Անուշ Արշակյան. Եթե մարդկանց վիրավորել եմ՝ ներողություն եմ խնդրում
16/05/2014 17:30

Անուշ Արշակյան. Եթե մարդկանց վիրավորել եմ՝ ներողություն եմ խնդրում

Եթե մարդկանց վիրավորել են իմ խոսքերը, եթե դա նրանք անձնական վիրավորանք են համարում կամ համարում են, որ ես մի խումբ մարդկանց եմ վիրավորել՝ ես նրանցից խոնարհաբար ներողություն եմ խնդրում: Այս մասին այսօր «Ազատություն» ռ/կ-ի Facebook-յան ասուլիսի ժամանակ ասաց Անուշ Արշակյանը՝ անդրադառնալով նախօրեին Aravot.am-ում հրապարակված իր և Ինգա Արշակյանի աղմկահարույց հարցազրույցում հնչեցրած մտքերին՝ այս տարվա «Եվրատեսիլի» հաղթող Կոնչիտա Վյուրստի վերաբերյալ:

«Իմ ամենայն հարգանքը դեպի լրագրողը, բայց կարծում եմ, որ նրա հարցադրումն արդեն իսկ սխալ էր ու էթիկայից դուրս: Նա ինձ հարցրեց՝ «ինչպե՞ս են կոնչիտաները ազդում հայկական ընտանիքների վրա»: Հարցն ամենասկզբից ենթատեքստով էր տրված: Ուզում եմ նշել, որ իմ ամբողջ նեգատիվ գնահատականը տրված էր Կոնչիտայի բեմական կերպարին: Ես գնահատում եմ ոչ միայն երգը, այլև՝ բեմական կերպարը, տեսքը: Ինչ կապված է հոգեկան հիվանդների հետ հատվածին՝ մտքի սխալ ձևակերպում ու թյուրըմբռնում է տեղի ունեցել, որովհետև աղմուկ էր, մենք գերլարված էինք, այդ օրերին շատ միջոցառումների էինք մասնակցում և ուղղակի սխալ եմ ձևակերպել իմ միտքը: Ես շատ ցավում եմ տեղի ունեցածի համար»,- ասաց Անուշ Արշակյանը:

«Մենք հակակրանք ենք տածում Կոնչիտա Վյուրստի բեմական կերպարի հանդեպ, թե նա բեմից դուրս ինչ կանի, ինչ կհագնի՝ իր խնդիրն է: Մենք նրան ցածր ենք գնահատել, ոչ թե իր կողմնորոշման, այլ՝ բեմական կերպարի համար»,- ավելացրեց Ինգա Արշակյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ է հայկական ժյուրին միտումնավոր նվազեցրել «ՍՄՍ» քվեարկությամբ Ավստրիային տրված բարձր միավորները՝ Արշակյան քույրերը պարզաբանեցին, որ նման բան հատուկ անել ուղղակի չէին կարող, քանի որ ժյուրին քվեարկել է «ՍՄՍ» քվեարկությունից մեկ օր առաջ:

Հիշեցնենք, որ նախօրեին Aravot.am-ի լրագրողի հետ զրույցում անդրադառնալով «Եվրատեսիլ» մրցույթում այս տարվա հաղթող Կոնչիտա Վյուրստին Անուշ Արշակյանը մասնավորապես ասել էր.

«Եթե համարենք, որ այդ մարդիկ հիվանդ են, նրանց կարելի է բուժել և այդ առումով իմ հակակրանքը հասկանալի է: Ինչպես հոգեկան հիվանդն է հակակրանք առաջացնում, այնպես էլ նման երևույթները: Իմ հակակրանքը ճիշտ այդպիսին է: Ես ոչ թե ագրեսիվ եմ, այլ՝ մերժողական այդպիսի դրսևորումների հանդեպ»:
 

Անուշ Արշակյան. Եթե մարդկանց վիրավորել եմ՝ ներողություն եմ խնդրում