Ստեփան Դեմիրճյանը վերընտրվել է ՀԺԿ նախագահ
16/05/2014 18:17

Ստեփան Դեմիրճյանը վերընտրվել է ՀԺԿ նախագահ

Հայաստանի Ժողովրդական կուսակցության 8-րդ հերթական համագումարում ընտրվել է 80 հոգուց կազմված վարչություն և ՀԺԿ նախագահ է միաձայն վերընտրել Ստեփան Դեմիրճյանին: ՀԺԿ վարչության ընդլայնված նիստում ընտրվել է 12 հոգուց բաղկացած քաղաքական խորհուրդ, իսկ վարչության քարտուղարներ են ընտրվել Գրիգոր Հարությունյանը, Ստեփան Մինասյանը, Ֆելիքս Խաչատրյանը: Այս մասին հայտնում են կուսակցության լրատվական  ծառայությունից:

Կուսակցությունը նաև հայտարարություն է ընդունել, որում ասված է.

«Արձանագրելով, որ գործող վարչախմբի գործունեության հետևանքով երկիրը հայտնվել է աղետալի վիճակում, համագումարը նշում է, որ երկրին անհրաժեշտ են արմատական, համակարգային փոփոխություններ, և դրա համար անհրաժեշտ է հասարակական, քաղաքական ուժերի լայն համախմբում։

Առաջնահերթ խնդիր է մնում ժողովրդավարական ընտրությունների միջոցով օրինական իշխանության ձևավորումը, ոչ թե սահմանադրական փոփոխությունների իրականացումը։ ՀԺԿ-ն մերժում է սահմանադրությունը բազմիցս խախտած վարչախմբի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները:

Երկրում առկա համակողմանի ճգնաժամը պայմանավորված է ոչ թե սահմանադրության անկատարությամբ, այլ սահմանադրության ոտնահարմամբ։

Պետք է կյանքի կոչվի սահմանադրության 2-րդ անփոփոխ հոդվածը, համաձայն որի ժողովուրդն իր իշխանությունը իրականացնում է ազատ ընտրությունների միջոցով, ինչը հիմք կհանդիսանա երկրում տիրող բարոյա-հոգեբանական մթնոլորտի առողջացման, մարդկանց մեջ վաղվա օրվա նկատմամբ հավատի վերականգնման և երկրի կայուն զարգացումն ապահովելու համար»։ 

Ստեփան Դեմիրճյանը վերընտրվել է ՀԺԿ նախագահ