.jpg)
«Վիվասել-ՄՏՍ»-ը Շիրակացու անվան ճեմարանից ոչ մի առաջարկ չի ստացել
Օրերս մամուլում հրապարակվեց տեղեկություն, ըստ որի՝ «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի» տարածքում հանվել է բջջային կապից օգտվելու արգելքը, բայց՝ որոշ վերապահումներով: Բանն այն է, որ ճեմարանի սաներին թույլատրել են օգտագործել միայն «Օրանժ Արմենիա» ընկերության կողմից տրամադրված հեռախոս և քարտ:
Ընդ որում՝ «Ժողովրդի» հետ զրույցում «Անանիա Շիրակացի ճեմարանի» տնօրեն Աշոտ Ալիխանյանը նշել է, որ իրենց հարյուրավոր այլ ընկերություններ ևս տարբեր առաջարկներ են արել, բայց «Օրանժինն» ամենահարմարն է եղել:
Ստեղծված իրավիճակի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Հայաստանի մյուս բջջային օպերատորներից:
«Վիվասել-ՄՏՍ» ընկերության մամուլի քարտուղար Վահե Իսահակյանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ ճեմարանից, որևէ ծրագիր ներկայացնելու վերաբերյալ առաջարկություն չեն ստացել.
«Մենք այս պատմության մասին իմացել ենք մամուլից: Ընդ որում՝ նորից եմ ասում, ճեմարանից մենք պայմաններ, ծրագիր ներկայացնելու առաջարկություն չենք ստացել»,- ասաց Վահե Իսահակյանը:
Նշենք, որ «Արմենթել» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Տաթև Այրումյանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց ընկերությունը ևս ճեմարանից որևէ ծրագիր ներկայացնելու առաջարկություն չի ստացել.
«Իսկ ընդհանուր իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն չենք անի: Դա թողնելով համապատասխան մարմիններին»,- ասաց Տաթև Այրումյանը: