Հովիկ Աբրահամյան. Հայաստանը և ԵՄ-ն կշարունակեն խորացնել համագործակցությունը
16/05/2014 18:08

Հովիկ Աբրահամյան. Հայաստանը և ԵՄ-ն կշարունակեն խորացնել համագործակցությունը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեային, ում հետ հանդիպմանը վարչապետն ընդգծել է, որ նոր ձևավորված կառավարությունը շարունակելու է ակտիվ համագործակցությունը ԵՄ-ի հետ և գործնական քայլեր իրականացնել այն խորացնելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են Կառավարությունից: 

Տրայան Հրիսթեան շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ և բարձր գնահատել ԱԺ նախագահի պաշտոնում ծավալված կառուցողական համագործակցությունը: Դա, ըստ ԵՄ դեսպանի, լավ հիմք է հետագա համատեղ արդյունավետ աշխատանքի և առաջընթացի համար:

Տրայան Հրիսթեան վերահաստատել է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը մեր երկրի տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին և ավելի բարձր մակարդակի հասցնել երկկողմ գործակցությունը:

Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը և Տրայան Հրիսթեան քննարկել են Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների հետագա խորացման հեռանկարները: Երկուստեք ընդգծվել է, որ փոխգործակցության զարգացումը պետք է բխի 2013 թ. նոյեմբերին Վիլնյուսի գագաթնաժողովի շրջանակում ընդունված Հայաստան-ԵՄ համատեղ հայտարարությունից:

Այն վերահաստատում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում ակտիվ համագործակցություն շարունակելու վերաբերյալ կողմերի հանձնառությունը և ԵՄ-Հայաստան քաղաքականության գործողությունների ծրագրի արդիականացման անհրաժեշտությունը:
 

Հովիկ Աբրահամյան. Հայաստանը և ԵՄ-ն կշարունակեն խորացնել համագործակցությունը