.jpg)
Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող զինվորը չի քանդել բերանի կարերը
Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող զինծառայող Դավիթ Խաչատրյանը դեռևս չի քանդել բերանի կարերը: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դ. Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը: Նրա խոսքով՝ ինքը վերջին անգամ տեղեկություն Դ. Խաչատրյանի մասին իմացել է վերջինիս եղբորից, ով ասել է, որ չնայած իրենց բոլոր ջանքերին, Դ. Խաչատրյանը հրաժարվում է քանդել բերանի կարերը:
Հարցին՝ այս ընթացքում պատկան մարմիններից որևէ արձագանք ստացել են, Ե. Սարգսյանը պատասխանեց, որ իր տեղեկություններով՝ ոչ:
ՀՀ ԱՆ ՔԿՀ հանրային կապերի վարչության պետ Գոռ Ղլեչյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ Դ. Խաչատրյանը այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ և նրա վիճակը գնահատվում է բավարար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ե. Սարգսյանը հայտնել էր, որ իր պաշտպանյալը այդ քայլին է դիմել իր հանդեպ իրականացվող անարդարությունների դեմ պայքարելու այլ տարբերակ չգտնելու պատճառով:
«Իմ պաշտպանյալը չի հերքում, որ իր պատճառով է եղել այդ դեպքը, սակայն նա պահանջում է, որ իրեն միայն դատեն այն բանի համար, ինչ ինքը արել է, այն է՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտումը, որն անզգուշությամբ մահ է առաջացրել, ոչ թե սպանության, քանի որ Դավիթը չի ցանկացել սպանել Լյուքսին»,- ասել էր նա:
Հիշեցնենք, որ վերջին դատական նիստի ժամանակ մեղադրող Արթուր Զաքարյանը Դավիթ Խաչատրյանի համար պահանջեց 18 տարվա ազատազրկում: Դ. Խաչատրյանն էլ իր հերթին ասաց, որ իրեն դատեն իր արածի համար և հացադուլ հայտարարեց:
Ըստ Դ. Խաչատրյանին առաջադրված մեղադրանքի՝ նա նա, հանդիսանալով ՀՀ Պն թիվ 27229 զորամասի զինծառայող, 2013թ. մայիսի 15-ին ընդգրկված լինելով զորամասի պահակախմբի վերակարգում և ժամը 15:00-ից 15:30-ը ծառայություն իրականացնելով պահակակետի մուտքի դռան մոտ` որպես ժամապահ, պահակատան տարածքում տեղակայված ամառային տաղավարում գտնվող հանգստացող հերթափոխի ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանի կողմից իր հասցեին պարբերաբար հնչեցրած հայհոյանքներին ու վիրավորական արտահայտություններին ի պատասխան բացել է իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգի ապահովիչը, լիցքավորել, դրել մենահատ կրակ իռեժիմի վրա, ինքնաձիքի փողն ուղղել տաղավարի ուղղությամբ, ապա Լյուքս Ստեփանյանի կողմից չկրակողի հասցեին հնչեցրած հայհոյանքից ամիջապես հետո, երեք այլ զինծառայողների հետ ոչ մեծ բացօթյա տաղավարում գտնվող Լյուքս Ստեփանյանին ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով` անտեսելով այլ, տվյալ դեպքում իր երեք համածառայողների կյանքին սպառնացող ռեալ վտանգը, մեկ հատ մենահատ կրակոց է արձակել Լյուքս Ստեփանյանի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել է, իսկ շարքային Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային մարմնական վնասվածք, որով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս է պատճառվել է նրա առողջությանը:
Նախորդող հրապարակում՝ Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող զինվորը կարել է բերանը
Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատախազը 18 տարի ազատազրկում պահանջեց