Միջադեպ «Քվանտ» վարժարանում՝ աշակերտի և ուսուցչի միջև
16/05/2014 20:19

Միջադեպ «Քվանտ» վարժարանում՝ աշակերտի և ուսուցչի միջև

Օրերս Aysor.am-ը ահազանգ ստացավ, որ «Քվանտ» վարժարանում մաթեմատիկայի դասի ժամանակ  ուսուցիչը 8-րդ դասարանի աշակերտներից մեկի  ձեռքից քաշել ու կոպտորեն դուրս է շպրտել դասասենյակից:

Նշենք, որ դպրոցի անձնակազմը պնդում է, որ երեխաներին կարգուկանոնը խախտելու համար դեղին քարտեր են տալիս, իսկ դպրոցի դասասենյակներում և միջանցքներում տեղադրված են տեսախցիկներ, որոնք տեսագրում են դասապրոցեսն ու առօրյան:

Դպրոցի տնօրեն Ռոբերտ Վարդանյանը ահազանգը ստանալու օրը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ չի ցանկանում հեռախոսով խոսել. եթե ցանկանում ենք խոսել, ապա գնանք դպրոց և խոսենք դասղեկի և երեխայի համադասարանցիների հետ: Լսելով, որ պատրաստ ենք անմիջապես գալ դպրոց, տնօրենը առարկեց, ասելով, որ օր կնշանակի այդ հանդիպման համար, իսկ անձամբ ինքը հարցազրույց տալ չի ցանկանում:

Այդ ընթացքում Aysor.am-ը տեղեկություններ ստացավ, որ այդ երեխայի համադասարանցիներին նախապատրաստել են մեր այցելությանը՝ ասելով, որ միայն բացասական երանգավորմամբ խոսեն միջադեպի մասնակից դասընկերոջ մասին:

Այսօր դպրոցի անձնակազմից մեր թղթակցին և օպերատորին դիմավորեց տնօրենի օգնականը, ով ուղեկցեց դպրոցի դասասենյակ, որտեղ առաստաղին տեսախցիկ կար տեղադրված, սակայն պարզվեց, որ տնօրինությունից ցուցում կա, որ որևէ մեկին չտեսագրեն, իսկ ամբողջ օրը «տեսանկարահանվելու սովոր» ուսուցիչները, աշխատակիցներն ու աշակերտները կտրականապես չեն ցանկանում տեսագրվել և կխոսեն միայն, եթե օպերատորը չնկարահանի: Չնայած սրան՝ մեր ողջ զրույցը իրենց մեկ այլ տեսախցիկով ևս տեսանկարահանվել է, որի տեսագրությունը, ինչպես նաև միջադեպի օրը միջանցքում կատարվածը խոստացան տրամադրել, քանի որ նրանց պնդմամբ, այդ դասարանում, որտեղ կատարվել է միջադեպը, տեսախցիկ չի եղել: Aysor.am-ի տեղեկություններով՝ այդ դասարանում տեսախցիկ եղել է:

Դպրոցի սոցիալական-հոգեբանական ծառայության վարիչ Ելենա Բարտենևան Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ միջադեպի մասնակից երեխան առանձնացել է իր վարքով, սակայն հոգեբանը դեպքից ոչ առաջ, ոչ էլ հետո երեխայի հետ առանձին չի խոսել, քանի որ դրա կարիքը չի զգացել:

«Նա իրեն անկարգ էր պահում, ուսուցիչներին չէր հարգում, չէր ենթարկվում, երբ որ ասում էին՝ գրի՝ չէր գրում, երբ որ խնդրում էին չխոսել՝ խոսում էր: Ես խոսել եմ այդ մասին ընդհանուր դասղեկական ժողովին, իր հետ անձնապես չեմ խոսել»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե դժվար վարք ունեցող երեխաների հետ հատուկ աշխատանք են տանում, նման կարիք այդ երեխայի դեպքում եղե՞լ է և անձամբ ինքը՝ հոգեբանը, ի՞նչ է արել այդ իրավիճակը շկելու համար, նա ասաց. «Խոսել եմ, բայց ոչ երեխայի հետ, այլ ընդհանուր դասղեկական ժողովին: Երեխայի հետ, ինչքան գիտեմ, խոսել է տնօրենը, դասղեկն է իրեն տեսել, ես այդ դասարանին հետևել եմ դեպքից առաջ և հետո, իսկ երեխայի հետ առանձանազրույց երբևէ չեմ ունեցել, քանի որ չեմ ցանկացել առանձնացնել նրան, բացի այդ, երեխան էլ չի ցանկացել ինձ հետ խոսել»,- բացատրեց նա:

Ե. Բարտենևայի խոսքով՝ երեխան է նպաստել, որ ուսուցիչը իրեն հանի դասասենյակից դուրս:

Հարցին՝ դպրոցում գրեթե ամենուր տեղադրված են տեսախցիկներ, այդ թվում՝ նաև դասասենյակներում, արդյոք ինքը ծանոթա՞ցել է դրանց տեսագրությունների հետ, միգուցե ուսուցիչը ի՞նքն է բորբոքված եղել և բռնություն կիրառել երեխայի նկատմամբ, Ե. Բարտենևան ասաց. «Այդ օրը նրանք պարապում էին առանց տեսագրման: Այդ դեպքում երեխան է պատճառ հանդիսացել, որովհետև ես գիտեմ և’ ուսուցչին և’ երեխային»:

Մաթեմատիկայի ուսուցիչ Արեգ Ստեփանյանը, ում դասաժամին էլ եղել է  միջադեպը, ասաց, որ երեխան ընդունակ է և իրենք նախկինում խնդիրներ չեն ունեցել:

«Նա դասին իրեն շատ վատ էր պահում, մասնավորաբար, հեռախոսով խոսում էր: Նկատողություն անելուց հետո ասաց, որ քանի որ ծնողն է զանգում, չի կարող չխոսել, խոսում էր կողքինների հետ, հեռախոսով, sms-ներ էր գրում, ընդհանրապես դասին չէր մասնակցում, և երբ շատ չափից դուրս եկավ, խնդրեցի, որ դուրս գա, գնա տնօրենի մոտ: Սկզբում ասացի, որ միասին կգնանք, ինքը շարունակեց զանգել, sms-ներ գրել ու ինձ ասաց, որ ոչ մի տեղ չի գնա, մինչև ծնողը անձամբ չգա: Շարունակեց նստել դասին, երբ որ նույնը շարունակվեց չափից դուրս, ես դուրս հրավիրեցի նրան, հրաժարվեց: Ես ևս մի քանի րոպե դիմացա, սակայն նա շարունակեց խանգարել և ես ստիպված բռնեցի ձեռքից և նրան ուղղություն ցույց տվեցի դեպի դուռը: Չգիտեմ՝ ինչ է եղել դրսում, ես նրան խնդրեցի սպասել դրսում, որ հետո միասին տնօրենի մոտ գնանք, նա վերադարձավ, ինձ սկսեց սպառնալ և առաջարկեց նույնիսկ հեռանալ շենքի տարածքից, որովհետև հետագայում «վատ է լինելու»»,- ասաց նա:

Ա. Ստեփանյանի հավաստմամբ՝ ինքը այլ տարբերակ չի ունեցել, քանի որ երկու անգամ նկատողություն անելուց հետո, երբ դուրս է հրավիրել, «երեխան մի անգամ պնդել է, որ դաս անելու համար է մնում, որովհետև այստեղ եկել է դաս սովորելու, բայց դասի ընթացքում ինքը ոչ մի բան չարեց, ոչ մի տող չգրեց և խանգարում էր: Ես ուղղակի ձեռքից բռնել, ու առանց ցավ պատճառելու՝ դասարանից դուրս եմ հանել»:

Հարցին՝ արդյոք նախկինում խնդիրներ ունեցե՞լ են այդ աշակերտի հետ, ուսուցիչը պատասխանեց. «Ես նրան մեկ տարի եմ դաս տալիս, տարվա սկզբին լավ է եղել, արդյունքում վատացել է, որն էլ ազդում էր առաջադիմության վրա: Ես խոսել եմ հետը, ասել, պետք չի ուրիշ բանով զբաղվել, որ իր էներգիան ծախսի սովորելու վրա, քանի որ ընդունակ աշակերտ է, սակայն ինքը նույնիկ վերաքննություն ընկավ, չնայած, վերաքննության ժամանակ էլ ամենաբարձր գնահատականը ստացավ: Ինքը ամեն անգամ ինձ հավատացնում էր, որ փոխվելու է»,- ասաց նա:

Դասարանի դասղեկի՝  Խաչատրյանի խոսքով, իր համար էլ անակնկալ է եղել այս դեպքը, քանի որ ի սկզբանե լավ կարծիք է ունեցել այդ աշակերտի վերաբերյալ:

«Ես չէի սպասում նման բան, քանի որ տարեսկզբին տպավորոթյունը դրական էր՝ սովորող, սուսուփուս աշակերտ: Դա նոր կազմավորված դասարան է՝ տարբեր տեղերից հավաքված, դեռահասության տարիքում գտնվող երեխաների, և որպես կենսաբան ասեմ, որ այդ տարիքին հատուկ է անհավասարակշվածությունը, ըմբոստությունը, ուզում են ճարպկությամբ և քաջությամբ աչքի ընկեն, գործը առաջ տանեն, բոլորի մոտ աքլորանալ կա: Երկրորդ կիսամյակից ինքը բավականին թափ հավաքեց դեպի վատը: Իմ դասերի ժամանակ համեմատբար զուսպ էր իրեն պահում: Ես այդ հեռախոսների ձեռքը չգիտեմ, ինչ պետք է անենք, բոլորը ստորագրել են կանոնադրություն, որ պետք է դասաժամին հեռախոսները հավաքեն, բայց հնարավոր չի, թաքուն կմտցնեն, կխաղան: Այդ երեխայի մասին համադասարանցիներից լսել եմ, որ մեծախոսության էր հակված, աշակերտները ասում էին՝ այդ ի՞նչ ձևով էր խոսում այդ օրը»,- ասաց նա:

Aysor.am-ի տեղեկություններով՝ մինչև մեր գնալը դասղեկը զրուցել էր աշակերտների հետ և հորդորել նրանց միայն բացասականը ասել իրենց համադասարանցու մասին:

Ստեփանյանը դա հերքեց, ասելով, որ ինքը պարբերաբար էլ խոսում է աշակերտների հետ և այս դեպքից հետո էլ խոսել է, սակայն որևէ բան չի հորդորել:

«Երեխաներից մեկը ասաց՝ «երեխեք, դուք սպասո՞ւմ էիք, որ նա այդպես կանի»: Մյուսն էլ ասաց, թե «ինձ թվում է, որ իրեն դուխ տվող կա և իրան թվացել է, որ ամեն ինչի ունակ է»: Երրորդն էլ ասաց, որ «ես իրան վաղուց եմ ճանաչում, ինքը միշտ էլ այդպիսին է եղել, պարզապես այստեղ մի քիչ սկզբում տեղավորվեց, հարմարվեց, իրեն լավ դրսևորեց, հետո փոխվեց»»,- ասաց նա:

Համադասարանցիներից դպրոցում միայն դասարանի ավագն էր մնացել՝ Սերինեն, որ մտնելով դասասենյակ, անմիջապես հայտարարեց, որ ինքը անչափահաս է և Ուկրաինայի քաղաքացի, այդ պատճառով էլ չի ցանկանում, որ իրեն նկարահանեն:
Սերինեն անգիր արած տեսքտի նման հայտարարեց, որ իր համադասարանցին  ոչ հարիր պահվածք է դրսևորել:
«Ես ներկա եմ եղել դասին, եղել է միջադեպ ընկեր Ստեփանյանի հետ: Միջադեպի ընթացքում նա բացահայտ վիրավորում էր ուսուցչին՝ դրսևորելով աշակերտին ոչ հարիր պահվածք: Չնայած նա շատ էր զայրացրել ուսուցչին, բայց նա շատ հանգիստ դուրս հրավիրեց նրան, երևի թե եթե այլ մարդ լիներ, այդ կերպ չվարվեր: Դասի ընթացքում նա ուսուցչին «մուտիլովշիկ» էր անվանում, թե ինչի, մենք էլ չհասկացանք, որովհետև տնօրենի նախաձեռնությամբ դասը անցկացվում էր տեսախցիկով լսարանում»,- ասաց նա:

Aysor.am-ի ճշտող հարցին՝ այսինքն, ամեն դեպքում դասը նկարահանվել է, Սերինեի կողքին նստած հոգեբանը հարցրեց՝  միթե՞ նկարահանվել է: Այստեղ  բավականին ուշագրավ պատմություն սկսվեց, քանի որ աշակերտուհին պատասխանեց. «Ոչ, մեկ դաս առաջ, թե երկու, այդտեղ անցկացվել է նկարահանում: Տնօրենն էլ դասի սկզբում մտավ ընկեր Ստեփանյանի հետ: Նա հորդորեց այդպիսի վերաբերմունք չունենալ ուսուցչի նկատմամբ, հենց այդ աշակերտն էլ սկսեց խոսակցությունը, և ընկեր Ստեփանյանին «մուտիլովշիկ» անվանեց: Տնօրենի նախաձեռնությամբ դասը անցկացվում էր տեսակցիկներով: Նա շարունակեց պնդումները, իսկ ընկեր Ստեփանյանը առաջարկեց, եթե ունի առարկություններ, ապա դասից հետո երկուսով տնօրենին մոտենան և զրուցեն: Հետո նրա հեռախոսին սկսեցին զանգեր գալ, և ուսուցիչը նկատողություն արեց ու թույլ չտվեց նրան դուրս գալ, քանի որ պատճառաբանեց, որ ըստ կանոնադրության, թույլ չի տրվում դասարանից դուրս գալ խոսելու համար: Նա սկսեց եկող sms-ներին պատասխանել:

Ուսուցիչը խնդրեց նրան դուրս գալ, ինչին ի պատասխան նա ասաց, որ  վճարում է ուսման համար, այլ ոչ թե որ ամեն անգամ դասից դուրս հրավիրեն, հետո նա զրուցում էր, խանգարում դասը, և ընկեր Ստեփանյանը խնդրեց, որ դասարանից դուրս գա, և նա սկսեց ավելի խանգարել, ասաց՝ «ո՞վ ես է դու, արդեն ներվերիս վրա ես ազդում»: Ընկեր Ստեփանյանը արդեն դուրս հանեց նրան, ասաց, որ նա վեր կենա և դուրս գա, բայց ձեռքից չի բռնել, կարող է, ընդամենը մի պահ հպվել է»,- ասաց նա:

Սերինեն հերքեց նաև այն, որ իրենց հարաբերությունները լարված են եղել, ասելով, որ որևէ լուրջ խնդիր նրա հետ կապված չի եղել, այդ աշակերտի հետ բոլորը լավ են եղել մինչև այն, երբ նա սկսել է կոպտել ուսուցիչներին, իսկ իրենց կապել է այն, որ երկուսն էլ անգելերենի լավ են տիրապետում, թեև ընկերություն չեն արել:

Հարցին՝ երբվանից է իր համադասարանցու վարքը փոխվել, Սերինեն ասաց, որ նա լարվել է դեղին քարտ ստանալուց հետո. «Ժամանակի ընթացքում, երբ իր պահվածքում ոչ նորմալ դրսևորումներ եղան, անընդհատ խոսում էր, իսկ ուսուցիչները նկատողություն էին տալիս, նա ստացավ դեղին քարտ՝ մեկ, թե երկու անգամ, նա դրանից հետո սկսեց ավելի լարվել, ոչ ադեկվատ դրսևորումներ էր ցուցաբերում իրեն արված նկատողություններին»:

Դպրոցի տնօրեն Ռ. Վարդանյանը տեղում չէր, սակայն հեռախոսով փոխանցեց, որ երեխան հեռացված չէ, ծնողներն են երեխայի փաստաթղթերը վերցրել, իսկ դպրոցում կատարվածի վերաբերյալ քննարկում մեկ անգամ արդեն եղել է ուսուցիչների մասնակցությամբ, մեկն էլ պատրաստվում են շուտով անցկացնել:

Հ. Գ. Ցանկալի կլինի լսել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի տեսակետը այս դեպքի առնչությամբ՝ հաշվի առնելով այն, որ վերջերս հաճախացել են ուսուցիչների և աշակերտների մասնակցությամբ նման դեպքերի մասին հրապարակումները մամուլում:
 

Միջադեպ «Քվանտ» վարժարանում՝ աշակերտի և ուսուցչի միջև