.jpg)
Շուշաննա Թովմասյան. Կրկնակի զվարճալին կատարվում է կադրից այն կողմ
Տնփեսա նախագծի դերասանուհիներից Շուշաննա Թովմասյանը՝ շատերին հայտնի Անուշիկը, նշում է, որ հումորային ծրագրի նկարահանումները պակաս զվարճալի չեն, քան բուն հաղորդումը: Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է կադրից դուրս մնացած հետաքրքիր դրվագների մասին, անկեղծացել է նաև որոշ անձնական հարցերի շուրջ, որոնք հետաքրքրում են նրա երկրպագուներին:

-«Դժվար ապրուստ» սերիալում, «Տնփեսա» նախագծում ձեր կերտած կերպարների և ձեր միջև որևէ ընդհանրություն կա՞:
-Երկու կերպարների մեջ էլ ինձնից ինչ-որ բան ներդրել եմ:
-Ինչպե՞ս հայտնվեցիք այս ոլորտում:
-Մինչև սերիալում հանդեսը գալը սովորել եմ Աբել Աբելյանի ղեկավարած դերասանական ստուդիայում, ապա քասթինգի միջոցով ընտրվել եմ սերիալում նկարահանվելու համար:
-Բացի աշխատելը, որքանով տեղյակ եմ, նաև սովորում եք, այո՞:
-Այո, սովորում եմ Թատերական ինստիտուտի երրորդ կուրսում՝ Հեռուստառեժիսուրա բաժնում:
-Ֆիլմերում նկարահանվելու առաջարկ ստացե՞լ եք:
-Այո, առաջարկներ եղել են, որոնք մերժել եմ: Դա պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ սցենարը դուրս չի եկել, կամ մտածել եմ, որ տվյալ կերպարն ինձ համար չէ:
-Որպես դերասանուհի՝ առաջիկայի ի՞նչ նպատակներ ունեք:
-Գերադասում եմ նպատակների մասին չխոսել: Եթե դրանց կեսի կեսն էլ իրականացնեմ, նոր կբարձրաձայնեմ դրանց մասին: Շուտով կավարտվի «Տնփեսայի» երկրորդ եթերաշրջանը, որոշակի դադար կլինի, նախագիծը շարունակական կլինի թե ոչ՝ դեռևս չեմ կարող ասել: Բացի այդ՝ էլի մի քանի ծրագրեր կան, որոնք, կարծում եմ, առաջիկայում կիրագործվեն: Ամեն դեպքում, նորություններ կլինեն:
.jpg)
-Ո՞րն է ձեր ոլորտի այն բարձրակետը, որին ձգտում եք հասնել:
-Ինձ համար հատուկ բարձրակետ չեմ ընտրել:Պարզապես, խոչընդոտները հաղթահարելով, շարժվում եմ առաջ. ուր եմ գնում՝ չգիտեմ, բայց կփորձեմ ընթացքից հետ չմնալ: Քայլերս, գուցե, ակնառու չեն, բայց ուզում եմ լինել օրինակելի:
-Արդեն պատկերացնում ենք, թե որքան ուրախ մթնոլոտում են անցնում «Տնփեսայի» նկարահանումները: Վստահ ենք, որ կադրից դուրս բազում զվարճալի դեպքեր են գրանցվում: Դրանցից վերջինի մասին կպատմե՞ք:
-Այն, ինչ տեսնում եք եթերում, դրա կրկնակի զվարճալին կատարվում է կադրից այն կողմ: Մեզ մոտ մթնոլորտը շատ ջերմ է: Կադրից դուրս գրանցված վերջին դեպքը, որը տպավորվել է, կապված է իմ կերպարի և նրանից անբաժան դարձած ակնոցի հետ: Վերջերս մի դրվագում էի նկարահանվում, ընթացքում զգացի, որ բոլորին շատ պարզ եմ տեսնում և հասկացա, որ արդեն վեց րոպե էր՝ նկարահանվել էի առանց ակնոցի, և ոչ ոք դա չէր նկատել:Արդեն այնքան եմ սովորել այդ ակնոցին, որ երբ չեմ դնում, կարծես ինչ-որ կարևոր բան պակասում է:
-Ի դեպ, շատերին է հետաքրքիր՝ ակնոցն օպտիկակա՞ն է:
-Ոչ, դա կերպարային ակնոց է:
-Շարունակեք միտքս. «Կյանքում դերասանուհի թույլատրվում է լինել միայն մի դեպքում, երբ...»
