Հանրությունը վերջին հրաժեշտը տվեց Սվետլանա Գրիգորյանին
15/05/2014 18:21

Հանրությունը վերջին հրաժեշտը տվեց Սվետլանա Գրիգորյանին

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի շենքում այսօր հանրությունը վերջին հրաժշետը տվեց ՀԽՍՀ վաստակավոր արտիստուհի Սվետլանա Գրիգորյանին:

Կոմեդիայի թատրոնի դերասանուհուն հրաժեշտ էին տալիս մտավորականներ, արտիստներ, դերասանուհու տաղնադի երկրպագուներ:

Տասնյակ տարիներ Սվետլանա Գրիգորյանը և Կարպ Խաչվանքյանը իրենց ուսերի վրա են տարել կոմեդիայի թատրոնը, որը երկար տարիներ անգամ սեփական տանիք չուներ:

Նշենք, որ Սվետլանա Գրիգորյանը ծնվել է 1930թ. սեպտեմբերի 30-ին, Երևանում: Բեմում հայտնվել է 13 տարեկանում, երբ թատերական ուսումնարանի սան է եղել: Ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը:

1949թ-ից, Վարդան Աճեմյանի հրավերով, խաղացել է Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: Խաղացել է ավելի քան 150 դեր: 1958թ. եղել է հայ հեռուստաթատրոնի հիմնադիրներից մեկը:

Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում, արժանացել է բազմաթիվ պատվոգրերի և մրցանակների: 2009թ. Լոս Անջելեսում նրան է հանձնվել «Ծիծաղի թագուհի» տիտղոս: 55 տարի եղել է դերասան Կարպ Խաչվանքյանի խաղընկերը: Արժանացել է ԽՍՀՄ վաստակավոր, 1987թ.` ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: Արժանացել է նաև ՀՀ «Մովսես Խորենացի» ու Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» մեդալների:

Երևանի պատվավոր քաղաքացի էր: 2011թ. հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է ՀՀ 1-ին աստիճանի մեդալով:
 

Հանրությունը վերջին հրաժեշտը տվեց Սվետլանա Գրիգորյանին