Ա. Երանյանը` սերիալից հրաժարվելու և երկրպագուների ոչ ադեկվատ քայլերի մասին
20/05/2014 20:16

Ա. Երանյանը` սերիալից հրաժարվելու և երկրպագուների ոչ ադեկվատ քայլերի մասին

Դերասանուհի Անի Երանյանին այլևս չենք տեսնի բազմասերիանոց հեռուստասերիալներում, բացի այդ` նա այժմ սպասում է մի դերի, որն իր կերտած նախորդ կերպարները չի կրկնի: Այս մասին Life.panorama.am-ի հետ զրույցում նշել է ինքը` դերասանուհին: Վերջինիս հետ քննարկել ենք ոլորտին, երկրպագուներին առնչվող մի շարք հարցեր, տեղեկացել Անի Երանյանի առաջիկայի ծրագրերի մասին:

-Կարիերայում հաջողություններ գրանցելու առումով ձեզ համար ո՞ր դերն է եղել որոշիչ:

-Շատերը համարում են, որ դա «Աննա» սերիալում կերտած Անիի իմ կերպարն էր, սակայն, իմ խորին համոզմամբ, «Գեներալի աղջիկը» սերիալում խաղացած դերս իսկապես որոշիչ էր: Առհասարակ, այս վերջին սերիալը որակական առումով տարբերվում էր մնացածներից:

-Այս կամ այն սերիալում, ֆիլմում նկարահանվելու որոշումն ի՞նչ սկզբունքներ հաշվի առնելով եք կայացնում:

-Նախ` ինձ համար կարևոր է, թե ինչ կերպար եմ կերտելու. ով է, ինչ ճակատագիր է ունենալու նա: Ապա փորձում եմ ընկալել սյուժեն, հասկանալ` որն է իմ դերակատարությունը` դրա կայացման հարցում: Ինձ համար, արդեն, ճանաչում ձեռք բերելը գերխնդիր չէ, այժմ մտածում եմ որակ ցույց տալու մասին: Այլևս չեմ ուզում հասարակ ու նույնատիպ կերպարներ կերտել: Բացի այդ` կտրականապես հրաժարվել եմ հարյուր մասից բաղկացած սերիալներից. օրինակ`«Աննայի» պես բազմասերիանոց սերիալներում այլևս չեմ խաղա. զգացի, որ որպես դերասանուհի սպառվում եմ այդ միօրինակությունից:

-Բացի բնատուր շնորհքից` ի՞նչ հատկությամբ պետք է օժտված լինի դերասանը:

-Ինչպես մի մեխանիզմ, դերասանը պետք է անընդհատ աշխատի,այլապես` անսարք մեքենայի կվերածվի:

-Ինքներդ ձեր խաղը դիտու՞մ եք: Հաճա՞խ է ցանկություն առաջանում կրկնել այս կամ այն դրվագում նկարահանվելու գործընթացը:

-Յուրաքանչյուր դրվագում երկրորդ անգամ նույն կերպ չէի խաղա: Առհասարակ, ինքս իմ ամենամեծ քննադատն եմ, այդ հարցում ինձ օգնում է նաև ընտանիքս, և, իհարկե, մարդիկ, որոնց հետ համագործակցում եմ:

-Դերասան-ռեժիսոր համագործակցության հարցում ի՞նչն եք ամենաշատը կարևորում:

-Եղել են դեպքեր, երբ ինձ առաջարկել են նկարահանվել այս կամ այն սերիալում, խոսել եմ ռեժիսորի հետ և հարցրել` արդյո՞ք իրենք դերասանի հետ աշխատում են, նրա առջև խնդիր դնում են: Այդ ռեժիսորներին անգամ զարմացրել է իմ հարցը, նրանք միայն «Rec» և «Stop» բառերը հնչեցնելու համար են: Հետևաբար, կտրականապես հրաժարվել եմ նկարահանվել տվյալ սերիալներում:

-Կա՞ն այնպիսի դերեր, որոնք ցանկալի են, բայց դեռևս հասանելի չեն:

-Այդպիսի դերեր շատ կան: Պարզապես կուզենամ` յուրաքանչյուր դեր տարբեր լինի, ուրիշ հոգեբանության կերպար լինի: Հիմա մի տարածված տենդենց կա. եթե դերասանն իրեն ինչ-որ կերպարում արդարացնում է, նրան անընդհատ նմանատիպ դերեր են առաջարկում, այնինչ, դա տանում է լճացման: Օրինակ` հիմա ես սպասում եմ այնպիսի առաջարկի, որն իմ մեջ նոր կերպար բացահայտելու հնարավարություն կտա:

-Իսկ ումի՞ց եք փորձում սովորել:

- Երբ վերջին անգամ Մոսկվայում էի, որոշ ներկայացումներ նայեցի, փորձեցի այդ շնորհալի դերասաններից ինչ-որ բան վերցնել: Առհասարակ, դերասանը պետք է ուշադիր լինի անգամ իր շուրջը գտնվող ամեն մարդու նկատմամբ, հետևի նրա խոսքին, ժեստերին, քանի որ վաղը, հնարավոր է, առիթ լինի կերտելու հենց այդ մարդու կերպարը:

-Թատրոնում խաղալու մտադրություն ունեցե՞լ եք, նման առաջարկ ստացե՞լ եք:

-Մի անգամ Գյումրու թատրոնում եմ խաղացել`այնտեղի դերասանների հետ: Բացի այդ`որոշ հրավերներ եմ ունեցել, սակայն մերժել եմ, քանի որ այս պահին դեռևս պատրաստ չեմ բավականաչափ ժամանակ տրամադրել թատրոնի փորձերին: Եվ հետո, մի խոչընդոտող հանգամանք էլ կա. դեռևս հստակ չգիտեմ` առաջիկայում Հայաստանում կլինեմ, թե` ոչ:

-Եթե ստացվի` ի՞նչ նպատակով կմեկնեք արտերկիր:

-Դեռևս երկմտում եմ մեկնել-չմեկնելու շուրջ: Աշխատանքի հետ կապված առաջարկ եմ ստացել:

-Երկրպագուները, կարծում եմ, կանհանգստանան…

-Դեռ մտածում եմ` արժե արդյոք մասնակցել մի նախագծի և վերադառնալ: Առաջարկը դեռևս քննարկման փուլում է, հետևաբար, ոչ մի հստակ բան չեմ կարող ասել:

-Վստահ ենք` շատ երկրպագուներ ունեք. նրանց հետ կապված ուշագրավ դեպքեր կպատմե՞ք:

-Այո, բազում երկրպագուներ ունեմ, որոնցից ոմանք անգամ ինձ համար պատրաստ են ոչ ադեկվատ քայլերի գնալ, ինչը նորմալ չեմ համարում: Հիշում եմ` մի դեռահաս մեր տան մոտ սպառնում էր երակները կտրել, եթե չիջնեմ և իր հետ չզրուցեմ: Որոշ երկրպագուներ սկսեցին այնպիսի տներ վարձել, որոնք մոտ կլինեն մեր բնակարանին:

-Իսկ երկրպագուները սիրային խոսոտվանություններ անո՞ւմ են:

-Նրանց կողմից լինում են նաև սիրային խոստովանություններ, այնպես որ` ինձ չեն մոռանում:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Ա. Երանյանը` սերիալից հրաժարվելու և երկրպագուների ոչ ադեկվատ քայլերի մասին