.jpg)
«Լևոն» ՍՊԸ-ն չի վճարում գյուղացիների պարտքերը. Ահազանգ
««Լևոն» ՍՊԸ-ն՝ Հոկտեմբերյանի պահածոների նախկին գործարանը, ինձ 5 մլն դրամ է պարտք մթերման դիմաց, մինչև հիմա չի տվել»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ակնալիճ գյուղի բնակիչ Վաչագան Կնյազյանը՝ հավելելով, որ տասնայկ մարդկանց է ճանաչում, որոնց գործարանը մթերված բանջարեղենի պարտքեր ունի:
Նա նաև ասաց, որ հոկտեմբերից մինչև երկու ամսի առաջ գործարանից ասում էին, որ մեկ-երկու օրից կվճարեն, սակայն արդեն երկու ամիս է ո՛չ տեղում են, և ո՛չ էլ զանգերին են պատասխանում: Վաչագանն այժմ դաշտում լոլիկ է մշակում, սակայն հաստատ որոշել է, որ «Արմավիրի պահածոների գործարանին» մթերք չի հանձնի, իսկ թե որ մթերող կազմակերպությանը կհանձնի` դեռևս չգիտի:
«Ո՛չ գիտեմ բերքը ում հանձնել, ո՛չ գիտեմ` ջուր կլինի, ո՛չ գիտեմ` հանձնեմ փող կտան. Էսպես չգիտեմներով տուն եմ պահում»,- դառնացավ Վաչագանը:
Նաև հավելեց, որ ջրի պարտք են ունենում` պահանջում են, բանկին պարտքեր ունի` պետք է վճարի, իսկ ոչ ոք պատասխանատվություն չի կրում, որ իրենց գումարները վերադարձնեն:
Նա գտնում է, որ ղեկավար այրերն են մեղավոր` չեն կարողանում կառավարել, և նման իրավիճակ է ստեղծվում. «Աշխատում, 40 000 դրամ աշխատավարձ եմ ստանում, բայց էդ գումարով չեմ կարողանում ընտանիք պահել, ստիպված հողագործությամբ եմ զբաղվում, էն էլ փողը չեն տալիս, ո՞նց ապրեմ»:
Aysor.am-ին ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը հաղորդեց, որ զրուցել է «Լևոն» ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Հարությունյանի հետ. գյուղմթերքի դիմաց պարտքերը ընկերությւոնը 15 օրում պարտավորվել է վճարել: