Հովիկ Աբրահամյանը՝ Արամ Մանուկյանին. Մենք ձեզ չենք ուրախացնելու
20/05/2014 13:01

Հովիկ Աբրահամյանը՝ Արամ Մանուկյանին. Մենք ձեզ չենք ուրախացնելու

Այսօր Ազգային Ժողովում Կառավարության նոր ծրագրի ներկայացման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ծրագիրը կազմելիս իրենք ուշադրություն են դարձրել մի շարք կարևոր առաջնահերթություններ՝ այդ թվում, մարզերին.
«Որակյալ ծառայություններ ստանալու համար մարդը չպիտի հասնի Երևան»,- ԱԺ-ում ասաց Հովիկ Աբրահամյանը՝ մանրամասնելով.

«Սոցիալական բաղադրիչի մասին՝ թե գյուղում, թե քաղաքում սոցիալական ծառայությունները պիտի լինեն հասալնելի: Առողջապահությոան ոլորտում՝ մարզերում շարունակելու ենք վերազինել ու վերանորոգել բուժհաստատությունները: Մեծ ուշադրություն ենք դարձնելու ենթակառուցվածքներին: Ուշադրություն ենք դարձնելու ջրամբարների շինարարություններին: Նախատեսվում է գալիք տարիներին սկսել 4 կարևորագույն ջրամբարների շինարարությունը: Ընդ որում, այս ծրագիրը ոչ միայն կթեթևացնի Սևանի բեռն, այլև՝ կթեթևացնի գյուղացու գործը: Սա համատեղելով գյուղատնտեսության սուբսիդավորման ավելացմանը, ինչի մասին արդեն ասացի՝ գյուղացու համար հողագործությամբ զբաղվելու համար համապատասխան հնարավորություններ կստեղծվեն»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Ամփոփելով՝ վարպապետն ընդգծեց, որ ծրագիրն իրատեսական է, խստապահանջ ու ականջալուր:
«Մենք այն կկարողանանք իրականացնել միայն քաղաքական ուժերիհետ համագործակցելով ու հասարակության օգնությամբ: Ակնկալում ենք հասարակության աջակցությունը մեր ընդհանուր խնդիրների լուծման համար»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Նրա ելույթից հետո հարցեր տալու համար ԱԺ-ում գրանցվեց 34 պատգամավոր.

«Բա ասում էին՝ վարչապետին հարցեր չեն տալի՞ս»,- կատակեց Հովիկ Աբրահամյանը:

«Ձեր ասածն ինձ չէր վերաբերվում, պարոն Աբրահամյան: Ես ինչքան Տիգրան Սարգսյանին եմ հարցեր տվել՝ այնքան ու ավելի բարդ հարցեր ձեզ եմ տալու»,- Հովիկ Աբրահամյանին արձագանքեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ շարունակելով.

«Սահամանադրության 88-րդ հոդվածն ասում է, որ Կառավարության անդամը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Հիմա, պարոն Աբրահամյան, ձեզ հարցնում եմ՝ արդյոք ձեր Կառավարությունում չկա՞ն մարդիկ, ովքեր ձեռնարկատիրությամբ են զբաղվում: Ու խոսեցիք ականջալուր լինելու սկզբունքի մասին, հենց դրանից ելնելով ես շատ մարդկանց հետ եմ շփվում ու բոլորտը վատ են արտահայտվում ձեր նշանակած կադրերի մասին: Հարցնում եմ՝ դրանք ձե՞ր առաջարկով են նշանակվել, թե Սերժ Սարգսյանի առաջարկով»,- հետաքրքրվեց ՀԱԿ խմբակցության քարտուղարը:

«Պարոն Մանուկյան՝ ասում եք՝ Սահմանադրություն եք կարդում, իսկ Սահմանադրությունում հստակ նշված է՝ ով է նշանակում Կառավարության անդամներին: ինչ վերաբերում է ձեռնարկատիրությանը՝ ես կոնկրետ չունեմ տեղեկատվություն, որ որևէ նախարար զբաղվում է ձեռնարկատիրությամբ: Եթե նման մարդիկ կան՝ անպայման կառավարությունից կհեռանան: Բողոքների մասին՝ ում էլ նշանակենք, նույնիսկ ձեզ՝ պարոն Մանուկյան, մարդիկ կասեին լավ մարդկանց չեք նշանակել: Ուզում եմ ասեմ, որ ես կադրերին ընտրել եմ պրոֆեսիոնալիզմի ու փորձի համար: Մենք դանդաղելու ժամանակ չունենք»,- պատասխանեց Հովիկ Աբրահամյանը:

«Պարոն Աբրահամյան, նախապես ասեմ, որ մեզ հանեք ձեզ հետ համագործակցողների շարքից, մենք ձեզ հետ այս դաշտում երբեք չենք համագործակցի»,- վարչապետի պատասխանին արձագանքեց Արամ Մանուկյանը՝ շարունակելով.
«Իսկ թե դուք չգիտեք, թե ձեր Կառավարությունում ովքեր ինչ ձեռնարկատիրությամբ են զբաղվում՝ մամուլը տպում է՝ ուշադիր հետևեք»,- ասաց Արամ Մանուկյանը:

«Պարոն Մանուկյան, ինձ թվում է՝ դուք այլ մտավախություն ունեք: Դուք մտածում եք, որ մենք լավ ենք աշխատելու ու ձեզ մեզ քննադատելու հաճույք չենք պարգևելու: Ասում եմ՝ մենք այո, սխալվելու ենք, որովհետև չի սխալվում նա, ով ոչինչ չի անում, բայց ամեն բան անելու ենք, որ այդ սխալները քիչ լինեն ու մենք ձեզ չենք ուրախացնելու»,- ՀԱԿ խմբակցության քարտուղարին պատասխանեց Հովիկ Աբրահամյանը:
 

Հովիկ Աբրահամյանը՝ Արամ Մանուկյանին. Մենք ձեզ չենք ուրախացնելու