.jpg)
Թ.Դե Վաալ. Լրացուցիչ դիտորդներն ավելի աչալուրջ կհետևեն հրադադարի պահպանմանը
Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալի` «Մոռացված սահմանագիծ» հոդվածը տպագրվել է Քարնեգի հիմնադրամի պաշտոնական կայքում: Ներկայացնում ենք հատված այդ հոդվածից.
«Այն ընթացքում, երբ Սիրիայում և Իրաքում, իսկ վերջին ժամանակներում նաև Ուկրաինայում տեղի ունեցող բռնության զանգվածային դեպքերը գրավում են մեր ամբողջ ուշադրությունը, հեշտ է դանդաղ, բայց հստակ մոռանալ այն հակամարտությունների մասին, որոնք հաճախ «սառեցված» են համարվում:
Այս շաբաթ լրացավ 1994թ.-ի մայիսի 12-ին Ռուսաստանի միջնորդությամբ կնքված ԼՂ զինադադարի 20-ամյակը: Մարտական գործողությունները դադարեցվեցին: Առանց խաղաղապահ ուժերի ներգրավման ուժի մեջ մտավ կրակի դադարեցման վերաբերյալ ինքնակարգավորվող ռեժիմը: Այդ պահից սկսած ղարաբաղյան շփման գիծը վերածվեց իսկական պատերազմական գոտու. Խրամատները որոշ տեղամասերում իրարից ընդամենը 100 մետր հեռավորության վրա են գտնվում, իսկ հրադադարի ռեժիմը խախտվում է անհանգստացնող հաճախականությամբ:
Որքան զոհեր են գրանցվել 20 տարիների ընթացքում: Երբեմն հակամարտության կողմերը բարձրաձայնում են զոհվածների թվերի մասին, երբեմն թաքցնում: Այս շաբաթ ադրբեջանական «Դոկտրինա» ռազմավարական լրագրողական հետազոտությունների կենտրոնը ներկայացրել է «ծանր» թվեր: Ես նման բարձր ցուցանիշ երբևէ չէի տեսել, սակայն անհրաժեշտ է այն լուրջ համարել, քանի որ դրանք հիմնված են զինվորների ընտանիքների տեղեկությունների և ռազմական այլ աղբյուրների վրա:
«Դոկտրինան» նշում է, որ այս ամբողջ ընթացքում Հայաստանի կրակոցների պատճառով զոհվել են ավելի քան 610 ադրբեջանցի զինվորներ և 15 քաղաքացիներ, վիրավորել 710 զինվորներ և ավելի քան 40 քաղաքացիներ: Նրանք տեղեկացնում են, որ ականներից մահացել են 120 զինվորներ և 18 քաղաքացի, վիրավորվել է ավելի քան 200 զինվոր և 40 քաղաքացի:
Ես չեմ տեսել Հայաստանի կողմից մահացածների ընդհանուր ցուցանիշները, սակայն նրանք Ադրբեջանի հետ նույն ցուցանիշը կունենան: Գրեթե ոչ մի հայ քաղաքացի չի բնակվում շփման գծի մոտ, սակայն տեղեկություններ կան Ադրբեջանի սահմանին մոտ գտնվող հայ գյուղացիների մահվան մասին:
Սահմանին գրանցվող մահերը դժվար է արձանագրել և ստուգել դրանք, քանի որ շփման գիծը ստուգվում է ԵԱՀԿ-ի` ընդամենը 6 միջազգային դիտորդների կողմից: Քարնեգիի Կենտրոնում իր ելութի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ ԵԱՀԿ-ն ավելի շոշափելի ներկայություն ունենա շփման գծում, որպեսզի հնարավոր լինի փոքրացնել զոհերի թիվը: Նրա կարծիքով, դիտորդներն այժմ չունեն ոչ մանդատ, ոչ էլ ռեսուրսներ, որպեսզի կարողանան վերջ տալ հաճախակի դարձած զոհերին, կամ սահմանեն պատասխանատվություն:
Սակայն գործարքը կարելի է կյանքի կոչել: ԵԱՀԿ լրացուցիչ դիտորդները կարող են մանդատ ձեռք բերել: Օրինակ, նրանք կարող են վերահսկել հրադադարն ավելի աչալուրջ կերպով, ինչպես հայերն են ցանկանում և նրանք կարող են նաև զեկուցել Ղարաբաղի շուրջ օկուպացված ադրբեջանական տարածքներում ստեղծված իրավիճակի մասին:
Անկախ յուրաքանչյուր կողմի փաստարկների էությանը, շարքային զինվորներ և քաղացիները վճարում են սահմանագծի վերաբերյալ համաձայնագրի բացակայության գինը»,- ասվում է Թոմաս դե Վաալի հոդվածում: