.jpg)
3 ընձառյուծ կա ՀՀ-ում. Բնակվելու վայրը չեն հայտնում որսագողերին
Հայաստանի հարավում երեք ընձառյուծ կա, հավանական է, որ չորրորդին ևս հայտնաբերեն. Հետքեր են գտել: Ընդհանուր 5-7 ընձառյուծ կլինի ՀՀ տարածքում: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը:
ՀՀ Ֆաունայի վտանգված տեսակներից նա նշեց ազնվացեղ եղջերուն. Այս կենդանատեսակը բնակվում էր Տավուշի մարզի անտառներում և 1990-ականների գրեթե վերացավ և՛ մարտական գործողությունների, և՛ որսագողության հետևանքով:
Իսպառ անհետացել է Գորավան ավազուտներում բնակվող և աշխարհի ոչ մի անկյունում չհանդիպող Դալի մկնիկը, որը գրանցված էր Կարմիր գրքում: Կենդանուն հայտնաբերելու ուղղությամբ և՛ տեղի, և՛ միջազգային փորձագետներ են աշխատել: Կարելի է ասել` աշխարհն է այս կենդանատեսակը կորցրել»:
Նրա խոսքով՝ ընձառյուծը ևս համարվում է վտանգված տեսակ, սակայն վերջին մեկ-երկու տարիներին այս տեսակը կարծես վերականգնվում է: Հայաստանի հարավում մեծ կորուստ է եղել վայրի խոզերի շրջանում` կապված աֆրիկյան ժանտախտ հիվանդության հետ, սակայն այս տեսակն արագ է վերականգնվում: Շերտավոր բորենին ևս վտանգված տեսակ է և քանի որ թաքուն կյանք է վարում, դժվար է նրան գտնել, սակայն կենդանու ոտնահետքերը մասնագետները հայտնաբերել են: Բանախոսը չմանրամասնեց, թե որտեղ են նկատել ընձառյուծի հետքեր՝ զգուշանալով որսագողերից: 2007թ-ին նման դեպք եղել էր, երբ կենդանուն ֆիքսել էին, հայտարարել այդ մասին, իսկ որսագողերը կենդանուն պարզապես որսացել էին:
Ըստ Կարեն Մանվելյանի՝ ձկնատեսակներն ընդհանրապես, կարմրախայտը մասնավորապես` կապված ՀԷԿ-երի շինարարության հետ` վտանգված են: