«Դեմ եմ»-ը գոհ չէ փոփոխված օրինագծից. Ձեռքբերում է, բայց կան վերապահումներ
16/05/2014 16:06

«Դեմ եմ»-ը գոհ չէ փոփոխված օրինագծից. Ձեռքբերում է, բայց կան վերապահումներ

Քաղաքացիների հետևողական պայքարի արդյունքում կառավարությունը ավելացրեց դիմումների հատվածը, որ պետք է գրեն դիմումներ, որպեսզի գումարը չպահվի: Սա առաջընթաց է, ձեռքբերում է, սակայն կան բազմաթիվ վերապահումներ, որոնք առաջացնում են խնդիրներ: Լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով երկրորդ ընթերցմամբ ընդունված կուտակային օրինագծին, նման կարծիք հայտնեց «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանը:

«Անտրամաբանական է, որ քաղաքացիները պետք է դիմում գրեն, որպեսզի հրաժարվեն պարտադիր համակարգին մասնակցությունից: Եթե 80 տոկոսն է դեմ, ինչպո՞ւ պետք է 80 տոկոսը դիմում գրի և ոչ թե 20 տոկոսը»,- ասաց նա:

Կուտակայինի վերաբերյալ խորհրդարանի ընդունած օրինագծով անձի մասնակցությունը, նրա խոսքով, դարձել է կամավոր, սակայն համակարգը մնացել է պարտադիր:

Նա անդրադարձավ նաև ֆոնդերին փոխանցվող գումարներին` նշելով, որ սա Սահմանադրական դատարանը վիճելի համարեց՝ ասելով, որ ԿԲ-ի դերը չարաշահված է. «Սա նշանակում է, որ կառավարությունը գործի է դնում մի մեխանիզմ, որը ՍԴ-ն արդեն հակասահմանադրական է ճանաչել: Սա նշանակում է, որ պայքարը պետք է շարունակվի: Մենք պետք է պայքարենք, որպեսզի այս վիճահարույց կետերը ևս շտկվեն»:

Ինչ վերաբերում է գումարները հետ վերադարձնելուն, ապա նախաձեռնության անդամ Լուսինե Վաթյանն ասաց, որ լրամշակված և արդեն ընդունված օրինագծում գումարների հետ վերադարձման հարցը բարձրացված չէ, և իրենց պահանջները չեն բավարարվել:

«Մեր պահանջները սահմանադրական են: Պահանջները կատարվել են թերի, մնացել են խոցելի հարցեր, որոնք այսօր լուծում չեն կարող ստանալ, թեև ակնկալվում էր, որ նոր օրինագծով կլինի»,- ասաց նա:

Նախաձեռնության անդամները կոչ արեցին քաղաքացիներին` անպայման դիմումներ գրել և չենթարկվել հնարավոր ճնշումներին:

«Դիմումների ձևը կմշակվի, կհրապարակվի, այն մարդիկ, ովքեր ֆոնդեր են ընտրել, կարող են դիմում գրել և ընթացիկ ամսվանից պահումներ չեն արվի: Բոլորը պետք է հասկանան, որ դիմումներն օրենքի ուժ են ստացել»,- ասաց Լուսինե Վաթյանը` եզրափակելով խոսքը, որ իրենց բողոքի ակցիաները դեռ կշարունակվեն:
 

«Դեմ եմ»-ը գոհ չէ փոփոխված օրինագծից. Ձեռքբերում է, բայց կան վերապահումներ