Բեռնար Շալանդ. «Պետք է կարողանանք լավ պաշտպանվել»
21/05/2014 20:20

Բեռնար Շալանդ. «Պետք է կարողանանք լավ պաշտպանվել»

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը այսօր Ֆուտբոլի ակադեմիայում անցկացրած առաջին պարապմունքից հետո հանդիպել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:

«Իհարկե, նոր մարզչի համար միշտ էլ կարևոր է շատ հանդիպումներ անցկացնել` ֆուտբոլիստների հնարավորություններին լավ ծանոթանալու համար: Եվ առաջիկայում մենք ստուգողական 3 խաղ ունենք` ընդդեմ Արաբական Միացյալ Էմիրությունների, Ալժիրի ու Գերմանիայի ընտրանիների: ԱՄԷ-ի հավաքականը բավական լավ թիմ է: Ալժիրի ազգային թիմը մասնակցելու է Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը, և այս փաստը լրացուցիչ տեղեկություն է տալիս այդ մրցակցի ուժի մասին: Անշուշտ, աստիճանաբար պետք է բարելավենք խաղը և ընկերական այս հանդիպումների օգնությամբ ձևավորենք հավաքականի կազմը, որը պետք է նախապատրաստվի Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլին»,- նշեց Բեռնար Շալանդը:

Անդրադառնալով այն հարցին, թե որ հավաքականին է ֆավորիտ համարում առաջիկա Մունդիալում, Բեռնար Շալանդը նշեց Բրազիլիայի, Իսպանիայի ու Իտալիայի ազգային թիմերին:

«Կառանձնացնեի նաև Չիլիի հավաքականին, որի կազմում գերազանց ֆուտբոլիստներ են հանդես գալիս»,- ավելացրեց մարզիչը` միաժամանակ չմոռանալով, ժպիտը դեմքին, նշել հարազատ Շվեյցարիայի հավաքականին:

Խոսելով անցկացրած մարզման մասին` Բեռնար Շալանդը հայտարարեց, որ շեշտը դնում է մամլիչ գործողությունների վրա:

«Ինչպես նկատեցիք, ես շեշտը դնում եմ պրեսինգի վրա, և այն պետք է կատարելագործել բոլոր ուղղություններում` պաշտպանությունում, կիսապաշտպանությունում ու հարձակման գծում,- ասաց մեր թիմի գլխավոր մարզիչը:- Այս հավաքին մասնակցող ֆուտբոլիստներին ես եմ ընտրել ու լրաժեք վստահում են նրանց: Բոլորից էլ լավ տպավորություն ստացա: Ի դեպ, ձախ եզրում այնքան էլ շատ խաղացողներ չունենք, ուստի հրավիրել եմ նաև «Բանանցի» ֆուտբոլիստ Գագիկ Դաղբաշյանին, ով իրեն լավ է դրսևորում: Նույնը կարող եմ ասել նաև Ռումյան Հովսեփյանի մասին:

Հաշվի առնելով առաջիկա մրցակիցների ուժը` ասեմ, որ պետք է կարողանանք լավ պաշտպանվել: Եվ ես ունեմ ֆուտբոլիստներ, ովքեր խաղը գերազանց են կառուցում»:

Բեռնար Շալանդ. «Պետք է կարողանանք լավ պաշտպանվել»