.jpg)
«ՄՄ լուրջ խնդիրներ կառաջացնի Հայաստանի համար՝ հատկապես Արցախի մասով»
Վերջին շրջանում Ղարաբաղյան հարցն ակտիվացել է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը, ում խոսքով սա ոչ միայն պայմանավորված է զինադադարի 20 ամյակով, այլև Հայաստանի արտաքին քաղաքական որոշակի զարգացումներով:
«Վերջին շրջանում Ղարաբղայան հարցի կարգավորման հետ կապված տարբեր հայտարարություններ են հնչում, որոնց համար թեև որպես առիթ է հանդիսանում զինադադարի 20 ամյակը, բայց դրանք ավելի շատ քաղաքական հայտարարություններ են»,- ասաց նա՝ շարունակելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում ակնհայտ երևում է, որ այդ հարցի հետ կապված էական փոփոխություններ, այդուհանդերձ չկան:
«Եթե 90-ականներին կարող էինք ասել, որ Արևմուտքը և Ռուսաստանը համագործակցության փուլում են, որին հաջորդեց որոշակի դիմակայություն, ակնհայտ է, որ այսօր արդեն կա հակամարտություն այդ նույն Ռուսաստանի ու Արևմուտքի միջև: Ուկրաինայի վերջին դեպքերը ցույց տվեցին, որ այդ բաժանարարի վերջակետը դրվեց: Այստեղ նույնպես Հայաստանն իր քվերակությամբ հայտնվեց ռուսական ճամբարում: Իսկ դա արդեն լուրջ որոշում էր, և համագործակցության մասին խոսելն արդեն իսկ ավելորդ էր: Մաքսային միության անդամակցության հիմնական պատճառը նորից Արցախն էր, որի անվտանգության խնդիրն էր բարձրացվում: Իսկ հետո, երբ հասկացան որ սխալ մեկնաբանություններ են հնչում, սկսեցին շրջանառության մեջ դնել մեկ ուրիշ թեզ»,- նշեց բանախոսը՝ հստակեցնելով, որ թեև հնչում են հայտարարություններ, որ ՄՄ-ը Հայաստանի համար կբացի տնտեսական լայն հնարավորություններ, այնուամենայնիվ դա այպես չէ. Պապյանի խոսքով՝ Մաքսային միությունը լուրջ խնդիրներ կառաջացնի Հայաստանի համար՝ հատկապես Արցախի մասով:
«Ռուսաստանը Հայաստանի վրա ունի իր լծակները, որոնք անպայման կօգտագործի Արցախի հարցի հետ կապված, ինչը լուրջ անդրադարձ կունենա Հայաստանի արտաքին քաղաքականության վրա»,- նշեց նա:
Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ուորլիքի՝ մեկը մյուսին հաջորդող հայտարարություններին՝ Պապյանը նշեց, որ իր համոզմամբ, դրանք պարզապես Արևմուտքի կողմից այն նախաքայլերն են, որոնցով Արևմուտքն ուզում է Հայաստանին ցույց տալ, որ ինքն էլ Արցախի հետ կապված ունի լուրջ լծակներ:
«Եթե Հայաստանը ցույց տվեց, որ ոչ թե ընդունում է համագործակցությունը, այլ նախապատվությունը տալիս է ճնշումներին, ապա Արևմուտքը նույնպես կարող է խոսել ճնշումների լեզվով: Ցավոք, այդ հայտարարությունները դեռ միայն նախաքայլերն են»,- նշեց նա՝ ընդգծելով, որ Արևմուտքը դեռ ցույց կտա իր ավելի կոշտ քայլերը Հայաստանի նկատմամաբ ու Արցախի հարցի հետ կապված:
«Արևմուտքն էլ իր հերթին է ուզում ցույց տալ, որ Ռուսաստանն այլևս իր վիճակի չէ կանգնել ու աջակցել իր դաշնակիցներին»,-նկատեց նա:
Անդրադառնալով Ուորլիքի հայտարարության 6 կետերին՝ Ա. Պապայանը նշեց, որ դրանք իրականում որևէ նոր բան առաջ չեն քաշում: Նրա խոսքով՝ այդ նույն կետերը մեջբերված են նաև Մադրիդյան սկզբունքներում, որոնք վտանգավոր են:
«Ըստ Էության, դա այն տրամաբանության մեջ է, որ 90-ականների սկզբից եղել է բանակցային գործընթացում, ինչն ի սկզբանե սխալ էր: Այսինքն՝ հող՝ խաղաղության դիմաց: Թեև միշտ ձևակերպվել են, որ անվտանգության խնդիր կա, բայց իրականում Արցախի տարածքները այլ կարգավիճակով են մատնանշել, նրա շրջակա տարածքն՝ այլ»,- նշեց վերլուծաբանը:
Ա. Պապյանի խոսքով՝ այստեղ սկզբունքային սխալն այն է, որ Հայաստանը այդ սկզբունքներով ամրագրում է ստալինյան որոշումը՝ սրբագրված տեսքով:
«21 թվականին այդ նույն, բայց ստալինյան կուսակցական որոշումամբ ապօրինաբար Արցախը դրվեց Ադրբեջանի վարչական ենթակայության տակ: Այսօր էլ շարունակում են նույն կերպ վարվել: Կրկին Հայաստանի փոխարեն որոշում կայացրեց ինչ-որ երրորդ երկիր: Ուորլիքը մադրիդյան սկզբունքների հիմքը պահպանելով՝ առաջ է քաշել օկուպացված տարածքների խնդիր, իսկ դա այն տարածքներն են, որոնց մասին այդքան երազում է Ադրբեջանը: Նա նշում է, որ զորքերը պետք է դուրս բերվեն և այն, և այլն: Ամբողջ խնդիրն այն է, որ բոլոր այդ հայտարարություններն ու կետերը բավականին ընդհանրական են: Իսկ կարևորը մանրամասներն են: Օրինակ, երբ խոսվում էր միջազգային երաշխիքների, կամ խաղաղապահ գործողությունների մասին, հստակեցում չկա: Պետք է հստակեցնեն, թե ովքեր են այդ ուժերը, ով է այն համակարգելու, որքան ժամանակով և ինչ հիմունքներով, և արդյոք դրանք ի վիճակի կլինեն պաշտպանել մեր ամուր սահմանները և այլն»,- մանրամասնեց նա: