.jpg)
«Ժողովրդական երգիչ 4» Գրիգոր Միրզոյանը՝ հովանավորների մասին. Life.panorama
Արդեն հայտնի է «Ժողովրդական երգիչ 4» նախագծի հաղթողի անունը՝ Գրիգոր Միրզոյան: Նախագծի շրջանակներում գործադրած նրա ջանքերն ու հանդիսատեսի համակրանքը դարձան երգչի հաղթանակի գրավականները: Life.panorama.am-ը Գրիգորի հետ զրուցել է սպասված հաղթանակի, ձեռքբերումների, նրա նախասիրությունների ու երկրպագուների մասին:

-Ո՞րն եք համարում նախագծի շրջանակներում ունեցած ձեր ամենամեծ ձեռքբերումը:
-Ինչ հարկավոր է սկսնակ երգչին՝ ստացել եմ. բեմական փորձ, պրոֆեսիոնալիզմ, ճանաչում, ինչպես նաև՝ սփյուռքին ներկայանալու հնարավորություն:
-Հաղթանակը ձեզ համար սպասելի՞ էր:
-Միշտ ցանկացել եմ հաղթել, սակայն դա ինձ համար առաջնային նպատակ չի եղել: Պարզապես ձգտել եմ լավ ելույթ ունենալ և վայելել հանդիսատեսի սերը:

-Ո՞րն էր ձեր հաղթանակի գլխավոր գրավականը:
-Բացի այն շնորհը, որ տրված է բնատուր, կարծում եմ՝ իմ հաջողության գրավականը աշխատասիրությունն էր: Երբեք չեմ տրտնջացել փորձերի ժամանակ, նպատակ եմ դրել, որ ինչ երգեմ՝ լավ երգեմ:
-Եզրափակչին ի՞նչ կանխազգացում ունեիք:
-Եզրափակչին ավելի հանգիստ էի, քանի որ այդ փուլ անցնելն արդեն իսկ հաղթանակ էր, բացի այդ՝ եթե Սուրեն Ավոյանն էլ հաղթեր, շատ ուրախ կլինեի: Վստահ եմ՝ ինքն էլ ուրախ է ինձ համար:
-Նախագծից է՞լ ում կատարումներն էիք հավանում:
-Սուրենին համարում եմ մի երգիչ, ում կարելի է վստահել ցանկացած երգ, Դավիթի ձայնն էլ շատ եմ հավանում, ինչպես նաև՝ հոգեհարազատ է Տիրուհու երգեցողությունը:

-Որտեղի՞ց է ժողովրդական երգերի նկատմամբ ձեր սերը:
-Հայրս երաժիշտ է, մայրս ևս լավ ձայն ունի. երգում է, բայց սիրողական մակարդակով:
-Ու՞մ եք համարում այս ոլորտի ձեր ուսուցիչը:
-Նախ՝ Կոնսերվատորիայի դասախոսներիս, ապա ՝ նախագծի մասնագետներին:
-Դուք սովորել եք Դասական վոկալ բաժնում, սակայն երգում եք ժողովրդական երգեր. ինչպե՞ս ստացվեց անցումը:
-Թեև սովորել եմ այդ բաժնում, բայց միշտ ժողովրդական արվեստն եմ սիրել. այդ մասին դասախոսներս էլ գիտեին: Ամեն դեպքում՝ դասականը որպես հիմք ունենալը շատ լավ է: Այն շատ օգնել է ժողովրդական երգերն ընկալելու և ճիշտ մատուցելու հարցում:
-Մեր ժողովրդական երգիչներից ու՞մ եք համակրում:
-Իհարկե, Ռուբեն Մաթևոսյանին, իսկ ավելի երիտասարդներից՝ մեր նախագծի մասնակիցներին:
-Ինչ-որ տեղ աշխատու՞մ եք:
-Ճիշտն ասած՝ չեմ էլ հասցրել այդ մասին մտածել: Հայոց բանակում ծառայեցի, վերադարձա, ու ընդամենը երեք ամիս անց մեկնարկեց նախագիծը: Ծառայության ժամանակ երազում էի, որ հանկարծ շուտ չմեկնարկի «Ժողովրդական երգիչը», որպեսզի հասցնեմ մասնակցել:
-Կարծում եք՝ հետագայում կկարողանա՞ք ժողովրդական երգի միջոցով վաստակել:
-Ամեն դեպքում, չեմ պատրաստվում այս ճանապարհից շեղվել. թող գումարը քիչ լինի, բայց ես հավատարիմ մնամ ժողովրդական երգին:
-Դուք Էջմիածնի Առատաշեն գյուղից եք. պատկերացնում ենք՝ ձեր համագյուղացիներն ինչպես են ձեզ երկրպագում:
-Անգամ չափից շատ է իմ հանդեպ ուշադրությունը. այնքան, որ, երբեմն, նեղվում եմ: Ընդ որում՝ այդ ուշադրությունը զգում եմ ոչ միայն մեր գյուղի ժողովրդի, այլև՝ երևանցիների, սյունեցիների կողմից. պապս սյունեցի է:
-Երկրպագուների հետ կապված հետաքրքիր դեպք կհիշե՞ք:
-Մի դեպք ամենաշատն է տպավորվել. Երևանում էի, հանրային տրանսպորտում, այդ ժամանակ նախագիծը նոր էր մեկնարկել, հանկարծ մոտ երեք տարեկան մի երեխա մատով ցույց տվեց ինձ ու ասաց. «Վայ, մամա ժողովրդական երգիչի տղան»: Նույնիսկ մայրը չէր ճանաչում ինձ, բայց փոքրիկը հիշել էր (ծիծաղում է):