.jpg)
3 տարի ազատազրկում՝ սիրուհուց գումար շորթելու համար
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մեղավոր է ճանաչել Ավագ Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով և պատիժ նշանակել ազատազրկում` 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ Ա. Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 2013թ. օգոստոս ամսին, նախկինում իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնված Մ. Մ.-ի կողմից իրենց հարաբերությունները դադարեցնելու կապակցությամբ, նրա մասին արատավորող տեղեկություններ, այն է ` մտերիմ եղած ժամանակահատվածում` 2011թ. ընթացքում, իր կողմից կատարած Մ. Մ.-ի մերկ լուսանկարները նրա ծնողներին և հասարակական վայրերում ցուցադրելու սպառնալիքով Մ. Մ.-ից պահանջել է խոշոր չափի ` 1.220.040 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182 Հոդվածի 2 Մասի 3.1 կետի (Շորթումը) հատկանիշներով:
Դատական քննության ընթացքում ամբաստանյալ Ավագ Գրիգորյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և օգտվելով իր իրավունքից հրաժարվել է ցուցմունք տալ։
Նա նախնական քննության ընթացքում` 2013 թվականի սեպտեմբերի 3-ին, որպես կասկածյալ, ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը Մ. Մ.-ին ճանաչել է դեռ մանկուց, ով զբաղվում է ծանրամարտով և անվճար պարապում է աշակերտների հետ: 2010 թվականից ինքը սկսել է մտերմանալ Մ. Մ.-ի հետ, քանի որ ինքը մի քանի անգամ պարապմունքների համար օգնել է Մ. Մ.-ին, որից հետո իրենց հարաբերությունները խորացել են և իրենք սկսել են ավելի հաճախ շփվել միմյանց հետ: Ինքը սկսել է պարապել նրա հետ և զբաղվել ծանրամարտով: Իրենց միջև եղել է սեռական շփում:
Այդ տարիների ընթացքում ինքը Մ.-ին օգնել է տարբեր հարցերով, ինքը նրա համար հագուստ և պարապմունքի իրեր է գնել, օգնել է գումարի և սննդի հարցերով, նրան հրավիրել է տարբեր վայրեր, իրար հետ գնացել են հանգստանալու, ժամանակ են անցկացրել իրար հետ, որի գումարները նույնպես ինքն է վճարել: Իրենց հարաբերությունները մշտապես նորմալ են եղել, սակայն մի անգամ, երբ Մ. Մ.-ի հորը վիրահատել են, ինքը զանգահարել է նրան, որպեսզի հետաքրքրվի նրա հոր առողջական վիճակի մասին և այդ ժամանակ նա իրեն պատասխանել է, որ ինքը նրանից հեռու մնա: Ինքը նրան ասել է, որ զանգահարել է նրա հոր առողջական վիճակի մասին հետաքրքրվելու համար և դրանից հետո ինքն իր բջջային հեռախոսը դիտավորյալ չի անջատել ու լսել է, որ Մ. Մ.-ն ինչ-որ մեկի հետ խոսել է ու ասել, որ նա արդեն զզվել է իրենից: Ինքն այդ ժամանակ հասկացել է, որ Մ. Մ.-ն, բացի իրենից, այլ անձի հետ էլ է շփվում:
Այդ հանգամանքն ինքը շատ ծանր է տարել, քանի որ ինքը չի սիրում, որ իր սիրած կինը լինի նաև այլ տղամարդու հետ: Դրանից հետո իրենց հարաբերությունները լարվել են և ինքը սկսել է նրանից գումար պահանջել վերը նշված ծախսերի համար: Ինքն անգամ նրա հետ հանդիպել է և ասել, որ նա իրեն պետք է տա 10.000 ԱՄՆ դոլար, որն ինքը ծախսել է նրա համար, իսկ նա իրեն պատասխանել է, որ նա այդքան գումար չունի: Այդ ժամանակ ինքը նյարդայնացած նրան ասել է, որ ինքը նրա վրա 10.000 ԱՄՆ դոլարից ավել գումար է ծախսել, իսկ Մ. Մ.-ն իրեն ասել է, որ նա կարող է իրեն տալ միայն 3.000 ԱՄՆ դոլար: Ինքը նրան ասել է, որ միայն այդ գումարը տա և հեռանա իրենից: Նա համաձայնվել է ու խնդրել մեկ շաբաթ ժամանակ գումարը տալու համար, սակայն միչև օրս գումարը չի տվել: 2013 թվականի սեպտեմբերի 3-ին ինքն անընդհատ զանգահարել է Մ. Մ.-ին, որպեսզի տեսնի, թե նա ինչով է զբաղվում, սակայն նա չի պատասխանել իր զանգերին: Նույն օրը` ժամը 18:00 սահմաններում, երբ ինքը կանգնած է եղել իրենց գյուղի կանգառում, հանկարծ նկատել է իրենց համագյուղացի Արամի ավտոմեքենան, որի մեջ նստած է եղել Մ. Մ.-ն:
Այդ ժամանակ ինքը միանգամից կանգնեցրել է Արամի ավտոմեքենան և նստել ավտոմեքենայի ետևի մասում` Մ.-ի կողքին: Ինքն առաջարկել է Արամին ավտոմեքենան վարել այլ ուղղությամբ, որպեսզի իրենց չլսեն և հարցրել է Մ.-ին, թե նա ինչու չի պատասխանում իր հեռախոսազանգերին: Այդ ժամանակ ինքը և Մ.-ն սկսել են վիճաբանել միմյանց հետ, որի ժամանակ ինքը բացել է նրա պայուսակն ու փնտրել նրա երկրորդ հեռախոսը, քանի որ իր կարծիքով նա իրեն ձայնագրել է: Բացի այդ, ինքը նրա պայուսակից վերցրել է նրա բանկոմատի քարտը, որպեսզի ցույց տա նրա հորը և տեղեկացնի, որ ինքը հանդիպել է նրա աղջկան: Դրանից հետո ինքը քարտը ետ է վերադարձրել Մ.-ին և հեռացել: Ինքը Մ.-ին մերկ վիճակում չի լուսանկարել և նրանից պահանջել է իր կատարած ծախսերը, որոնք ինքն արել է նրա համար:
2013 թվականի սեպտեմբերի 5-ին, որպես կասկածյալ, լրացուցիչ ցուցմունք է տվել այն մասին, որ որպես կասկածյալ տված իր նախկին ցուցմունքը և առերես հարցաքննության արձանագրությունը չեն համապատասխանում իրականությանը, քանի որ այն ժամանակ ինքը շատ նյարդայնացած է եղել, իր մտքով անգամ չի անցել, որ իր փաստացի կինը` Մ. Մ.-ն, իր դեմ բողոք կարող է ներկայացնել: Ինքը Մ.-ին ճանաչում է մանկուց:
Ա. Գրիգորյանը նաև հայտնել է, որ ցանկացել է ամուսնանալ Մ.-ի հետ, որի որդիները իրեն հայրիկ են անվանել:
Ամբաստանյալ Ավագ Գրիգորյանը նախնական քննության ընթացքում` 2014 թվականի հունվարի 15-ին, ցուցմունք է տվել այն մասին, որ ձայնագրառումները չեն համապատասխանում իրականությանը, դրանք կցկտուր, կիսատ բառեր են: Մարինեն է զանգահարել իրեն, առաջարկել ինչ-որ գումար, դիտավորյալ նյարդային վիճակի մեջ գցել իրեն, և Մարինեին թվացել է, որ իր ընկերոջ հետ միասին իրեն հանցագործ կդարձնեն, բանտ կնստեցնեն և իր ընկերոջ հետ կվայելեն կյանքը: Դա է եղել Մարինեի նպատակը:
Տուժող Մ. Մ.-ն դատական քննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ ինքն Ավագ Գրիգորյանի հետ շուրջ երեք տարի` 2011 թվական ձմռանից մինչև 2013 թվականի հունիսը մտերիմ ընկերներ են եղել, Ավագն իրեն որպես ամուսին է եղել: Մինչև այդ իրենք հարևաններ են եղել, փոքր տարիքից ինքը ճանաչել է Ավագին: Ինքն ամուսնացել է 2000 թվականին, այնուհետև` 2007 թվականին ամուսնալուծվել, որից հետո Ավագը սկսել է իրենց տուն այցելել: Դրանից հետո իրենք վարձակալական հիմունքներով սկսել են միասին ապրել Երևան քաղաքում, սակայն բնակարանի վարձավճարը տվել է Ավագը: Իր ընտանիքի անդամներն իմացել են, թե իբր ինքն ապրում է իր մարզիչի տանը: Իր երեխաներն այցելել են իրեն, սակայն հիմնականում ապրել են իր մայրիկի հետ:
