.jpg)
Ո՞ր քաղաքականության համար եք մեզ առաջարկում համագործակցել. Արամ Մանուկյան
Այսօր ԱԺ-ում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը դժգոհությամբ նշեց, որ ՀԱԿ-ին ներկայացվեց մեղադրանք, թե համագործակցության առաջարկը չի ընդունել:
Մանուկյանը նշեց, որ իրենք քաղաքական թիմ են, հետևաբար չեն ընդունում մի առաջարկ, որը եղել է ոչ լեգիտիմ իշխանությունների կողմից նշանակված վարչապետի կողմից:
«Մենք շարունակում ենք ձեզ չվստահել: Դուք այն կառավարությունն եք, որը նշանակվել է ոչ օրինակարգ իշխանությունների կողմից: Մենք չենք ուզում համագործակցել այն վարչապետի հետ, ով նշանակվել է ոչ լեգիտիմ ընտրությունների հետևանքով ձևավորված իշխանությունների կողմից: Մենք քաղաքական թիմ ենք և չենք վստահում ձեզ, և քանի դեռ շարունակում եք աշխատել նույն աշխատաոճով, ձեր փորձը՝ մեզ մասնակից դարձնել այդ գործընթացներին, ապարդյուն է: Դուք ձևավորել եք մի կառավարություն, որը նախորդի շարունակությունն է: Իսկ այս աթոռը փոխել եք ձեր բիզնես ծրագրերը զարգացնելու համար: Մենք շարունակում ենք չվստահել ձեզ, քանի դեռ կան չլուծված հարցեր: Ինչպես կարող ենք համագործակցության առաջարկ ընդունել, երբ մենք ձեր ծրագրերի դեմ պայքարողն ենք: Մեր մոտեցումները տարբեր են»,- նշեց Մանուկյանը:
Նա շեշտեց, որ ՀԱԿ-ը չի հանդիսանում իշխանությունների ձախողումների պատճառ, հետևաբար չի պատրաստվում իշխանությունների հետ պատասխանատվությունը վերցնել իր վրա:
«Ձեր արտաքին սխալ քաղաքականության հետևանքները նույնպես մեր պատճառով չեն եղել: Դուք ցուցաբերել եք վարկի անկում, որի համար նույնպես մենք մեղավոր չենք: Մենք բոլորս ձեր քաղաքականության զոհերն ենք: Ես Հայաստանում չունեմ ոչ դասարանցի, ոչ կուրսեցի. բոլորն արտագաղթել են: Մի մասն էլ այսօր է շարունակում լքել Հայաստանը: Ո՞ր քաղաքականության համար եք մեզ առաջարկում համագործակցել, երբ մեր կողմից առաջարկված դիտարկումները, առաջարկները չեք ընդունել: Մեր ո՞ր ահազանագն եք ընդունել, որ ընդունենք ձեր համագործակցության առաջարկը: Լիքը փաստեր կան, որ հակասում են այս ամենին: Իշխանություն եք, բոլոր լծակները ձեր ձեռքն են»,- հեգնեց Մանուկյանը:
Անդրադառնալով Կառավարության ծրագրին՝ Ա. Մանուկյանը նկատեց, որ ինչպես նախորդ, այնպես էլ այս ծրագրում կան դրույթներ, որոնք այսօր էլ շարունակում են խնդիր մնալ:
«Որոտանի համար բացատրություն եք տալու: Ես միշտ խոսել եմ թվերով: Հայաստանի և մնացած մեծ ՀԷԿ-երի համար միջինը ծախսվում է 1000 դոլար: Համեստ հաշվարկներով՝ դրանց ինքնարժեքը կազմում է 6000 մլն դոլար: Իսկ դուք այն վաճառել, կամ պատրաստվում եք վաճառել 108 մլն դոլարով: Շատ հետաքրքիր քաղաքականություն եք մշակել: Մենք կողքից կնայենք: Այս փաստերը քննարկվել են նաև ձեր ԱԺ նախագահության օրոք, բայց քանի դեռ չեք ուզում բերել ու հակադարձել այս ամենը՝ դուք մնալու եք այդ մեղքերի տակ: Պարոն վարչապետ, գործարարության մասին եք խոսքում, և արդեն օգտագորժում եք գործարար- պատգամավորներ բառակապակցությունը: Կառավարությունում հավաքվելու փոխարեն՝ այստեղ հավաքվեիք, մենք էլ մասնակցեինք այդ քննարկումներին: Մենք միշտ ասել ենք, որ գործադիրն ու օրենսդիրը պետք է միմյանցից հեռու լինեն, որպեսզի ազատ մրցակցություն լինի: Աշխարհում ընդունված գործառույթ է դա: Դուք հայտարարում եք, որ 90 տոկոսը հարկեր չի վճարում, բայց մոռանում եք, որ այդ հարկերը չմուծողների մեծ մասն այս դահլիճում են նստած»,- նշեց նա:
Ա. Մանուկյանը շեշտեց նաև, որ եթե վարչապետ Հ. Աբրահամյանը խոսում է ազատականությունից, ուստի ԱԺ-ում քննարկումները նույնպես պետք է տարբերվեին նախորդներից: Նա նկատեց, որ այս օրերի ընթացքում քննարկվել է ընդամենը 3 հարց, որոնք չպետք է քննարկվեին առհասարակ:
«Դրանք են՝ աուդիտի մասին օրենքը, որը որոշակի մարդկանց կոնկրետ շահերին է կպնում, ծախսերի գաղտնիության մասին օրենքը, իսկ վաղը քննարկվելու է գովազդի մասին օրենքը: Ով չգիտի, թե գովազդի մասին օրենքը ինչի համար է քննարկվելու: Ուզում են թույլատրել ալկոհոլի օգտագործման գովազդը հեռուստատեսությամբ, որը լոբբինգ է արվել մի քանի պատգամավորների կողմից: Այսինքն՝ դուք շարունակում եք խոսել նույն «արդարության», նույն «համագործակցության» մասին: Եթե դուք ազատականության կողմնակից եք, այս հարցերը չպետք է քննարկվեին առհասարակ»,- ասաց նա: