.jpg)
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը սիրիահայերին աջակցող տոնավաճառ կանցկացնի
Մայիսի 20-ին, ժամը 17:00-19:00-ը, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում («Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ) Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կազմակերպում է ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ ՀԿԽԸ ծրագրերի շրջանակներում գործիքներ ստացած և դրա շնորհիվ սեփական փոքր բիզնես նախաձեռնած սիրիահայերը կներկայացնեն իրենց արտադրանքն ու հմտությունները: Այս մասին տեղեկանում ենք Հայկական Կարմիր խաչի ընկերության մամուլի ծառայությունից:
Տոնավաճառի այցելուները հնարավորություն կունենան համտեսելու և գնելու քաղցրավենիք, ձեռագործ աշխատանքներ և ծանոթանալու տարբեր ոլորտների մասնագետների հետ. այս նախաձեռնությունն այցելուներին անհրաժեշտ տեղեկություն կտա սիրիահայերի աշխատանքի վերաբերյալ՝ տեսանելի դարձնելով այն, իսկ վերջիններիս համար իրենց գործունեությունն ընդլայնելու խթան կհանդիսանա: Կգործի նաև տեղեկատվական տաղավար, որտեղ կներկայացվեն Հայկական Կարմիր խաչի ընկերության գործունեության վերաբերյալ իրազեկող նյութեր և թեմատիկ լուսանկարների ստենդներ:
Ցուցահանդես-վաճառքին հրավիրված են ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և բարձրաստիճան այլ հյուրեր:
Միջոցառումը կուղեկցվի հայկական ժողովրդական երգ ու պարով: