Սուրիկ Խաչատրյանը հանցագործ չէ. Մանվել Բադեյանը իր ընկերոջ մասին
21/05/2014 12:59

Սուրիկ Խաչատրյանը հանցագործ չէ. Մանվել Բադեյանը իր ընկերոջ մասին

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հանցագործ չէ և իրավունք ունի իր թեկնածուն ունենալ հունիսի 8-ին, Գորիսում կայանալիք քաղաքապետի ընտրություններին: Այսօր լրագրողներիի հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը:

«Դուք չէ, որ պետք է որակումներ տաք: Սուրիկ Խաչատրյանը հանցագործ չէ, նրան դատարանը մեղավոր չի ճանաչել: Ինչի՞ չպետք է մնա Սուրիկ Խաչատրյանի թեկնածուն: Բայց քանի որ ինքը Սուրիկ Խաչատրյանն է, դրա համար մարդիկ այսպես են արտահայտվում: Նորից եմ ասում, որ նա իրավունք ունի իր թեկնածուն առաջադրել ընտրությունների ժամանակ: Ինչ վերաբերվում է Գորիսում ստեղծված վախի մթնոլորտին, նման բան չկա»,- բորբոքված հայտարարեց Բադեյանը` պաշտպանելով իր կուսակից ընկերոջը:

Գրեթե նույն վրդովվմունքով ԱԺ պատգամավորը արձագանքեց լրագրողների հարցին, թե որն այս անգամ առնչվում էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ գործարարների հետ հանդիպմանը.

«Ես չեմ հասկանում, թե ինչու է հասարակությունն այսքան վատ վերաբերվում ստվերային շրջանառությանը: Այսպիսի հանդիպումները շատ ողջունելի են, կարծում եմ, որ այդ ֆորմատը չպետք է քննադատվի:  Ես վատ բան ճեմ տեսնու նրանում, որ կառավարության ղեկավարը հանդիպում է գործարար համայնքի հետ: Սկսած Օբամայից՝ վերջացրած Պուտինից, բոլորը այդպիսի հանդիպումներ են ունենում իրենց գործարարների հետ: Իսկ հանդիպման ժամանակ ընդամենը վարչապետն ասել է, որ աշխատեն օրենքի սահմաններում»,- նշեց Բադեյանը՝ համոզմունք հայտնելով, որ ստվերային գործունեության մեջ վատ բան չկա.

«Բոլոր երկրներում էլ ստվերային շրջանառություն կա: Դա ոչ թե հանցագործություն, այլ թերություն է: Այսօր ստվերում են գտնվում փոքր ու միջին բիզնեսի 99.9 տոկոսը: Եթե բուդկում կամ շուկայում ստվեր կա՝ դա հանցագործություն չէ»,- հավելեց նա:
 

Սուրիկ Խաչատրյանը հանցագործ չէ. Մանվել Բադեյանը իր ընկերոջ մասին