Վարդան Պետրոսյանը կմնա կալանքի տակ
20/05/2014 15:10

Վարդան Պետրոսյանը կմնա կալանքի տակ

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ելույթ ունեցավ դերասան Վարդան Պետրոսյանի՝ Ֆրանսիայից հրավիրված փաստաբան Մարի Դոզենը:

Նա այսօր ավարտեց իր ելույթը, որ ոչ պատշաճ թարգմանության պատճառով անավարտ էր մնացել: Մ. Դոզենը միջնորդեց փոխել Վ. Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ասելով, որ Վ. Պետրոսյանի նկատմամբ կիրառված կալանքը նրա «անմեղության կանխավարկածի ոտնահարումն» է, ինչպես նաև ՄԻԵԴ-ին և Եվրոպական կոնվենցիային հակասող երևույթ է:

Փաստաբանն ասաց, որ վերջին անգամ Վ. Պետրոսյանի նկատմամբ կալանքը երկարացնելը դատավորը պատճառաբանել է բարոյական նկատառումներով, ինչը անընդունելի է, քանի որ «արդարադատությունը բարոյականություն չէ, և այդ դեպքում մենք գործ ունենք վրեժխնդրության հետ»:

Հիմնավորելով իր միջնորդությունը՝ փաստաբանն ասաց, որ Վ. Պետրոսյանը չունի նաև դատական անցյալ, ինչով էլ չափվում է անձի վտանգավորության աստիճանը, չունի նաև Հայաստանից փախչելու հնարավորություն:

Անդրադառնալով տուժող կողմի մեղադրանքներին՝ նա ասաց, որ թեև նրանք պնդում են, որ Վ. Պետրոսյանը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ, սակայն գործի նյութերի համաձայն, Վ. Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել հարբած վիճակում մեքենա վարելու համար:

Փաստաբանի խոսքով՝ տուժող կողմը, չնայած ապացույցների բացակայությանը, չի ուզում հրաժարվել ալկոհոլի գործոնից, քանի որ առանց դրա գործը «դատարկ է»:

Մարի Դոզենի ելույթի ավարտից հետո դատարանի դահլիճում ծափահարություններ հնչեցին, որոնց վերաբերյալ դատավոր Վաղինակ Մկրտչյանը նկատողություն արեց՝ ասելով, որ դատարանի դահլիճում ծափահարելն արգելվում է:

Տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը, արձագանքելով այս միջնորդությանը, ասաց, որ իր համար անհասականալի է՝ դա միջնորդությու՞ն էր, առարկությու՞ն, թե՞ պաշտպանական ճառ և ինչ-որ դաստիարակչական բնույթ էր հետապնդում:

Ռ. Բալոյանի խոսքով՝ Վ. Պետրոսյանը անմեղ կարող էր լինել միայն այն դեպքում, երբ խափանված լիներ նրա ավտոմեքենայի արգելակման համակարգը:

Նա ասաց, որ դատարանը, իր կարծիքով, պետք է մերժի Վ. Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը, քանի որ իրենք գտնում են, որ ամբաստանյալը խոչընդոտել է նախաքննության և դատաքննության ընթացքին, որի վառ ապացույցը «Եղվարդի» ԲԿ-ի կողմից թույլ տված սխալներն են՝ սթափության վիճակի վերաբերյալ:

Մեղադրող դատախազը ևս իր խոսքում ասաց, որ կալանքի որոշման համար հիմք է ընդունվել Վ. Պետրոսյանի կողմից տուժողների նկատմամբ հնարավոր ճնշումների և ՀՀ-ից հեռանալու հավանականությունը:

Վ. Պետրոսյանը դատախազի այս խոսքերի համար շնորհակալություն հայտնեց՝ ասելով, որ առաջին անգամ է լսում իր կալանավորման հիմնավորումները, իր անձնագրերը դատարանի մոտ են և ինքը չի կարող փախչել, ապա ասաց, որ ոչ թե ճնշումներ կարող են կիրառվել Հակոբյանների նկատմամբ, այլ «հաշտության քայլ» իրականացվի, իսկ խանգարել քննությանը չէր կարող, քանի որ գտնվել է կոմայի մեջ, որից հետո կալանավորվել է:

Դատավորը անցավ խորհրդակցական սենյակ` կալանքը փոխելու միջնորդությունը քննարկելու համար և վերադառնալուց հետո մերժեց Մ. Դոզենի միջնորդությունը՝ Վարդան Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ:

Նշենք, որ այսօրվա դատական նիստին չէին ներկայացել տուժողները:

Նախորդող հրապարակում՝ Արդարադատության նախարարը հանդիպել է դերասան Վարդան Պետրոսյանին

Վ. Պետրոսյանի գործով պաշտպան. Պաշտպանական կողմը փորձել է տապալել դատը
 

Վարդան Պետրոսյանը կմնա կալանքի տակ