.jpg)
Դերասանուհի. Ինձ համարում եմ երջանիկ մարդ... ավելին է տրված, քան արժանի եմ
Դերասանուհի Անի Քոչարյանը, ով երկար տարիներ է՝ խաղում է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում, շատերի պես ճանաչում ձեռք է բերել սերիալներից, և Life.panorama.am-ի հետ զրույցում պատմել է, որ մինչև այժմ որոշ մարդիկ իրեն դիմում են հենց սերիալում խաղացած կերպարի անունով:Մեր զրույցի ընթացքում անդրադարձել ենք դերասանուհու, ինչպես նաև՝ Անի Քոչարյան կին տեսակին:

- Որպես փորձառու դերասանուհի՝ տարիների ընթացքում ի՞նչ եք վերցրել և ի՞նչ չեք հասցրել ստանալ բեմից:
-Բեմն ինձ տվել է բազում երջանիկ պահեր, ինքնավստահություն, շատ բան է տվել...Իսկ այն, ինչ չեմ հասցրել, դեռ կհասցնեմ ստանալ, ես դեռ պատրաստվում եմ երկար մնալ բեմում...
-Ե ՞րբ եք զգում, որ մասնագիտական տարերքի մեջ եք, ամենաբավարարվածն այդ առումով:
-Թատրոնում ողջ ներկայացման ընթացքում ես տարերքի մեջ եմ, իսկ ամենաերջանիկ պահն այն է, երբ հանդիսատեսը ծափահարում է, ու նրանց աչքերում տեսնում ես, որ քո խաղը ստացվել է:
-Ի ՞նչը կստիպի ձեզ դադարել զբաղվել դերասանությամբ:
-Աստված մի արասցե, որ նման հանգամանք ի հայտ գա, որը կստիպի ինձ բեմ չբարձրանալ: Բեմն այն կախարդական դաշտն է, որ քեզ կլանում է սպունգի պես, դա մի անհասկանալի բան է...Սակայն կյանքը հիմա այնպիսին է, որ երբեք չես կարող ասել, թե հաջորդ րոպեին ինչ կլինի, այնուամենայնիվ, Աստծուն կխնդրեմ, որ միշտ բեմում լինեմ:
-Դուք երկար ժամանակ է՝ աշխատում եք թատրոնում, ձեր կերտած ամենահոգեհարազատ դերը ո՞րն է:
- Ջոն Պատրիկի «Տարօրինակ միսիս Սևիջ»-ում խաղացածս դերը: Այդ կերպարը ուներ սուր լեզու, կարող էր ամեն վայրկյան խայթել, բայց, միևնույն ժամանակ, սիրում էր մարդկանց:

-Երբևէ որևէ դերից հրաժարվե՞լ եք, եթե այո՝ ինչու՞:
-Հրաժարվել եմ, ոչ թե կոնկրետ դերից, այլ՝ նախագծից: Իսկ թատրոնում չի եղել նման բան:
-Թատրոնի՝ տասը տարի առաջվա և այսօրվա հանդիսատեսը ինչո ՞վ են տարբերվում:
-Հանդիսատեսը գնալով ավելի պահանջկոտ է դառնում: Եթե նախկինում հնարավոր էր պարզ, անմիջական սյուժեներով հանդիսատեսին պահել, դահլիճում, ապա այսօր դա ավելի դժվար է:
-Այսօր երիտասարդ դերասանների մեջ տեսնու՞մ եք այն պոտենցիալը, որը թույլ կտա, որ սերնդափոխություն լինի:
-Անշուշտ, տեսնում եմ: Հիմա շատ շնորհալի երիտասարդ դերասաններ կան, ովքեր կարող են փոխարինել ավագ սերնդի ներկայացուցիչներին:
-Սերիալներում հանդես գալու առավելությունը ձեզ համար ո ՞րն էր:
-Միայն ճանաչում և գումար ձեռք բերելը, ուրիշ՝ ոչինչ:
-Եղե՞լ է, որ սերիալում կերտած կերպարի անունով ձեզ կոչեն:
-Անցել է յոթ տարի, բայց ինձ դեռ Գոհար են ասում՝ «Հարևանները» սերիալում կերտած կերպարիս անունով: Դրանից հետո շատ դերեր եմ խաղացել, բայց ինձ շարունակում են այդ անունով դիմել: Մեր բակում մի կոշկակար կա, ամեն օր ինձ ասում է. «Բարև, Գոհար»: Սկզբում ուղղում էի նրան, հետո հասկացա, որ անօգուտ է (ծիծաղում է):
-Ինչպե՞ս կբնութագրեք ձեր կին տեսակը՝ մեկ բառով:
-Հայ կին. սրանով ամեն բան ասված է: Նա հավատարիմ է, անմնացորդ նվիրված իր ընտանիքին:

-Շարունակեք միտքս. «Դերասանուհին որքան տարիքով մեծանում է, այնքան...
-Ներքինով հարստանում է...
-Ձեր զավակները ժառանգե ՞լ են ձեր գեները:
-Տղայիս մեջ որոշ դերասանական հատկանիշներ նկատում եմ, նա պնդում է, որ հետագայում կընտրի իմ մասնագիտությունը, բայց դեռ 11 տարեկան էլ չկա, հետևաբար, հնարավոր է՝ այդ ցանկությունը փոփոխության ենթարկվի:
-Կանացի երջանկություն ունենալու համար ի՞նչ է հարկավոր, դուք դա ունե ՞ք:
-Պետք է ուղղակի նկատել այդ երջանկությունը: Եթե, օրինակ, դու մայր ես և ունես երեխա, դու արդեն իսկ երջանիկ կին ես, նայած թե որպես կին որտեղ ես տեսնում այդ երջանկությունը: Ես իմ կյանում շատ շնորհակալ մարդ եմ՝ ապրածս ամեն վայրկյանի համար, և ինձ համարում եմ երջանիկ մարդ, անգամ՝ ինձ շատ ավելին է տրված, քան արժանի եմ: