Լևոն Կոջոյան. Ինձ հիմա էլ ամենաշատը ոգեշնչում է կյանքը
19/05/2014 20:50

Լևոն Կոջոյան. Ինձ հիմա էլ ամենաշատը ոգեշնչում է կյանքը

Aysor.am-ը ներկայացնում է նկարիչ Լևոն Կոջոյանի «կյանքի կանոնները»:

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Կոջոյանը ծնվել է 1924 թ. Ռուսաստանում: Աշակերտել է Հակոբ Կոջոյանին: 

Երջանկություն է, բախտավորություն, որ մարդ լույս աշխարհ է գալիս. շնորհակալ եմ իմ ծնողներից և Աստծուց, որ այս աշխարհ եմ եկել և տեսել այս գեղեցկությունը:

Փոքր ժամանակվանից նկարել եմ: Շատ էի սիրում ձիեր նկարել, որովհետև հայրիկս ձիերի հայտնի սիրահար էր, ամեն կիրակի մեզ ձիարշավարան էր տանում, դա ինձ վրա մեծ ազդեցություն թողեց:

Մենք ապրում էինք կանաչ սարի ստորոտի մոտ և բնությունը շատ մոտ էր մեզ: Մենք հաճախ գնում էինք, մարզվում, վազում, ուրախանում, այդ ժամանակից էլ ինձ վրա գեղեցիկի, բնության դրոշմը մնացել է:

Արվեստը` կերպարվեստը հատկապես, կյանքի, գեղեցիկի գովերգումն է: Բեթհովենը ասել էր, որ կանոն չկա աշխարհում` գեղեցիկի գովերգումը արգելելու: Գեղեցիկը պետք է գովերգել:

Աստված պարգևել է մեզ այս մոլորակը և դրախտը հենց մեր երկիրն է, միայն մարդիկ պետք է լինեն զգոն, զուսպ, սիրով, հույսը պահպանեն:

Մարդու համար ամենարեջանիկ օրը այն է, երբ ինքը լույս աշխարհ է եկել:

Մարդը պետք է ձգտի պահպանել այն ներդաշնակությունը, ինչպիսին որ կա տիեզերքում:

Եթե մարդ ընտրել է ինչ-որ մասնագիտություն, ապա պետք է ձգտի հմտանալ, վարպետանալ այդ գործում:

Իմ նշանաբանը կյանքի, գեղեցիկի գովքն է:

Ես առաջընթացի կողմնակիցն եմ: Այն ռեալիզմը, որ կար նախկինում, այժմ դարձել է ավելի կերպարային, արտահայտիչ, փնտրում են գեղեցիկը արտահայտելու այլ միջոց, բայց հիմքում ընկած գեղեցկությունը նույնն է մնացել:

Շատ կարևոր է, որ արվեստի գործիչը չմոռանա ազգայինը:

Իմը ամենասովորականի մեջ գեղեցիկը տեսնելն է, դա կլինի անգամ տանը, կամ շուկայում: Դա էլ իմ շնորհն է:

Իսկական նկարիչը երբեք չի ասում, որ ինքը իսկական նկարիչ է, միակն է:

Իմ կյանքի ամենագեղեցիկ պահը այն էր, երբ ես և հայրս պատերազմի ժամանակ մի պահ հանդիպեցինք, երկուսս էլ զինվորական հագուտով էինք և գրկախառնվեցինք:

Հակոբ Կոջոյանը ինձ առաջին հանդիպման ժամանակ ասաց` դու արդեն նկարիչ ես, բայց պետք է սովորես:

Մենք ամեն օր սովորում ենք` մինչև մեր կյանքի վերջին օրը:

Բնությունը ամենամեծ ուսուցիչն է:

Ինձ հիմա էլ ամենաշատը ոգեշնչում է կյանքը:

 

Նախորդող հրապարակում` Հովհաննես Չեքիջյանի «կյանքի կանոնները». Կատարելությունը փախչում է ինձանից

Արմեն Հյուսնունցի «կյանքի կանոնները». Ամենադժվարը ինքդ քեզ չխաբելն է

Արտո Թունջբոյաջյանի կյանքի կանոնները. Պարտվում ես, եթե խաբում ես ինքդ քեզ 

Լևոն Կոջոյան. Ինձ հիմա էլ ամենաշատը ոգեշնչում է կյանքը