.jpg)
Երևանում մեկնարկեց առաջին թաթագիտական միջազգային գիտաժողովը
Այսօր Երևանի պետական համալսարանում մեկնարկեց առաջին թաթագիտական միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են շուրջ 40 գիտնականներ Հայաստանից, Իրանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Լեհաստանից, ԱՄՆ-ից և այլ երկրներից: Գիտաժողովի ընթացքում նախատեսված են ելույթներ ներկայիս Ադրբեջանի Հանրապետության տեղաբնիկ այս ժողովրդի լեզվի, մշակույթի, պատմության, ազգագրության վերաբերյալ:
«Գիտաժողովը ծրագրվել էր մոտ մեկ տարի առաջ: Փաստորեն Երևանի պետական համալսարանի իրանագիտության կենտրոնը այն եզակի ակադեմիական շրջանակներից ու հաստատություններից է, որոնք զբաղվում են այս ժողովրդով: Նրա լեզվով, մշակույթով, մարդաբանությամբ, ազգագրությամբ, քաղաքական հոսանքների պատմությամբ և այլ հարցերով»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի դոցենտ, գիտաժողովի կազմկոմիտեի անդամ Վարդան Ոսկանյանը.
«Այսօր ես առանց որևէ չափազանցության կարող եմ վստահորեն ասել, որ Հայաստանը, թերևս, այն միակ ու բացառիկ կենտրոններից է, որտեղ զբաղվում են երկու խոշորագույն իրանական տեղաբնիկ ժողովուրդներով՝ թալիշներով ու թաթերով: Ընդհանրապես Հայաստանն այս տեղաբնիկ ժողովուրդներն ընկալում են որպես կարևորագույն կենտրոն, որի վրա հենվելով իրենք կարող են առաջ տանել իրենց խնդիրները»,- ասաց Վարդան Ոսկանյանն՝ ընդգծելով.
«Այս ժողովուրդները, սովորաբար, Հայաստանից ակնկալում են աջակցություն մի քանի ոլորտներում: Դրանից առաջինը քարոզչության դաշտում է` նկատի ունեմ այս ժողովուրդների ներկայացումը միջազգային հանրությանը: Այդ հնարավորությունը Հայաստանն ունի թե՛ գիտական առումով, թե՛ ԶԼՄ-ների դաշտի մակարդակով, թե՛ տարբեր միջազգային կառույցներում ներկայացված լինելով: Երկրորդ ոլորտը զուտ բարոյական աջակցության խնդիրն է, այսինքն՝ նրանց համար շատ ոգևորիչ է, որ սեփական հայրենիքում հնարավորություն չունենալով զբաղվել սեփական մշակույթի, լեզվի, պատմության ուսումնասիրույթյամբ՝ դա կատարվում է մեկ այլ երկրում: Ընդ որում, երկրում, որի մասին իրենց հայրենիքի պետական քարոզչությունը տարածում է տեղեկատվություն, թե իբր այնտեղ սով է, աղքատություն ու առհասարակ Հայաստանը ներկայացվում է որպես խիստ թշնամական երկիր: Իրականում շատ թալիշներ, թաթեր, լեզգիններ, ավարցիներ այս հակասությունից սկսում են հետաքրքրվել՝ եթե Հայաստանը թշնամի է ու զբաղվում է մեր խնդիրներով, ապա մեր, «բարեկամական» իշխանություններն ինչո՞ւ չեն անդրադառնում մեր խնդիրներին: Հարցից բխում է համապատասխան եզրակացություն»,- ասաց Վարդան Ոսկանյանը:
Իրանագիտության ամբիոնի դոցենտի խոսքով՝ մի շարք երկրներից գիտնականների մասնակցությունն այս գիտաժողովին իսկապես կարևոր է.
«Կցանկանայի շեշտել, որ Ռուսաստանից Դաղստանյան հետաքրքիր պատվիրակություն է եկել, Ֆրանսիայից, Լեհասատանից, Իրանից, ԱՄՆ-ից, շատ երկրներից գիտնականներ են ժամանել: Նաև մենք ունենք հենց թաթ մասնակից, ով եկել է Ադրբեջանից, սակայն, այսպես ասած, չի ուզում շատ երևալ, քանի որ հետագայում կարող է որոշակի դժվարություններ ունենալ»,- ասաց Վարդան Ոսկանյանը:
Հետաքրքիր է, որ գիտաժողովի ընթացքում մասնակիցները հեռագրի տեսքով, ադրբեջաներենով ողջույնի խոսք ստացան «Շիրվանի ազատագրման ճակատ» կազմակերպությունից (այն իր գործունեության մասին հայտարարել է երկու ամիս առաջ և նպատակ ունի ներկայիս Ադրբեջանի տարածքում Շիրվանի պարսկական անկախ հանրապետության հռչակել), որում ամբողջ թաթ ժողովրդի անունից ազատագրական ճակատի անդամները շնորհակալություն էին հայտնում նման մակարդակով գիտաժողով կազմակերպելու ու իրենց խնդիրների մասին բարձրաձայնելու համար:
Նշենք, որ թաթերը բնակվում են Արևելյան Այսրկովկասի հիմնականում մերձակասպյան շրջաններում՝ Ապշերոնի թերակղզուց, մինչև Լեռնային Շիրվան: Այսրկովկասի մահմեդական թաթերի զգալի մասը 19-րդ դարի վերջերից սկսած՝ հիմնականում քաղաքական հանգամանքներով պայմանավորված ենթարկվել է էթնիկ ուծացման կամ թյուրքացման՝ գործընթաց, որն արհեստականորեն շարունակվում է նաև այսօր: