ցեղասպանության ճանաչումը ինքնաբերաբար տարածքային հարց չի բարձրացնում: Երբ այս հարցը Քոչարյանը բարձրացրեց, բոլորը կարծեցին, թե տարածքներից հրաժարվում է: Դա այդպես չէ: Երբ Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը, չի նշանակում, թե պետք է միայն տարածք վերադարձնի: Այո, Հայաստանը ունի տարածքային իրավունքներ, որի վերաբերյալ միջազգային իրավունքն ասում է, որ եթե կա նման իրավունք, բայց եթե դու անտարբեր ես, ոչ մի քայլ չես ձեռնարկում այդ ուղղությամբ, կարող է ժամանակի ընթացքում համարվի, որ հրաժարվում ես դրանից: 100-ամյակը բոլորելով, չի նշանակում թե պետք է հրաժարվենք մեր այդ իրավունքից: Թուրքիան բազմաթիվ անգամ պահանջել է, որ Հայաստանը հրաժարվի իր տարածքների պահանջից, բայց դա չի եղել: Իսկ դա նշանակում է, որ մենք մեր դիրքերը չենք զիջում, բայց դա բավարար չէ: Մենք պետք է էլ ավելի ակտիվանանք: Այս մասին նաև առաջին անգամ միջազգային հարթակում՝ 2010 թվականին բարձրաձայնել է Նախագահ Սարգսյանը: Այդպիսի քայլերը պետք է ավելի հաճախակի կրկնվեն»,- եզրափակեց Մանոյանը: