.jpg)
ԱՆ Վայոց ձորի հիգիենիկ և համաճարակային տեսչության պետը մեղավոր է ճանաչվել
Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Սարգսյանի նախագահությամբ մեղավոր է ճանաչել ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և համաճարակային տեսչության Վայոց ձորի մարզային տեսչության պետ Մուշեղ Մարգարյանին 1.508.000 ՀՀ դր. Գումար հափշտակելու մեջ: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ Մ. Մարգարյանին առաջադրված մեղադրանքի՝ նա լինելով ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և համաճարակային տեսչության Վայոց ձորի մարզային տեսչության պետ, պաշտոնական դիրքն օգտագործելով, խաբեության և վստահությունը չարաշահելու միջոցով ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և համաճարակային տեսչության Վայոց ձորի մարզային փորձագիտական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությունից հափշտակել է խոշոր չափերի` 1.508.000 ՀՀ դրամ գումար:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 Հոդվածի 2 Մասի1.1, 2 Կետերի հատկանիշներով:
Գործի նյութերի համաձայն՝ Մուշեղ Մարգարյանի և Իրինա Ալեքսանդրիդիի ղեկավարած կենտրոնն ու կազմակերպության Վայքի նստավայրը տեղակայված են եղել Վայք քաղաքի Շահումյան 100` միևնույն հասցեում և երկու կառույցների թե ղեկավարների ու թե աշխատակիցների միջև երկար տարիների աշխատանքի արդյունքում միմյանց նկատմամբ վստահություն է ձեռք բերվել, որոնք հիմնականում պայմանավորված են եղել նրանով, որ Իրինա Ալեքսանդրիդիին փաստացի բնակվել է Ջերմուկում և աշխատանքների կազմակերպման ու ղեկավարման հարցում նրան մշտապես օժանդակել է Մուշեղ Մարգարյանը:
2013թվականի սկզբին, առանց տարեսկզբին կազմվող ՊՈԱԿ եկամուտների և ծախսերի նախահաշվում վերանորոգման համար անհրաժեշտ գումարի նախատեսման և վերադասի հետ համաձայնության ձեռք բերման, որոշվել է ՊՈԱԿ Վայքի մասնաճյուղի լաբորատոր մասում վերանորոգման աշխատանքներ կատարել, որի համար անհրաժեշտ շինանյութ գնելու և վերանորոգումը կատարող բանվորների հետ համաձայնություն ձեռք բերելու համար իրեն օգնելու համար Իրինա Ալեքսանդրիդին դիմել է Մուշեղ Մարգարյանին: Վերջինս էլ Իրինա Ալեքսանդրիդիի խնդրանքով ստանձնել է ՊՈԱԿ-ի Վայքի նստավայրում վերանորոգման աշխատանքների կազմակերպումը և 2013թ. փետրվարին նախաձեռնած լինելով իր` Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ 24 շենքի թիվ 28 բնակարանի վերանորոգումը և դրա հետ կապված ունենալով ֆինանսական խնդիրներ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, այն է` օգտվելով այն հանգամանքից, որ Իրինա Ալեքսանդրիդիի կողմից իրեն՝ որպես գերատեսչական նույն ենթակայության և նույն հասցեում գտնվող կառույցի ղեկավարի, ստորագրության նմուշի և ՊՈԱԿ կլոր կնիքներից օգտվելու հնարավորություն է ընձեռնվել ու վստահվել է ՊՈԱԿ ֆինանսական գործառույթների փաստացի կազմակերպումը կապված վերանորոգման աշխատանքների իրականացման հետ, միաժամանակ օգտագործելով ՊՈԱԿ աշխատակիցների մոտ իբրև ղեկավարի իր ունեցած հեղինակությունը, ՊՈԱԿ բյուջեից խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, օգտագործելով իր և Իրինիա Ալեքսանդրիդիի միջև տարիների ընթացքում ձևավորված վստահության հարաբերությունները, Մուշեղ Մարգարյանն 2013թ. փետրվար ամսից փաստացի իր բնակարանում վերանորոգման աշխատանքներ կատարող Արշակ Առաքելյանին և Սամվել Բաբայանին 2013թվականի մարտի 01-ից աշխատանքի ընդունելու և վերջիններիս ՊՈԱԿ միջոցներից վարձատրելու նպատակով, վերցրել է նրանց անձնագրերի և զինվորական զրքույկների լուսապատճեները, դրանք ներկայացրել ՊՈԱԿ գործավար Հասմիկ Աթանակինյանին` վերջիններիս անուններով աշխատանքային պայմանագրեր կազմելու համար։ ՊՈԱԿ-ի հաշվապահ Վարդան Լևոնյանից նախապես տեղեկանալով, որ ամսական առնվազն 150.000 դրամ աշխատավարձ ստանալու համար անհրաժեշտ է աշխատանքային պայմանագրերով որպես աշխատավարձի չափ սահմանել 200.000 ՀՀ դրամ գումար, աշխատանքային պայմանագրերում նույնքան գումար նախատեսելու անհրաժեշտության մասին հանձնարարություն է տվել Հասմիկ Աթանակինյանին։ Վերջինս Սամվել Բաբայանից և Արշակ Առաքելյանից առանց աշխատանքի ընդունման համար անհրաժեշտ դիմումներ ստանալու, նրանց անվամբ 01.03.2013թվականին կազմել է աշխատանքային պայմանագրեր և այն գրանցել ՊՈԱԿ-ի համապատասխան հրամանագրքում։
Իր հերթին հաշվապահ Վարդան Լևոնյանը հրամաններից կատարված քաղվածքների հիման վրա, 2013թվականի ապրիլ-հունիս ամիսներին հաշվարկել է Սամվել Բաբայանի և Արշակ Առաքելյանի աշխատավարձը, իսկ աշխատանքային պայմանագրի լուծումից հետո՝ 04.06.2013թվականին կատարել է վերջնահաշվարկ։
Այնուհետև աշխատավարձի վճարման տեղեկագրերը Վարդան Լևոնյանը փոխանցել է հաշվետար Նիկոլայ Ղազարյանին, որը լիազորված է եղել դրամական միջոցների ստացման և հանձնման լիազորությամբ և հանդիսացել ՊՈԱԿ-ում վարչատնտեսական զործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ և 05.04.2013թ., 04.05.2013թ. ու 03.06.2013թ. ՎՏԲ-Հայաստան բանկի Վայքի մասնաճյուղի՝ ՊՈԱԿ-ի հաշվեհամարից կանխիկացնելով Սամվել Բաբայանի և Արշակ Առաքելյանի աշխատավարձի գումարը՝ ընդհանուր 899.520 ՀՀ դրամի չափով, իսկ 04.06.2013թ.՝ նաև բանվորների վերջնահաշվարկի զումարը՝ ընդհանուր 72.000 ՀՀ դրամի չափով, դրանք յուրաքանչյուր ամիս աշխատավարձի վճարային տեղեկագրերի հետ միասին հանձնել է Մուշեղ Մարգարյանին:
Այսինքը Մուշեղ Մարգարյանն` Իրինա Ալեքսանդրիդիին խաբելու և վստահությունը չարաշահելու հետևանքով իր բնակարանում երեք ամիս վերանորոգման աշխատանքներ կատարող Արշակ Առաքելյանի և Սամվել Բաբայանի անուններով ՊՈԱԿ-ի միջոցներից 2013թվականի ապրիլ-հունիս ամիսներին դուրս գրել և հափշտակել է ընդհանուր առմամբ 1.272.000 ՀՀ դրամ գումար:
Այնուհետև, դարձյալ պաշտոնեական դիրքն օգտագործելով, Իրինա Ալեքսանդրիդիի վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով, ՊՈԱԿ հաշվապահ Վարդան Լևոնյանի միջոցով 18.04.2013թվականի վճարման հանձնարարագրով, ՊՈԱԿԻ-ի բյուջեի միջոցներից «Ջերմուկ Գոլդ» ՍՊ ընկերությանն է փոխանցել 236.000 ՀՀ դրամ` իբր ՊՈԱԿ-ի համար ձեռք են բերվել պատուհաններ և պահեստավորվել, սակայն իրականում այն իր բնակարանի համար գնված պատուհանների արժեքն է եղել:
Նախաքննության ընթացքում` 02.12.2013թվականին, Մուշեղ Մարգարյանը որպես հանցագործության պատճառած վնասի հատուցում, ՀՀ ոստիկանության դեպոզիտ հաշվին վճարել է 2.000.000 ՀՀ դրամ գումար:
Դատարանը Մ. Մարգարյանին մեղավոր է ճանաչել և դատապարտել ազատազրկման 2 /երկու/ տարի ժամանակով, կիրառելով ՀՀ Ազգային Ժողովի կողմից 03.10.2013 թվականին ընդունված «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը և նրան ազատել պատժից: