Նարինե Գրիգորյանը՝ իր «առեղծվածային» համբույրի մասին
19/05/2014 19:23

Նարինե Գրիգորյանը՝ իր «առեղծվածային» համբույրի մասին

Օրերս դերասանուհի Նարինե Գրիգորյանը «Հայակ» ազգային կինոմրցանակաբաշխության շրջանակներում արժանացավ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի մրցանակին՝ «Անպոչ ճգնավորը» ֆիլմում խաղացած դերի համար: Life.panorama.am-ը դերասանուհու հետ զրուցել է ֆիլմում կերտած կերպարի, թատրոնին և կինոյին առնչվող մի շարք հարցերի և առաջնեկի ծնունդից հետո դերասանուհի-մայրիկի կյանքում գրանցված փոփոխությունների մասին:

-Օրերս արժանացաք երկրորդ պլանի լավագույն դերասանուհի մրցանակին՝ «Անպոչ ճգնավորը» ֆիլմում կերտած դերի համար. ինչպիսի՞ն է ֆիլմում կերտած ձեր կերպարը:

-Ֆիլմում խաղում եմ առաջին տիկնոջ դեր: Սկզբում, երբ ծանոթացա սցենարին, իմ կերպարին, ռեժիսորին հարցրեցի. «Մ՞իթե դուք ինձ տեսնում եք այդ դերում»: Ինձ պատասխանեցին, որ միայն ինձ են պատկերացնում այդ կերպարում, և ես համաձայնվեցի խաղալ: Ֆիլմի հետ կապված մի հետաքրքիր համընկնում կա: Երբ ես փոքր էի, ասում էի՝ դերասանուհի եմ դառնալու, ինձ միշտ հարցնում էին, որ եթե ստիպված լինեմ համբուրվել ինչ-որ մեկի հետ՝ ինչ եմ անելու: Եվ ես պատասխանում էի, որ մեկուսիչ ժապավեն եմ կպցնելու, նոր համբուրվեմ: Եվ, փաստորեն, իմ խոսքերն իրականություն դարձան. այս ֆիլմում մի դրվագ կա, երբ համբուրում եմ ճարտարապետին, նրա բերանը փակված է ժապավենով, և ես իրականում համբուրում եմ ժապավենը (ծիծաղում է):

-Մրցանակաբաշխությունները որքանո՞վ են կարևոր և ի՞նչ էական բան են փոխում ձեր ոլորտում, մասնավորապես՝ Ձեզ համար:

-Անկեղծ ասած, ինձ համար շատ հաճելի էր ֆիլմի համար մրցանակ ստանալը, քանի որ թատրոնում շատ մրցանակներ եմ ստացել, և կարևոր էր կինոյի ոլորտում գնահատվելը:

-Միջազգային կինոփառատոններում հայաստանյան ֆիլմերի ներկայացումը որքանո՞վ է արդյունավետ:

-Ամեն դեպքում՝ մեր արվեստն ենք ներկայացնում արտերկրին, բայց պետք է նկատել, որ հայկական կինոյի մեջ որոշ խճճվածություն, ծանրություն կա, այս ամենից ձերբազատվելու համար դեռ ճանապարհ կա անցնելու: Բայց մի ուրախացնող փաստ պետք է արձանագրեմ. ծանոթանալով երիտասարդ կինոբեմադրիչների աշխատանքներին՝ հասկանում եմ, որ նրանք նոր շունչ են բերում այս ոլորտ. դա շատ ողջունելի է:

-Դուք հիմա էլի միաժամանակ մի քանի թատրոններու՞մ եք խաղում:

-Քանի որ շատ եմ սիրում աշխատանքս, սովորաբար հասցնում եմ համատեղել, բայց, քանի որ երկու ամիս առաջ բալիկ եմ ունեցել՝ չգիտեմ՝ էլի կհասցնեմ վազվզել, թե ոչ: Ամեն դեպքում,որպես դերասանուհի՝ իմ գլխավոր նախապայմաներն են ինքս իմ մեջ նոր գույներ հայտնաբերելն ու նորովի ներկայանալը, հետևաբար, ամեն բան անում եմ այդ ուղղությամբ:

-Կա՞ մի դեր, որին մինչև հիմա ձգտում եք:

-Շատ կուզենայի լավ ֆիլմում լավ դեր խաղալ: Օրինակ՝ կան չէ՞ այնպիսի դերասաններ, որոնց ընդամենը մեկ ֆիլմում նկարահանվելը մեծ հաջողություն է բերել. այդպիսի կինոնկարում կուզենայի հանդես գալ, որը ժողովրդական սեր կվայելեր:

-Դուք հաճախ հյուրախաղերով լինում եք արտերկրում. ինչպե՞ս են ձեզ ընդունում այնտեղի հայերը և ինչպես՝ արտասահմանցիները:

-Հիմնականում, երբ մեկնում ենք արտերկիր՝ փառատոնների մասնակցելու, հենց մեր սփյուռքի համար ենք գնում: Ուշագրավ է, երբ մենք խաղում ենք արտերկրի հանդիսատեսի համար: Օրինակ՝ «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը, որն այնքան պատկերավոր է, արտերկրի հանդիսատեսի համար խաղացել ենք հայերենով, և վերջինս, լեզուն չիմանալով, ընկալել է այն: Մի անգամ «տիտրերով» ներկայացվեց թարգմանությունը, ինչը ոչ միայն չօգնեց, այլև շատ խանգարեց, որ մեր խոսքը տեղ հասնի:

-Թատրոնի հայ հանդիսատեսի շրջանում ի՞նչը կփոխեիք:

-Կուզենայի, որ ամեն մեկի համար թատրոն գալը տոն լիներ: Ցանկալի կլիներ, որ նրանք նախօրոք պատրաստված գային: Օրինակ՝ կան մարդիկ, ովքեր պիեսը կարդում են, նոր են գալիս ներկայցումը դիտելու. սա շատ գովելի է: Շատ կցանկանայի թատրոն այցելեին այն մարդիկ, ովքեր հեռուստացույցը գերադասում են բեմից: Բացի այդ՝ կուզենայի հայ հանդիսատեսի շրջանում ընդունված քննադատական մոտեցումը վերանար, դրա փոխարեն փորձեին պարզապես վայելել ներկայացումը:

-Ձեր ամուսինը ևս դերասան է. տանը բեմին վերաբերող հարցեր քննարկու՞մ եք:

-Այո, նա միշտ օգնում է ինձ՝ թե ֆիզիկապես, թե´ տեսականորեն ու գործնականորեն: Ես գիտեմ, որ կա մեկը, ով անհանգստանում է ինձ համար, մի աչք, որ ամեն բան տեսնում է. նա ինձ համար կրկնակի օգնություն է: