.jpg)
«Միջազգային բակալավրիատը»` ազգային համակարգի բաղադրիչ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է «Միջազգային բակալավրիատ» կազմակերպության Աֆրիկայի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի զարգացման և ճանաչման պատասխանատու Ակե Սորմանին, ով Հայաստանում է` մասնակցելու Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի գլխավոր վեհաժողովի աշխատանքներին: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՆ մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի` Նիդեռլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում «Միջազգային բակալավրիատ» կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքի հետ հարցեր, մասնավորապես, ՀՀ-ում «Միջազգային բակալավրիատի դիպլոմ» ավարտական վկայականի ճանաչման, հանրակրթական ուսումնական հաստատություններում միջազգային բակալավրիատի կրթական ծրագրի ներդրման, ինչպես նաև հայաստանյան կրթական ծրագրերի հետ համադրման հարցեր:
«Միջազգային բակալավրիատի բրենդն ինքնին ենթադրում է կրթության բարձր որակ: Մեզ համար կարևոր է ներդնել այդ հաջողված փորձը մեր կրթական համակարգում, և որ այն դառնա մեր ազգային համակարգի բաղադրիչը»,- նշել է Ա. Աշոտյանը` ընդգծելով, որ ընդհանուր առմամբ` կրթության որակի և ծրագրային խնդիրներ չկան:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև տարրական կրթության միջազգային բակալավրիատի ծրագրի` հայերենով ուսուցման հնարավորությանը, որը ըստ նախարարի, կարող է լինել լավ մեկնարկ ծրագրի համար: Խոսվել է նաև վերոնշյալ ծրագրերում մանկավարժական բուհերի ներառման հնարավորության մասին:
Նշենք, որ «Միջազգային բակալավրիատ» կազմակերպությունը կօժանդակի ՀՀ «Միջազգային բակալավրիատի դիպլոմ» ծրագիրն իրականացնող կրթական հաստատություններին` տրամադրելով ուսումնական նյութեր և կազմակերպելով դասավանդողների փորձի փոխանակումներ: ԿԳ նախարարությունը կապահովի համապատասխան կրթական հաստատությունների ակտիվ մասնակցությունը` «Միջազգային բակալավրիատի դիպլոմ» ծրագրին:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի այլ դպրոցների ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը և վերապատրաստումների կազմակերպմանը: