.jpg)
Հենրիխ Մխիթարյան. «Աշխարհի առաջնությունում ոչ մի թիմի չեմ երկրպագելու»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի այսօրվա պարապմունքից հետո լրագրողների հետ հանդիպմանը, գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի հետ միասին, ներկայացան նաև թիմի առաջատար ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանն ու Յուրա Մովսիսյանը:
Նրանց ուղղված հարցերը քիչ էին և հիմնականում վերաբերում էին այսօրվա պարապմունքից ստացած տպավորություններին ու Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը:
«Այսօրվա պարապմունքից ու մարզումից առաջ կայացած զրույցից լավ տպավորություններ ստացա: Անհրաժեշտ է օգնել մարզչին, նա էլ մեզ կօգնի, և միասին կհասնենք արդյունքի,- ասաց Հենրիխ Մխիթարյանը:- Ինչ վերաբերում է աշխարհի առաջնությանը, ասեմ, որ մեծ հետաքրքրությամբ եմ հետևելու այդ մրցաշարին, բայց որևէ թիմի չեմ երկրպագելու ու չեմ առանձնացնի: Ֆուտբոլն անկանխատեսելի է, և յուրաքանչյուր հավաքական էլ կարող է հաջողության հասնել»:
Յուրա Մովսիսյանը նույնպես չառանձնացրեց որևէ հավաքականի` հայտարարելով նաև, որ կիսում է մարզումից Հենրիխ Մխիթարյանի ստացած տպավորությունը: