Տեղի ունեցավ ՀՖՖ 12-րդ տարեկան ժողովը (Տեսանյութ)
17/05/2014 16:33

Տեղի ունեցավ ՀՖՖ 12-րդ տարեկան ժողովը (Տեսանյութ)

Մայիսի 17-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ ՀՖՖ 12-րդ տարեկան ժողովը:

Ժողովում հաշվետվությամբ հանդես եկավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Նախորդ ֆինանսական տարվա հաշվապահական հաշվեկշիռը և ֆինանսական հաշվետվությունը ՀՖՖ ժողովի պատվիրակների հաստամանը ներկայացրեց ՀՖՖ առաջին փոխնախագահ և գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը: Միջոցառմանը ներկա էր նաև ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամ Սերգեյ Ֆուրսենկոն:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը մեջբերել է համաժողովում, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ելույթի տեքստը:

Համաժողովի հարգելի մասնակիցներ, հարգարժան հյուրեր,

Ողջունում եմ ձեզ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 12-րդ համաժողովում:

Ուզում եմ հակիրճ ներկայացնել այն կարևորագույն և առաջնային խնդիրները, որոնք լուծել ենք այս ընթացքում՝ հետևելով ֆուտբոլի զարգացման մեր ծրագրային քաղաքականությանը:

Ինձ համար հիմնական և ֆունդամենտալ խնդիրը իմ պաշտոնավարության բոլոր տարիներին եղել և մնում է ֆուտբոլային ենթակառուցվածքների, ժամանակակից մանկապատանեկան ֆուտբոլի ստեղծումը և զարգացումը, ազգային հավաքական թիմերի առջև դրվող խնդիրների իրագործման համար հիմքերի շարունակական ապահովումը:

Կարևոր եմ համարում նաև նպաստավոր համագործակցությունը ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կառույցների հետ, միջազգային կրթական և վերապատրաստման ծրագրերում ներգրավված լինելը, ֆուտբոլի մասսայականացումը, ազգային առաջնության հետևողական զարգացման համար հետագա նախադրյալների ստեղծումը:

Անցյալ տարի, երբ գումարում էինք մեր ընդհանուր ժողովը, նշեցինք, որ Գյումրիում ֆուտբոլի ակադեմիայի կառուցումից հետո ֆուտբոլը նոր զարգացում կարող է ապրել ամբողջ Շիրակի տարածաշրջանում: Այդ ժամանակ մենք նոր էինք սկսել Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի կառուցումը:

Այսօր կարող եմ բոլորիդ տեղեկացնել, որ Գյումրիում արդեն ավարտվել է ֆուտբոլի ակադեմիայի կառուցումը: Շիրակի տարածաշրջանի համար ստեղծվել է նախադեպը չունեցող ժամանակակից ֆուտբոլային մի ենթակառուցվածք, որի հանդիսավոր բացմանը կմասնակցենք առաջիկայում:

Այսօր արդեն Գյումրիում ունենք 8 հեկտար տարածություն զբաղեցնող, արհեստական 2 և բնական խոտածածկով 6 խաղադաշտերով, մարզչական, մրցավարական և այլ ենթակառուցվածքների գործունեությունն ապահովող 400 քառակուսի մետր տարածք զբաղեցնող եռահարկ կառույցով այնպիսի ֆուտբոլային մի ենթակառուցվածք, որ Գյումրին երբեք չի ունեցել: Վստահ եմ, որ այն նոր զարգացում է ապահովելու հայկական ֆուտբոլի համար: Այն մեծ նշանակություն է ունենալու Շիրակի ողջ տարածաշրջանում ֆուտբոլի և հատկապես մանկապատանեկան ֆուտբոլի կայացման համար:

Գյումրիի ակադեմիան մեծ դեր է ունենալու նաև, ընդհանրապես, այդ տարածաշրջանի մարզական կյանքում: Ճիշտ կառավարելու, տնօրինելու և շահագործելու դեպքում, իսկ հակառակը ես երբեք թույլ չեմ տա, այն նաև կարևոր տնտեսական և սոցիալական նշանակություն է ունենալու մեր երկրի հյուսիսի համար:

Մեր նախորդ համաժողովից հետո մենք շահագործման ենք հանձնել նաև ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ ֆուտբոլի ակադեմիայի 2500 նստատեղով, ծածկած տրիբունայով, 3000 մետր քառակուսի օգտակար մակերեսով և սպասարկման շինություններով նորակառույց մարզադաշտը:

Այդ իրադարձությունից օրեր անց, արհեստական խոտածածկով և 400 տեղով ծածկած տրիբունայով հերթական խաղադաշտն է բացվել Լեռնային Ղարաբաղում՝ Շուշիում: Օրեր առաջ նորակառույց մարզադաշտ բացվեց նաև Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում:

Մենք սկսել ենք նաև Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի շինարարական աշխատանքները: Առաջիկայում զարգացած ֆուտբոլային ենթակառուցվածք կունենանք նաև մեր երկրի այս տարածաշրջանում:

Դրա արդյունքում ինչպես Վանաձորը, այնպես էլ ամբողջ Լոռվա տարածաշրջանը կունենան ֆուտբոլի զարգացման լուրջ հեռանկարներ, մարզական կյանքը, տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքները զարգացնելու նախադրյալներ:

Ես մշտապես ասել եմ, որ միայն ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացմամբ կարող ենք նպաստել մանկապատանեկան ֆուտբոլի, ֆուտբոլային տնտեսության զարգացմանը Հայաստանում:

Սա միակ երաշխիքն է, որ ապագայում կարող ենք ունենալ զարգացած ֆուտբոլային համակարգ և նոր մտածողությամբ ֆուտբոլային սերունդ:

Մեր այս քաղաքականությունն իրեն արդեն զգացնել տվել է: Դրա հետևանքները նկատվում են ինչպես բոլոր տարիքային ազգային հավաքական թիմերի մակարդակով, այնպես էլ մանկապատանեկան ֆուտբոլում մասնակիցների ընդգրկված լինելու մեծ աճով:

Այս ամենն ավելի ակնհայտ կմիջամտի հայկական ֆուտբոլին առաջիկայում, որովհետև ֆուտբոլը տարիների ներդրում է պահանջում:

Իսկ այս ներդրումները հնարավոր է իրականացնել միայն կայուն և երկար ֆինանսական միջոցների առկայության դեպքում: Ինչպես կտեսնեք քիչ հետո ներկայացվող ֆինանսական հաշվետվությունից, այդ խնդիրը ևս կարողացել ենք բավական հաջողությամբ լուծել:

Համաժողովի հարգելի մասնակիցներ

Անցյալ տարի, մեր ընդհանուր ժողովի գումարման օրերին Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում էր 66-րդ հորիզոնականը: Այսօր Հայաստանի ազգային հավաքականը զբաղեցնում է 33-րդ հորիզոնականը:

Իհարկե, այս արդյունքը չի կարող ինձ բավարարել: Իհարկե, ես սա արդյունք չեմ համարում, որովհետև հավաքականի առջև խնդիր էր դրված դուրս գալ եզրափակիչ փուլ: Բայց և չեմ կարող չնշել, որ ազգային հավաքականի մասով կատարվել է հսկայական լուրջ աշխատանք:

Ինչպես գիտեք, Հայաստանի ազգային հավաքականն այսօր ունի նոր գլխավոր մարզիչ, որի առջև դրված են լրջագույն խնդիրներ: Մենք միասին, նկատի ունեմ գործադիր կոմիտեի անդամների հետ, ծանոթացել ենք նրա ներկայացրած ծրագրերին:

Առաջիկայում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի կողմից կներկայացվի բոլոր տարիքային ազգային հավաքական թիմերի, մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման արդեն երկարաժամկետ ծրագիրը:

Այս պահին էլ մեր ազգային հավաքականի, բոլոր տարիքային հավաքական թիմերի համար ընթանում են ծրագրով նախատեսված հավաքներ, ընկերական հանդիպումներ: Ինչպես գիտեք, ազգային հավաքականն առաջիկա օրերին երկարատև հավաք և ընկերական հանդիպումների շարք է ունենալու:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ապահովել է և միշտ ապահովելու է բոլոր նախադրյալները, որպեսզի մենք կարողանանք արձանագրել մեր ցանկացած հաջողությունները:

Ինչպես արդեն ասացի, մեր քաղաքականության մեջ կարևոր դեր է հատկացված նաև միջազգային կրթական և վերապատրաստման ծրագրերում ներգրավված լինելուն: Այս ուղղությամբ ևս կատարված է մեծ ծավալի աշխատանք:

Այս ընթացքում մեր մարզիչները մասնակցել են ՈՒԵՖԱ-ի՝ մարզիչների գիտելիքների փոխանակման միջազգային ծրագրերին, մարզչական կրթության սեմինարների, իրականացվել են մարզչական արտոնագրերի տրամադրման գործընթացները բոլոր մակարդակներով:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակել է ներդրում ունենալ մասսայական ֆուտբոլի զարգացման ծրագրերում:

Իրականացվել են նախագծեր, որոնք արժանացել են ՈՒԵՖԱ-ի կարևոր մրցանակների: Մենք շատ կարևոր ենք համարում մասսայական ֆուտբոլի զարգացումը, որովհետև այդտեղից է ճանապարհը դեպի պրոֆեսիոնալ ֆուտբոլ:

Ինչպես նշեցի իմ խոսքի սկզբում, մենք կարևոր ենք համարում ազգային առաջնության զարգացման համար հետագա նախադրյալների ստեղծումը:

Այս ուղղությամբ ևս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համապատասխան ստորաբաժանումները կատարել են ծավալուն աշխատանք:

Հանրային քննարկման են դրվել առաջնության կազմակերպման կանոնակարգային խնդիրները, կատարվել է ակումբների արտոնագրման բազմակողմանի համեմատական վերլուծությունը:

Սրանք խնդիրներ են, որոնք քաղաքականության առումով կարող են էական դեր խաղալ առաջիկայում:

Համաժողովի հարգելի մասնակիցներ

Ինչպես գիտեք, ես երբեք բավարարված չեմ զգացել կատարված աշխատանքներով, և շարունակելու ենք իրագործել մեր ծրագրային քաղաքականությամբ նախատեսված բոլոր խնդիրները: Հայկական ֆուտբոլը լինելու է մի ուրիշ հանգրվանում, չնայած այն արդեն այլ հարթությունում է՝ ճանաչված և ընդունված ֆուտբոլային տերությունների կողմից:

 

Տեղի ունեցավ ՀՖՖ 12-րդ տարեկան ժողովը (Տեսանյութ)