-Կյանքի և ոչ մի պարագայում պետք չէ դերասանություն անել: Վերջինս իր մեջ պարունակում է խաղ, իսկ խաղալ պետք է միայն բեմում:

-Կա՞ դերասանուհու մի կերպար, որն օրինակ է ձեզ համար:
-Ինձ համար նախ՝ հիանալի մարդ, ապա՝ օրինակելի դերասանուհի է Աիդա Բաբաջանյանը, ում գործոնն իմ մասնագիտության մեջ որոշ առումով վարպետանալու հարցում մեծ է: Նրա խորհուրդները փրկություն են ինձ համար:
-Նշեք մեկ լավ և մեկ վատ փոփոխություն ձեր կյանքում՝ հայտնի դառնալուց հետո:
-Լավն այն է, որ ճանաչվում ես, սկսում ես մարդկանց հետաքրքրել, ինչը հաճելի է: Իսկ վատ կողմն այն է, որ մշտապես ուշադրության կենտրոնում ես և երբեմն չես անում բաներ, որ կանեիր, եթե ճանաչված չլինեիր և՝ հակառակը:
-Ի՞նչ նախասիրություններ ունեք, ինչով եք զբաղվում ազատ ժամանակ:
-Ազատ ժամանակս սիրում եմ անցկացնել ընկերներիս շրջանում, իսկ հոբբիս բոուլինգով զբաղվելն է:
-Էությամբ լիդե՞ր եք:
-Չէի ասի, թե լիդեր եմ, իսկ եթե հայտնվում եմ այդ կերպարում, ուրեմն իրավիճակն է թելադրում:
-Շա՞տ ընկերներ ունեք: Ընկերոջ ո՞ր հատկությունն եք ամենաշատը գնահատում:
-Ունեմ շատ ծանոթներ, բայց մեծ շրջապատ ունենալուն, շատ ծանոթությունների չեմ ձգտում: Եթե հայտնվում եմ մեծ շրջապատում, սիրով ընկերանում եմ բոլորի հետ, իսկ մտերիմ ընկերներս երեքն են:
-Ձեզ պես երիտասարդ և հայտնի աղջիկների շրջանում հաճախ են խորհրդավոր երկրպագուներ հայտնվում. ձեր խոսքը՝ ուղղված նրանց:
-Պարզապես շնորհակալ եմ ջերմ վերաբերմունքի համար, ուրիշ ասելիք չունեմ; Եղել են դեպքեր, երբ այդ երկրպագուները մոտեցել են, ոգևորված խոստովանություններ են արել: Նման դեպքերում, սովորաբար, սկզբում շնորհակալություն եմ հայտնում, հետո մի պահ սկսում եմ վախենալ: Բայց այդ ամենն անցողիկ է. ընդամենը լսում եմ և վերջ:
-Ինքներդ ներդաշնա՞կ եք ձեր արտաքին տեսքի հետ, հնարավորության դեպքում ինչ-որ բան կփոխեի՞ք:
-Այդ առումով շատ ներդաշնակ եմ ինքս ինձ հետ: Կարծում եմ՝ ամեն բան կարգին է, ոչինչ չէի փոխի:
-Մեկ գլոբալ և մեկ անձնական ցանկություն-երազանք կասե՞ք:
-Գլոբալ երազանքս այն է, որ ամենուրեք խաղաղություն, անդորր տիրի, իսկ անհատական երազանքներ, իհարկե, ունեմ, բայց դրանց մասին չեմ բարձրաձայնի: Այն երազանքները, որոնք իրականանալի են, փորձում եմ դարձնել նպատակ, իսկ որոնք ոչ՝ դրանք միայն իմն են: