.jpg)
«Ալիշանի» տնօրեն. «Արդեն հոգնել եմ»
Եթե մինչև շաբաթվա վերջը «Ալիշանի» պահածոների գործարանի գազային խնդիրները Էկոնոմիկայի նախարարությունը չլուծի, գործարանի տնօրեն Սերժիկ Մոսեսյանը հեռանալու է Հայաստանից: Այս մասին Aysor.am-ին փոխանցեց Սերժիկ Մոսեսյանը:
Նշենք, որ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանը խոստացել էր «Ալիշանի» և «Գազպրոմ-Արմենիայի» հետ կապված խնդիրը լուծել: Արդնե 6 ամիս է «Գազպրոմ-Արմենիան» անջատել է «Ալիշանի» գազը` պարտքերի պատճառով, Ս. Մոսեսյանը անդրադարձում է, որ ընկերությունը իրենից պահանջում է գումարներ, որոնք «Ալիշանը» չի օգտագործել: Գործարանը գտնվում է Արարատի մարզի Մասիս քաղաքում:
Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Կարեն Ճշմարիտյանը ևս խոստացել է օգնել իրանահայ գործարարին` լուծելու գազի խնդիրը, հակառակ դեպքում՝ Ս. Մոսեսյանը որոշել է հեռանալ Հայաստանից Իրան. Այնտեղ բիզնես ունի, կշարունակի ապրել և աշխատել Իրանում. մի բան, որ չկարողացավ հայրենիքում անել: «Արդեն հոգնել եմ»,- անկեղծորեն խոստովանեց գործարարը:
Ընդհանուր առմամբ, ըստ գործարարի, հարկային դաշտն է մի քիչ բարելավվել, բայց ոչ այնքան, որ գոհ լինի, սակայն փոփոխություն կա:
«Չեմ ասում` գան փող տան, գան` օգնեն, թող ոտիցս չբռնեն, չխանգարեն. Էս երկրում ամեն ինչ պրոբլեմ է»,- դառնացավ իրանահայը:
Օգնելու դեպքում՝ Սերժիկ Մոսեսյանը պատրաստ է մնալ Հայաստանում և շարունակել բիզնեսը, կարևոր է, որ մարդկանց չխաբեն, նաև պնդեց, որ սփյուռքահային ավելի շատ են խաբում. Շատ սփյուռքահայեր չեն դիմացել նման իրավիճակին, հեռացել են Հայաստանից:
Սերժիկ Մոսեսյանը պատրաստ է` թե թանկ, թե էժան վճարել գազի դիմաց, սակայն օգտագործած գազի` ոչ «Գազպրոմ-Արմենիայի» ներկայացրած պահանջների, որոնք ըստ իրանահայ գործարարի` իրականությանը չեն համապատասխանում: «Ես գազի պարտք չունեմ, դեռ ինձ են պարտք` ավելորդ գումար են գանձել»: