.jpg)
Նախարար. Խախտում թույլ տված որևէ մեկը չի խուսափի պատասխանատվությունից
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ տեղի է ունեցավ քննարկում` մայիսի 5-ին «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում արձանագրված մահվան դեպքի կապակցությամբ։ Մասնակցում էին նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի անդամները, ինչպես նաև «Ավան» հոգեկան առողջության և Նարկոլոգիական հանրապետական կենտրոնների ղեկավարներն ու հիվանդի հետ առնչություն ունեցած բոլոր բժիշկները։ Այս մասին հայտնում են ԱՆ լրատվական ծառայությունից:
Նախարարին զեկուցվել են հանձնաժողովի կողմից մինչև այժմ իրականացված ուսումնասիրությունների արդյունքները։ Այնուհետև Արմեն Մուրադյանը մանրամասն հետաքրքրվել է, թե հիվանդի Նարկոլոգիական հանրապետական կենտրոն դիմելու պահից սկսած կազմակերպչական և բուժական ինչ քայլեր են կատարվել։ Նա լրացուցիչ հանձնարարականներ է տվել և հստակ հրահանգել զերծ մնալ «կոլեգիալ» քողարկումներից։ Նախարարը նաև նշել է, որ դեպքի կապակցությամբ ծառայողական քննություն իրականացնող հանձնաժողովի աշխատանքները լինելու են իր ամենօրյա հսկողության ներքո։
«Խիստ ցավալի այս դեպքի հետ կապված բոլոր քննարկումները, ձեռնարկված միջոցառումները լինելու են թափանցիկ` չխոչընդոտելով իրավապահ մարմինների աշխատանքը, և մասնագիտական, կազմակերպչական, կարգապահական կամ էթիկայի կանոնների խախտում թույլ տված որևէ մեկը չի խուսափելու պատասխանատվությունից։ Սակայն միջոցներ կձեռնարկվեն միայն հանձնաժողովի, դատաբժշկական և քննչական մարմինների վերջնական եզրակացությունից ու որոշումներից հետո»,-շեշտել է նախարար Մուրադյանը։
Նախորդող հրապարակում` Ավանի հոգեբուժարանում մահվան կապակցությամբ ծառայողական քննություն կտարվի