2013 թվականի հունիսին վիրահատել են իր հորը, ում խնամքով զբաղվել է ինքը և չի կարողացել պատասխանել Ավագի բոլոր հեռախոսազանգերին: Այդ ժամանակ Ավագը սկսել է խանդի տեսարաններ ստեղծել: Երկու անգամ նա գնացել է հիվանդանոց, քաշքշել իրեն, հարցրել, թե ինչ-որ մեկը կա իր կյանքում: Հիվանդանոցում գտնվելու ժամանակ ինքը ծանոթացել է հիվանդներից մեկի հետ, սակայն իրենց հարաբերությունները չեն խորացել: Դրանից հետո ինքը զանգահարել է Ավագին և հարցրել, թե ինչ անի, որ ազատվի նրանից, սակայն Ավագը բջջային հեռախոսը չի անջատել և լսել է իր և հիվանդասենյակում բուժվող հիվանդներից մեկի խոսակցությունը: Դրանից հետո ինքը նկատել է, որ բջջային հեռախոսն անջատված չէ և այդ ժամանակ անջատել է իր բջջային հեռախոսը: Ավագը կրկին զանգահարել է իրեն և սկսել հայհոյանքներ տալ իրեն: Իր կողմից Ավագի հետ կապը խզելու պատճառը եղել է այն, որ Ավագն իրեն չի վստահել, խանդի տեսարաններ է ստեղծել, որն էլ իրեն շատ է խանգարել իր սպորտային կարիերայում:
Որոշ ժամանակ անց ինքը հանդիպել է Ավագին և նա իրեն ասել է, որ ինքը նրանից չի կարող ազատվել, քանի որ նա շատ է սիրում իրեն: Ինքն Ավագին կրկին հարցրել է, թե ինչ անի, որ ազատվի նրանից, իսկ Ավագը իր հարցին պատասխանել է, որ 10.000 ԱՄՆ դոլար տա: Ինքը չգիտի, թե ինչու է նա այդքան գումար պահանջել իրենից: Ինքն Ավագին ասել է, որ այդքան գումար չունի, իսկ Ավագն իրեն անվանել է խղճուկ և ասել, որ կարող է 3.000 ԱՄՆ դոլար տա: Դրանից հետո Ավագն անընդհատ զանգահարել է իրեն և անհանգստացրել, իսկ հետո նա սկսել է սպառնալ իրեն, որ բջջային հեռախոսի չիպի մեջ իր մերկ լուսանկարներն ունի, որոնք կտարածի սպորտ դահլիճներում և ցույց կտա իր հորը: Ավագն իրեն սպառնացել է, որ իր ծնողներին կասի և իր համար վատ կլինի: Այդ սպառնալիքները տևել են մոտ երկու ամիս: Իրենց հանդիպումները հիմնականում եղել են հյուրանոցում, մեկ կամ մի քանի ժամ, երբեմն էլ գիշերել են հյուրանոցում: Իր երեխաները լավ են ընդունել Ավագին` որպես ընկեր:
Դատարանը գտել է, որ մտացածին են և սույն քրեական գործով ձեռք բերված օբյեկտիվ տվյալներով հերքվում է Ավագ Գրիգորյանի կողմից տրված ցուցմունքն այն մասին, որ ինքը Մ. Մ.-ին մերկ կամ կիսամերկ վիճակում չի լուսանկարահանել և դրանք հրապարակելու սպառնալիքով նրանից գումար չի պահանջել, այլ միայն պահանջել է իր կողմից նրա վրա ծախսված գումարները:
Այսպիսով, դատարանը եկել է այն եզրահանգման, որ Ավագ Գրիգորյանը Մ. Մ.-ի մերկ և կիսամերկ լուսանկարները նրա ծնողներին և հասարակական վայրերում ցուցադրելու սպառնալիքով 2013 թ. օգոստոսին նրանից պահանջել է խոշոր չափի` 1.220.040 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար, ինչը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետի հատկանիշներին: