.jpg)
Աշոտյանի առաջարկը. Եկեք ԱԺ շենքի դիմաց միասին սելֆի անենք
Կառավարության ծրագիրը կարդացել են շատերը, սակայն հասկացել են քչերը: Խորհրդարանում մտքերի փոխանակության ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նա կառավարության անունից շնորհակալություն հայտնեց բոլոր այն ոչ իշխանական պատգամավորներին, ովքեր կառավորւթյան ծրագիրը կարդացել են, հասկացել, ինչպես նաև` օգնել են ծրագիրը դարձնել նպատակային և արդյունավետ:
«Աչք է ծակում, որ որոշ մարդիկ, կարծես, դուրս են եկել բարիկադների վրա, ցույց են տալիս իրենց քաղաքական ողջ հմայքը, ես կոչ եմ անում իջնել բարիկադներից, քանի որ նրանց դիմացից եկողները չեն եկել զենքով, այլ` կրթությամբ, գիտելիքով, երկիրը միասին կառուցելու ցանկությամբ»,- ասաց Ա. Աշոտյանը:
Շարունակելով խոսքը՝ կառավորւթյան ծրագրի վերաբերյալ` ԿԳ նախարարը նկատեց, որ եթե նույնիսկ ծրագրում լիներ Քրիստոսի 10 պատվիրանը, միևնույն է՝ մարդիկ կլինեին, որ այդ 10 պատվիրանում կգտնեին արտաքին ճնշումներ, կոռուպցիա և այլն:
«Ակնհայտ է, որ փոխվեց վարչապետը, փոխվեց կառավարությունը, սակայն շատ մարդիկ մնացին նույնը, ինչ նախորդ կառավարության ժամանակ, հետևաբար խնդիրը ոչ թե անձինք են, այլ` քաղաքական ուժը, որի դեմ պայքարում են և համարում դասակարգային թշնամի»,- ասաց Ա. Աշոտյանը:
Եզրափակելով խոսքը` ԿԳ նախարարը «առանց հեգնանքի» հավաստիացրեց, որ իր ինտերնետային լսարանն ավելի մեծ է, քան որոշ ուժերի ընտրազանգվածը, հետևաբար, Ա. Աշոտյանը մի առաջարկ արեց.
«Կառուցողական առաջարկ ունեմ, որով դիմում եմ ԱԺ խմբակցություններից մեկին. Եկեք, հավաքվենք, քանի դեռ խորհրդարանի անդամներ եք, Աստված գիտի` էլ երբ կլինեք, ԱԺ շենքի դիմաց և միասին մի սելֆի անենք»: