.jpg)
Թունավորման մեղավորը «Հայասի՞ն» է. Գետում 20 կգ ձկների անկում է եղել
Այսօր տեղեկություն է տարածվել, որ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի հատվածում՝ Շահվարդ գետում, տեղի է ունեցել ձկների զանգվածային անկում (մոտ 20 կգ):
Aysor.am-ի հետ զրույցում Արագածոտնի մարզի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Յուրա Ազատյանը փոխանցեց, որ մասնագետները փորձանմուշներ են վերցրել, պատասխաները մի քանի օրից պատրաստ կլինեն:
Թե ինչը կարող էր զանգվածային թունավորման պատճառ դառնալ, մարզի գյուղվարչության պետը չցանկացավ ենթադրություններ անել:
Այն դիտարկմանը, որ Ոսկեվազում է գտնվում «Հայասի» կոնյակի գործարանը, որի անվան հետ էր կապված 2013թ-ի թունավորման դեպքերը, Յուրա Ազատյանը նշեց, որ հնարավոր է, սակայն քիչ հավանական:
Հիշեցնենք, որ 2013թ-ի օգոստոս և սեպտեմբեր ամիսների Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Օշական գյուղերում խմելու ջրից թունավորման դեպքեր էին գրանցվել մարդկանց շրջանում: Լուրեր էին տարածվել, որ խմելու ջրագիծն անցնում է «Հայասի» կոնյակի գործարանի տարածքով և հավանական է, որ հենց գործարանն է խմելու ջրի թունավորման մեղավորը:
Նշենք, որ երկու համայնքների խմելու ջրի թունավորման աղբյուրն այդպես էլ հստակ չպարզվեց: Այժմ էլ Ոսկեվազի տարածքով անցնող գետում ձկների անկում է գրանցվել:
Aysor.am-ին բնապահպանության նախարարությունից տեղեկացրեցին, որ դեպքի առնչությամբ ոստիկանությանը տեղեկացվել է, թունավորման տարածքում աշխատել են բնապահպանության տեսչության աշխատակցիները, փորձանմուշներն ուղարկվել է Սննդի անվտանգության պետական ծառայության լաբորատորիա: Բնապահպանության նախարարի հանձնարարականով ստուգվում է նաև տարածքի տնտեսվարողներին, տվյալ դեպքում «Հայասի» կոնյակի գործարանը:
Նախարարությունից փոխանցեցին, որ անկած ձկները գտնվում էին գետի հատակում, որը բնորոշ չէ անկած ձկներին. Սովորաբար նման դեպքերում ձկները դուրս են գալիս ջրի մակերևույթ:
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ «Հայասի» կոնյակի գործարանը պատկանում է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին: